ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՈՒՐՎԱՆԿԱՐ | Պարույր Սևակ

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՈՒՐՎԱՆԿԱՐ

January 1, 2013 Բանաստեղծություններ

.

Գարո՜ւն է գալիս,
Գարո՜ւն է գալիս…
Ուզո՞ւմ եք՝
____հանեմ
Մայթերի վրա
Թանկ գին պահանջող
Մի փունջ մանուշակ:

Ուզո՞ւմ եք՝
____հիշեմ
Ծիծեռնակներին
Ու կոչեմ նրանց
Գարնան հին գուշակ:

Ուզո՞ւմ եք՝
____բերեմ
Մի տաքուկ քամի,
Որ վերջին պաղ ձյան
Հոգին էլ հանի,

Ու հետն էլ փռեմ
Մայթերի վրա
Գարուն ավետող
Առաջին փոշին:

Իսկ ես տեսնում եմ,
Որ աղբամանից
Քիթն է դուրս հանել
Մի կրկնակոշիկ –

Կողքերին՝ չոր ցեխ,
Իսկ քիթը՝ դեռ թաց,
Ասես արցունքոտ,
Ցաված ու տրտում,

Որ երախտամոռ
Մի մարդ արարած
Չի՜ էլ սպասել
Գեթ հասնի իր տուն.

Նրան լքելու
Նոր տեղ է գտել՝
Հանել փողոցում,
Այստեղ է նետել:

Եվ աղբամանից
Քիթը դուրս հանած՝
Նա միտք է անում
Եվ անձայն լալիս…

Ասֆալտով պատված
Հսկա քաղաքով –
Արդ հավատացի՞ք –
Գարունն է գալիս:

Գարունն է քայլում՝
Հանելով փոշի,
Գարունն է քայլում՝
Անկրկնակոշիկ…

02.III.1959թ. Մոսկվա

 

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>