ԱՇԽԱՐՀԻ ԳԱՐՈՒՆԸ | Պարույր Սևակ

ԱՇԽԱՐՀԻ ԳԱՐՈՒՆԸ

January 1, 2013 Բանաստեղծություններ

.

Մայիս է: Գարնան պես բացվել են սրտերը:
Թվում է՝ ամեն տեղ գարուն է:
Թվում է՝ ամեն տեղ անցել են ցրտերը,
Չի թափվում աշխարհում արյուն էլ:

Բայց ահա թերթերը,
Բայց ահա եթերը…
Ինչ-որ տեղ նորից սառնամանիք է,
Ինչ-որ տեղ նորից մոլեգին հրդեհը
Լիզում է բամբուկե տների տանիքը:

Ինչ-որ տեղ՝ արկերի շառաչից թնդում է,
Ծվատվում հողի փառահեղ հանգիստը:
Ինչ-որ տեղ՝ պոետը մթամած բանտում է,
Լրտեսը արքա է,
____Խելառը՝ մինի՛ստր:

Գալարվում է ցավից Ատլանտյան օվկիանը,
Խաղաղից՝
____մնացել է անունը…
Եթերից,
____թերթերից
________ցուրտ փչի որքան էլ՝
Բացվել է աշխարհի գարունը:
Բացվել է գարունը և մարդկանց սրտերը.
Իրենն է անում բնությունը:
Եվ եթե ինչ-որ տեղ մնում են ցրտերը,
Այդ ոչ թե հերքում է, այլ հաստատում է
Գարնան
____վերջնական
________հաղթությունը:

[1946թ.]

 

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>