ՁԻԹԱՊՏՂԻ ԾԱՌԸ | Պարույր Սևակ

ՁԻԹԱՊՏՂԻ ԾԱՌԸ

January 8, 2013 Բանաստեղծություններ

.

-Ուրեմըն չե՞ս գալիս,-
Իմ իսկ տված հարցին
Ինքս եմ պատասխանում խոցված հպարտությամբ.
-Ի՛նքըդ գիտես…

Իսկ դու
Ինքդ էլ գիտե՞ս արդյոք, որ խուսափման ուղին
Կյանքում գուցե կարճն է ճամփաներից բոլոր
Եվ նույն տեղն է բերում արագորե՜ն, նորե՛ն:
Ուրեմն էլ ինչո՞ւ ես զուր խուսափել ջանում:

Մոռացե՞լ ես գուցե:
Բայց դու գիտե՛ս հաստատ,
Որ ես մոռացության բոլոր օրենքներից
Մեկն եմ լոկ ընդունում՝
Ա՛յն, որ սահմանել է հպարտությունն ինքը,
Երբ խոցել են սրան՝ գազանի պես:
Իսկ ես… ու քեզ խոցե՞լ ինչ-որ բանով:

Եվ մի՞թե չես տեսնում դու իմ քնքշությունը
Եվ իմ մեղմությունը դեռ չե՞ս զգում միթե:

Ա՜խ այս քնքշությունը, որ ինձ կապոտել է,
Ինչպես Գուլիվերին՝ թզուկները…
Ա՜խ այս մրրկանման մեղմությունը,
Որով պաշարված եմ և օղակված այնպես,
Ինչպես մայրցամաքը՝ օվկիանոսով:
Ա՜խ այս «ախ»-ը նաև,
Որ կպել է լեզվիս
Անոթության ծնած փառի նման,
Եվ ինձ կպատճառեր սրտախառնուք, անշո՛ւշտ,
Թե չլիներ համիդ նշխար-մնացորդը,
Որով փաթաթվում եմ ես սրբորե՜ն, նորե՛ն՝
Առանց հաղորդություն սպասելու հույսի:
Թե չլինե՜ր համիդ նշխար-մնացորդը…

Իսկ դու գիտե՞ս արդյոք, որ դո՛ւ բնավ դո՜ւ չես.
(Ո՛չ զարմացած նայիր, ո՛չ ծիծաղիր):
Հաստա՛տ գիտեմ, որ դու դարեր առաջ
Ձիթապտղի նազուն ծառ ես եղել,
Հետո (ի՞նչ իմանամ, թե քանի՜ դար հետո)
Երկրորդ անգամ կրկին աշխարհ գալիս
Կին ես դարձել արդեն…
Գիտե՛մ, հաստա՜տ գիտեմ,
Թե չէ այդ ինչի՞ց է, որ քո շրթունքները
Հասուն ձիթապտղի համ են տալիս…

Հիմա ի՞նչ ես ասում. դու չե՞ս գալիս:
Ի՜նչ է, կամենում ես, որ ես մեռնեմ
Մի անպտո՛ւղ ծառի դանդա՜ղ մահո՞վ՝
Երկա՜ր հոգեվարքիս ողջ ընթացքում
Անվերջ երազելով ձիթապտղի մի ծառ՝
Հեռո՜ւ-հեռո՜ւ ինձնից,
Քո՛ չափ հեռու…

17.III.1964թ. Դիլիջան

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>