ՈՒ ԵԹԵ ՀԱՅՐ ԵՄ… | Պարույր Սևակ

ՈՒ ԵԹԵ ՀԱՅՐ ԵՄ…

January 3, 2013 Բանաստեղծություններ

.

Ու եթե հայր եմ ամենից առաջ,
Ինչպե՞ս չխոսեմ զավակներիս հետ,
____Նրա՛նց հետ,
____Ովքեր եկել են արդեն,
____Առավել՝ նրա՛նց,
____Ովքեր պիտի գան:

____Հոգնած խրատից,
____Քարոզից զզված՝
Ես հարգալից եմ նայում կտակին,
Թերևս – ո՜վ գիտի – լոկ այն պատճառով,
Որ դա արվում է կյանքում մե՛կ անգամ,
____Ինչպես ես՝ հիմա:

Եվ այն, ինչ որ ես ուզում եմ ասել,
____Գիտեմ շա՜տ վաղուց,
____Եվ այնքա՛ն վաղուց,
Ինչքան շաբաթվա օրերը գիտեմ
Կամ ամիսների անունը:
____________Սակայն
Այսօր եմ ուզում և պիտի ասեմ,
Քանզի հույս ունեմ, թե այսօր դուք ինձ
Կարող եք լսել թեկուզ և այնպես,
Ինչպես լսում են անձրևի ձայնը,
____Քամու հռինդը,
____Աղմուկն անտառի –
____Ուզած թե չուզած,
____Կամա-ակամա…

19.XII.1959թ. Թիֆլիս

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>