ՏԱԿՄԱՇ ԿՐԿՆԱԿՈՇԻԿ | Պարույր Սևակ

ՏԱԿՄԱՇ ԿՐԿՆԱԿՈՇԻԿ

January 10, 2013 Բանաստեղծություններ

.

Ելման ջրերն իրենց փրփուր-սապնաջրով
Աշխատում են մի կերպ մաքրել ու լվանալ
Քարաքոսոտ-չեչոտ ժայռերն իրենց ափի.
Սակայն…
(Սևին ի՞նչ կարող է սապոնն անել)…
Նո՛ւյնն են մնում,
Էլի՜ նույնը.
Չի՛ փոփոխվում նրանց գույնը:

…Էլի՜ նույնը… Էլի՜ նույնը…

Հսկայական կապույտ աչքի դեղին բիբը,
Որ հայտնի է Արև անվամբ,
Հողի խորքերն է ներխուժում
Եվ հասնելով
Հավերժական սառածության անառ շերտին՝
Ընկրկում է ջղայնացած
Ու նահանջի ճանապարհին
Մինչև անգամ թուփ ու ծառին
Վարակում է ծաղիկ կոչված հիվանդությամբ.
Բողբոջներից ծաղկատար են դառնում նրանք:

…Ծաղկատար են դառնում արդյոք միայն նրա՞նք…

Ես՝ ակամա-անմեղ վկաս այս ամենի,
Մի կարևոր՝ ինձ թարգմանող խոսք եմ փնտրում:
Բայց խոսքերը կարծես լինեն
Վաղուց մաշված կրկնակոշիկ.
Սայթաքում են անվերջ նրանք
Եվ ինձ անվերջ գետնով տալիս:
…Անվերջ… գետնո՛վ, գետնո՜վ տալիս…

Միշտ ընկնելուց ու ելնելուց
Տնքտնքում են իմ կողերը,
Իմ ողերը
Եվ իմ լեզուն,
Ցավում այնպե՛ս,
Որ պարզապես լացս է գալիս:
Եվ լալու պես թնգթնգում եմ մի խոսք մաշված,
Նույնիսկ տակմաշ կրկնակոշիկից շատ ավելի
Մաշված մի խոսք,
Որ լսողին, քեզնից բացի,
Պիտի թվա ծիծաղելի:

…Ծիծաղելի՜… ծիծաղելի՜…

Ես լալու պես թնգթնգում եմ.
«Սիրում եմ քեզ»…
Ու կրկնում եմ երե՛ք անգամ
Եվ չո՛րս անգամ.
Թո՜ղ ծիծաղեն երե՛ք ձայնով
Ու չո՛րս ձայնով…

Թող ծիծաղե՜ն,
Թող ծիծաղե՜ն,
Որ… կտրվի թնգթնգո՛ցըս,
Լա՛ցըս չգա… լացը՜ս չգա…

22.III.1964թ. Դիլիջան

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>