Բանաստեղծություններ | Պարույր Սևակ - Part 21

Category Բանաստեղծություններ

ԻՆՁ Ո՞Վ է ԱՐԴՅՈՔ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ

January 2, 2013 Բանաստեղծություններ

Ինձ ո՞վ է արդյոք հովանավորում,
____Ո՞րն է իմ աստղը,-
____Շատ եմ միտք արել:

____Հավանական է՝
____Այն Սիրիուսը,
____Որ տիեզերքում
Տեղաշարժվում է ծուռ ու մուռ ծիրով,
____Ոլո՜ր ու մոլո՜ր,
Սակայն մնում է միշտ հավատարիմ
____Իր անցած ճամփին.
____Նույնն է կրկընում…

19.XII.1959թ. Թիֆլիս

Կարդալ ամբողջությամբ

ԵՐԿՈՒ ՍԻՐՈ ԱՐԱՆՔՈՒՄ

January 2, 2013 Բանաստեղծություններ

Մի անինքնասեր տգեղ կնոջ պես
Սիրահարվել է ինձ տխրությունը,
____Որին չեմ սիրում,
____Եվ այդ պատճառով
Նա իր հագուստն ու անունն է փոխում –
____Մերթ՝ կոչվում թախիծ,
____Մերթ՝ կարոտ,
____Մերթ՝ վիշտ,
Ցավ կամ տրտմություն:
____Հետապնդում է
____Ու չի հասկանում,
Որ մենք չենք սիրում հետապնդողին,
Որ մենք սիրում ենք ու գերվում նրան,
____Ում դուր չենք գալիս:
____Ես էլ իմ հերթին
____Իմ ամբողջ կյանքում
____Հետապնդում եմ ուրիշին՝
________Նրա՛ն,
____Որ նույնպես, դիտմամբ,
____Անունն է փոխում –
____Այն հույսով գուցե,
____Թե մոլորվելով՝
____Հետքն իր կըկորցնեմ –
Մեկ խնդություն է անվանում իրեն,
____Մեկ՝ ուրախություն,
____Կայտառություն է
____Կամ պայծառություն:
____Հետապնդում եմ
____Ու չե՜մ դադարի,
____Մինչև նա, անո՛ւժ,
____Մինչև նա, տրվա՛ծ,
____Ինձ չասի.
____«Քոնն եմ»:

____Վկան՝
____Ա՛յն կանայք,
Որոնց ոչ անունն ու ոչ էլ հասցեն
____Նշել չեմ կարող…

19.XII.1959թ. Թիֆլիս

Կարդալ ամբողջությամբ

ՊԱՏՐԱՆՔ

January 2, 2013 Բանաստեղծություններ

Ուտելուց առաջ նայում եմ մի պահ
(Խորհուրդ եմ տալիս, որ դու էլ նայես).

Մեջտեղից կիսված խնձորի վրա,
Ինչպես որ Երկրի կիսագընդերին,
Լեռնաշղթանե՛ր կան յուրատեսակ,
Քարափնե՜ր ու վի՛հ,
Ծովե՜ր ու ծոցե՛ր
Եվ, դժբախտաբար, սահմանագըծե՜ր…

14.X.1959թ. Չանախչի

Կարդալ ամբողջությամբ

ՀՈՂԸ ՀԱՅԵԼԻ

January 2, 2013 Բանաստեղծություններ

Ձեզ հող թվացող այս հողը համայն
Կարծես ինձ համար
Դարձել է հիմա
Ամալգամից զուրկ – նո՛ր մի հայելի,
Որին նայելիս
Տեսնում եմ այնտեղ
Գլխիվայր շրջված – շուռ եկած անտառ –
Եվ ամեն մի ծառ
Մի ծառ չէ կարծես,
Այլ ծառ է երկո՜ւ.
Ծառ կոչված մի գունդ հողին է բազմած,
Իսկ արմատների կազմած այլ մի գունդ՝
Հողի մեջ սուզված –
Նույնքա՛ն ճյուղավոր,
Որքան ճյուղ ունի նույն ինքը ծառը…

Ու պարզ է թվում ամեն ինչ հիմա:
Մի՛ հարց է, որ դեռ պարզ չէ ինձ համար.
-Այս արմատնե՞րն են
Խոտ ու ծառերի անդրադարձումը,
Թե՞ արմատների անդրադարձումն են
Խոտ ու ծառերը…

01.V.1959թ. Մոսկվա

 

Կարդալ ամբողջությամբ

ՉՀԱԼՎՈՂ ԿԱՐԿՈՒՏ

January 2, 2013 Բանաստեղծություններ

Շոգ է այնպե՛ս,
Եվ այնպես տա՜ք,
Այնպե՛ս,
Կարծես
Կանաչ գույնի
Հուր է ծփում
Ոտներիդ տակ:

Արև: Կեսօր:
Տապ ահարկու:
Եվ թփի տակ՝
Մի բուռ կարկուտ,
Որ չի հալվում,
Թեպետ անգութ
Արև է, տաք,
Տոթ ահարկու:

Արևկող են իրենց տվել
Ճերմա՜կ-ճերմա՜կ մի բուռ ձվեր:

Ու երբ պետք է՝
Սարյակի տեղ
Նրանց վրա նստում է թուխս
Բարի թփի ստվերը թուխ…

24.IV.1959թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ԵՐԳՈՂ ՆՅՈՒԹԸ

January 2, 2013 Բանաստեղծություններ

Եվ ի՞նչ ես դու:
Զարմանալի՜ երևույթ ես…

Երբ չես երգում՝
Եթե անգամ
Մարմարակերտ սյուն ու մույթ ես՝
Ուսիդ չկա
Կամա՛ր, ճակա՛տ.
Փլատակված սարավույթ ես:

Զարմանալի՜ երևույթ ես:

Երբ չես երգում՝
Լոկ շնչելու,
Կամ մնջելու,
Լոկ տանջվելու,
Կամ տանջելու,
Սովորական սովորույթ ես:

Հե՛նց երգեցիր՝
Նույնն ես կարծես,
Բայցևայնպես տեղն ու տեղը
Մի՛շտ նորույթ ես:

Երբ չես երգում՝
Ոտեր առած մի ձանձրույթ ես,
Միս-ոսկորի քայլող կույտ ես,
Եվ ո՛չ խեժ ես,
Ո՛չ ավիշ ես.
Քո իսկ հոգուն կպած ձյութ ես:
Հե՛նց երգեցիր՝
Դու ուրի՜շ ես.
Միանգամից գեղեցկացած,
Ո՛չ թե մարդ ես,
Այլ կախա՜րդ ես,
Մո՛գ ես,
Դյո՛ւթ ես:

Հենց երգեցիր՝
Ասեն-չասեն,
Ուզեն-չուզեն՝
Թո՛ղ որ փոքըր,
Բայցևայնպես դարձյալ գյուտ ես…

Դու պարզապես… երգող նյութ ես,
Երգող նյութ ես…

24.IV.1959թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԹԵ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

January 2, 2013 Բանաստեղծություններ

Ծառե՜ր ու ծառե՜ր –
Ծառե՛ր հնացած,
Ծառե՛ր նորացած,
Նորակա՛զմ ծառեր,-

Եվ հողն է թվում
Քիչ առաջ հանգած հսկա վառարան:

Ով մանկությունից
Հազվագյուտ խոսքի որսորդ է դարձել,
Հիմա՝
Անտառում անխոս ման գալիս,
Մի՞թե մի վայրկյան չի կարող կարծել,
Թե շուռ է տալիս
Մի յուրատեսակ հսկա բառարան:

Բառեր ու բառեր –
Բառեր հնացած,
Բառեր նորացած,
Նորակազմ բառեր…

29.IV.1959թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

Անտա՞ռն է արդյոք Իմ կրծքով շնչում

January 2, 2013 Բանաստեղծություններ

Անտա՞ռն է արդյոք
Իմ կրծքով շնչում,
Թե՞ ես եմ կորչում
Անտառի շնչում,
Անտառի շնչում
Ամենածավա՜լ:

Սակայն այս հարցով
Ես ինձ չեմ տանջում:
Եվ արժե՞ միթե,
Երբ գիտեմ, որ ես
Կարող եմ հիմա
Կոճղի պես լռել,
Քամու պես հևալ,
Ծտի պես ծվալ,
Թփերի նման
Մեղմիկ սվսվալ.
Անտառի նման՝
Շաչե՛լ,
Շառաչե՜լ,
Անտառի նման՝
Տնքա՛լ, հառաչե՜լ.
Անտառի նման՝
Ահեղ բարկանա՜լ.
Ու թե մերկանա՛լ՝
Տերևաթափից –
Անտառի նման
Երբեք չամաչել…

23.IV.1959թ.

 

Կարդալ ամբողջությամբ

Մինչև անգամ մեր ձկները

January 2, 2013 Բանաստեղծություններ

Մինչև անգամ մեր ձկները՝
Մեր սևանյան կարմրախա՛յտը,
Մեր իշխա՛նը,
Մեր բախտա՛կը,
Կաթիլներն են կրում կարծես
Մեր դարավոր առատ արյան,
Որ հեղվել է,
Հեղեղվել է
Ու ներծծվել Հայոց երկրում:
Եվ մեր ջուրը բազմադարյան,
Որ դարավոր մեր խղճի պես
Անապակ է
Ու հստակ է,
Այդ բծերը լվանո՛ւմ է,
Լվանո՜ւմ է
Ու… չի մաքրում:

19.IV.1959թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՀԱՅԱՍՏԱՆ

January 2, 2013 Բանաստեղծություններ

Այստեղ ամե՜ն ինչ ներկված է այնպես
Վառվըռո՛ւն, ներհա՛կ ու թա՜վ գույներով.
Ասես պարզունակ նկար է մանկան:

Սակայն,
Աստվա՜ծ իմ,
Նո՛ւյն այդ աշխարհում
Որքա՜ն բարդություն ու խրթին բան կա…

18.IV.1959թ.

Կարդալ ամբողջությամբ