ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻ | Պարույր Սևակ

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻ

January 3, 2013 Բանաստեղծություններ

.

____Ինչ որ անում եմ՝
____Կրքով եմ անում,
____Անում եմ թափով,
____Եռանդով ամբողջ՝
____Վատնելով ավյուն,
____Ծախսելով արյուն,-

Անտարբերության թշնամին եմ ես,
Անհա՛շտ-անզիջո՛ւմ-մոլի՜ ոսոխը:

Բայց երբ աշխարհի բյո՜ւր գոտիներից
Աշխարհ է հաշվվում լոկ երկու բևեռ,
Բայց երբ աշխարհի բյո՜ւր երանգներից
Աշխատում են լոկ սևն ու ճերմակը,
Բայց երբ աշխարհի բոլո՜ր բառերից
Երկուսն են խոսում՝ լոկ «ոչ»-ն ու «այո»-ն,
Ջերմաստիճանըս – անզոր զայրույթից –
Հասնում է նույնիսկ քառասունմեկի,
Ցավըս դառնում է կեղեքիչ մրմուռ,
Ու ես՝ թշնամի՛ս անտարբերության,
Անտարբերության ոսո՛խըս մոլի,
____երևակայե՜ք,
Գերադասում եմ… մնալ ձեռնըպահ:

Սակայն այնպե՜ս եմ մնում ձեռընպահ,
Որ պերճախոս է «չէ»-ից ու «հա»-ից…

[1959թ.]

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>