ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱՆ-ԲԱՑԱԿԱՆ | Պարույր Սևակ

ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱՆ-ԲԱՑԱԿԱՆ

January 7, 2013 Բանաստեղծություններ

.

Աչքեր ունի նեղ-երկարուկ,
Ասես լինեն կորիզ հոնի,
Ունի հայացք մի հեռախույս,
Նման մթին հորիզոնի:

Տիրուհի՞ է – տիրուհի չէ:
Սիրուհի՞ է – սիրուհի չէ:
Քո՞ւյր է – քույր չէ:
Կո՞ւյր է – կույր չէ:
(Երբ որ պետք է՝ կնկատի,
Երբ որ պետք չէ՝ չի նկատի)…

Անպարտադիր և անհրաժեշտ,
Հավերժ ներկա և բացակա՝
Թե «սեր» ասես՝ խնդրում է շեշտ,
Թե ասես «կին»՝ վեհ ածական:

Եվ էակ չէ վերացական,
Այլ կենդանի՜, միս-ոսկորո՜վ:

Իսկ անո՞ւնը: Ասեք Խոնարհ,
Ասեք Շնորհ, ասեք Գորով:

Եվ մի՛ հարցըրեք, ումն է նա.
Այս մեկը թող գաղտնիք մնա…

14.XI.1963թ. Երևան

 

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>