ԽԵՆԹԸ | Պարույր Սևակ

ԽԵՆԹԸ

January 8, 2013 Բանաստեղծություններ

.

Ես նայում եմ իմ ձեռքերին,
Ա՛յնպես նայում,
Որ դիտողը ինձ կարող է խենթ համարել:
Նայո՜ւմ-նայո՜ւմ,
Շուռ ու մուռ եմ տալիս այնպե՛ս,
Քարկըտիկ եմ կարծես խաղում առանց քարի:
Ու նրանց հետ խոսում եմ ես
(Նաև խոսո՜ւմ)
Եվ համարյա նույն լրջությամբ,
Ինչպես Համլետ արքայազնը՝ լերկ գանգի հետ,
Որովհետև… այս ձեռքե՜րը,
Միայն սրա՛նք,
Սրա՜նք պիտի լոկ վկայեն,
Թե եղե՞լ ես դու իմ կյանքում,
Ունեցե՞լ եմ երբևէ քեզ,
Զգացե՞լ եմ քեզ՝ համի պես,
Ապրե՞լ եմ քեզ՝ ցավի նման:
Այս ձեռքե՜րը,
Միայն սրա՛նք,
Սրա՜նք պիտի լոկ վկայեն,
Որովհետև…
Ինձ եղածը մտապատրանք է լոկ թվում,
Կարդացած վե՜պ,
Ուրիշ մեկի պատմած երա՜զ:
Ու չեմ հիշում մինչև անգամ քո դեմքը ես
Տանջում եմ ինձ,
Չեմ ներում ինձ,
Ատում եմ ինձ,
Բայց… չե՜մ հիշում դեմքըդ անգամ:

Միայն սիրված ու համբուրված աչքերը քո,
Ասես քեզնից ընդմիշտ պոկված,
Ուր նայում եմ՝ ինձ են նայում,
Ուր թեքվում եմ՝ գտնում են ինձ,
Այն Բախտի պես,
Որ դիցապաշտ հին հույներին
Հետևում էր ամբողջ կյանքում…

Անգամ դեմքդ չեմ հիշում ես…
Ու թե հիշեն՝
Միա՛յն սրանք,
Լոկ ձեռքե՜րըս պիտի հիշեն
Ու վկայեն, որ դու կայի՛ր,
Որ դու եղա՛ր:
Իրո՜ք եղար:
Միայն սրա՛նք պիտի հիշեն
Քո ձևե՛րը,
Մա՛շկը,
Հո՛տը,
Սարսո՛ւռը,-
Քեզ՝ ամբողջովի՜ն…

Ու չնայե՞մ իմ ձեռքերին
Ու չնայե՞մ այնպե՛ս, այնքա՛ն,
Որ դիտողը ինձ կարծի… խենթ:

Ու թե կարծի՝ կսխալվի՞…

11.III.1964թ. Դիլիջան

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>