ԲԱԼԼԱԴ ԼՈՒՅՍԻ ՄԱՍԻՆ | Պարույր Սևակ

ԲԱԼԼԱԴ ԼՈՒՅՍԻ ՄԱՍԻՆ

January 24, 2013 Բանաստեղծություններ

uadreamsscams.blogspot.com . Самая подробная информация home improvement на нашем сайте. .

Իրիկունը մոսկովյան թանձրանում է ահա, տե՛ս:
Հյուսիսային օրը կարճ աղոտանում է, մարում:
Եվ ինչ-որ մի կախարդ ձեռք և՛ աննկատ, և՛ անտես
Այս վիթխարի քաղաքի բոլոր լույսերն է վառում:
Լույս է շուրջըդ ամենուր՝ փողոցներո՛ւմ, տներո՛ւմ,
Լույս է վերում՝ շենքերի ճակատների՛ն, կատարի՛ն,
Երկինք միտվող տների մարմարակերտ պատերին,
Լույս է անգամ գետնի տակ՝ մարմարակերտ թունելում:
Ու թվում է, թե անգամ անբավ ձյունը հյուսիսի
Ինչ-որ ձևով խտացած անհուն պաշար է լույսի…

*
Կարող էինք մենք անգամ չհավատալ այս փաստին,
Թե չլիներ մեր ձեռքին ահա գիրքն այս հավաստի:

Քսանմեկ թի՛վ:
Դեկտեմբե՛ր:
Մերձմոսկովյան իրիկո՛ւն:
Վլադիմիր Իլյիչը աշխատում է սենյակում:
Գորկան լռել է ցրտից:
Շուրջը լուռ է ու խավար:
Շրջապատում Իլյիչի համեստ լույսն է միայն վառ:

Աշխատում է Իլյիչը խորասուզված ու տարված:
Հանկարծ շշուկ ու թակոց:
-Խնդրե՛մ, մտե՜ք:
-Ներեցե՛ք…
Երկու մուժիկ՝ դռներում:
-Խնդրե՛մ, խնդրե՛մ, համեցե՜ք:
Երևում է, թե որքան շփոթված են գյուղացիք.
-Խանգարեցինք…
Բայց բարի այս ժպի՜տը Իլյիչի,
Որ ընդհատում է նրանց «ներողությունը» իսկույն:
Պավլովսկոյե գյուղի պատվիրակներն են երկու:
Վաղը հավաք կա այնտեղ: Շատ է ուզում գյուղացին
Ականջ դնել մի անգամ Վլադիմիր Իլյիչին:
Իսկ Իլյի՜չը: Նա նույնիսկ մի վայրկյան չի հապաղում.
-Խնդրե՛մ: Բայց ե՞րբ: Ի՞նչ, վաղը ցերեկո՞վ եք մտադիր…
Բթամատերն Իլյիչի թևքերի մեջ ժիլետի
Ուշանում են մի՛ վայրկյան, երկո՛ւ վայրկյան, տասներկո՛ւ:
Վլադիմիր Իլյիչը լուռ քայլում է սենյակում:
Դուք չե՞ք տեսնում՝ ակնհայտ վատ է զգում ձեր առաջ
Ինքը Լենինը ահա. նա չի՜ կարող, ի՞նչ արած:
-Երեկոյան հավաքվենք, ինչո՞վ է վատ: Գեղեցի՞կ:
Իլյիչի դեմ այս անգամ վատ են զգում գյուղացիք:
Ինչպե՞ս ասեն: Բայց, ասենք, ինչո՞ւ չասել, հը՞, ինչի՞:
Չի կարելի՝ օտարին, կարելի է Իլյիչին:
-Երեկոյան ավելի լավ կլիներ, խոսք չկա,
Բայց…

-Էլ ի՞նչ «բայց»:
-Բայց գյուղում լո՜ւյս չես ճարի:
-Նավթ չկա…
Հիմա արդեն այս փաստին շատ դժվար է հավատալ,
Թեպետ կարող ես սևով ճերմակ թղթին դու կարդալ:
…Բթամատերն Իլյիչի բաճկոնակն են քրքըրում:
Վլադիմիր Իլյիչը, խորասուզված մտքերում,
Մտածո՜ւմ է, մտածո՛ւմ, հետո գրում մի բացիկ,
Որ… ինչ-որ տեղ մի լիտըր նավթ ստանան գյուղացիք…
Ու հավաքն է կայանում:
Այնտեղ Իլյիչն է խոսում,
Ի՞նչ է խոսում,- այդ մասին գիրքն այս ոչինչ չի ասում:
Բայց ո՞վ մեզնից չգիտի, թե մեր ձեռքը չհասած
Իր ելույթում Իլյիչը այն հավաքում ի՛նչ ասաց:
Կսխալվե՞մ միթե ես, եթե ասեմ. ցերեկով
Նա չգնաց հավաքի ու նախընտրեց երեկոն,
Որովհետև ԳՈԷԼՌՈ-ն սպասում էր Իլյիչին,
Սպասում էր Իլյիչի լույսեր ծնող գրիչին…

*
Զարմանալի բան չկա, որ Պավլովկան ու Գորկան,
Որ ձեզանից, մոսկովցի՛ք, շատ էլ հեռու չեն այնքան,
Այսօր իրենց լույսերով խառնըվում են Մոսկվա[/b]յին:
Սակայն գյո՜ւղն իմ հայրենի…
Զուր քարտեզին մի՛ նայիր:
Ոչ մի քարտեզ չի կարող նրա մասին այն ասել,
Ինչ հեռավոր այդ գյուղում ես եմ ապրել ու տեսել:
Բայց դա նյութ է պոեմի…
Այսքանն ասեմ այս անգամ.
Այդ հեռավո՜ր-հեռավո՜ր իմ գյուղակում հայկական
Օրեր առաջ, երբ նորից տարեդարձն էր Իլյիչի,
Մի պահ հուզված նայելով հսկայական դահլիճին՝
Դասընկերն իմ երբեմնի (նա էր այդօր զեկուցում)
Էլեկտրական լույսերից իր աչքերը կկոցում
Ու չէր պատմում այն մասին, որ և իրենց կոլխոզում
Տներից կալ և աղաց լույսի հեղեղ է հոսում:
Ինչո՞ւ պատմել այն մասին, ինչ տեսնում ես, ինչ որ կա
Ու հայտնի է բոլորին զեկուցողից ոչ պակաս…
Եվ ինչպես ես՝ երգն իմ այս, նա իր խոսքը տարածում,
Այս նույն փաստի վրա է զեկուցումն իր կառուցում՝
Եղելություն է պատմում, որ նման է բալլադի –
Անիրակա՜ն է այնքան, այնքա՜ն հեռու հավատից:
Նա պատմում է պարզապես, ոչի՜նչ նա չի հավելում,
Եզրակացնել, ամփոփել ավելորդ է համարում:

Ինչ ավելորդ է թվում զեկուցման մեջ հարակից՝
Բանաստեղծի երգի մեջ ավելորդ է կրկնակի:

09.I.1953թ. Մոսկվա

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>