ՍՊԱՍԵԼՈՎ ԿԵՍՕՐՎԱ ՀՐԱՄԱՆԻՆ | Պարույր Սևակ

ՍՊԱՍԵԼՈՎ ԿԵՍՕՐՎԱ ՀՐԱՄԱՆԻՆ

January 10, 2013 Բանաստեղծություններ

.

Արթնացավ քամին,
Եվ դեռ անսաղարթ ողջ անտառով մեկ
Վլվլուկն ընկավ:

Ծանոթ լեռները հիմա թվում են
Մինչջրհեղեղյան-այժըմ չքացած մեծ խլուրդների
Մթին աշխատանք:

Հորդորակ առուն այդ է հաստատում՝
Թութակի նման նույնը կրկնելով:

Նիհարիկ մի մուժ
Սուտ վկայություն տալու փորձ անում
Եվ արտաքսվում է անտառից անդին:

Հետապնդվելով
Մի շատ կարևոր-կարեվեր խոսքից՝
Միտքըս խրվում է
Դիմացի լանջի մացառուտի մեջ,
Եվ… գրիչն այստեղ՝
Այս ճերմակ թղթին,
Իր սև ինքնահոս արյունն է հեղում…

Մի քանի ժամ է միայն մնացել,
Որ գա կեսօրը
Եվ բանտապետի դժգոհ կոպտությամբ
Ասի. «Ազատ ես»,
Ու ես էլ ահա
Աճապարելուց նույնիսկ մոռացած
«Շնորհակալ եմ» կամ «մնաք բարև» գեթ մրմնջալու,
Պիտի ինձ նետեմ
Անկուշտ երախը մեծ ճանապարհի,
Որ պատահական ինչ-որ մեքենա
Իր անիվներին
Կծկելով կծկի կիլոմետրերը,
Եվ… սրտապատառ մի ուրախությամբ
Ձեր տանը զնգա ձեր հեռախոսը:

Դու մի՛ շփոթվիր խոսափողի մեջ.
Իմ շփոթմունքն էլ մեզ բավական է:
Դու ընդամենը ասա «գալիս եմ»,
Թե չէ մեր լեզուն
Ինչո՞վ է ախար խեղճը պարտական
Եվ ինչո՞վ է նա պատասխանատու
Մեր սրտի՛ առաջ՝
Այս ընկնավորի և ջղագարի,
Որ թպրտում է՝
Մինչևիսկ հագած հեռախոսային զսպաշապիկը…

Բայց… առավոտը դեռ նոր է բացվել,
Դեռ ո՜ւր է որ գա մռայլ կեսօրը
Եվ բանտապետի դժգոհ կոպտությամբ
Գոռա. «Ազատ ես»:

Առայժմ դու ես, այդ դու ես ազատ
Ձեր հեռախոսի քմահաճույքից.
Թող նա համրանա՛ մինչև երեկո:
Թող նա համրանա՜, որ դու չտանջվես.

Իմ այս տանջանքն էլ մեզ բավական է…

27.III.1964թ. Դիլիջան

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>