ԵՐԳՈՂ ՆՅՈՒԹԸ | Պարույր Սևակ

ԵՐԳՈՂ ՆՅՈՒԹԸ

January 2, 2013 Բանաստեղծություններ

.

Եվ ի՞նչ ես դու:
Զարմանալի՜ երևույթ ես…

Երբ չես երգում՝
Եթե անգամ
Մարմարակերտ սյուն ու մույթ ես՝
Ուսիդ չկա
Կամա՛ր, ճակա՛տ.
Փլատակված սարավույթ ես:

Զարմանալի՜ երևույթ ես:

Երբ չես երգում՝
Լոկ շնչելու,
Կամ մնջելու,
Լոկ տանջվելու,
Կամ տանջելու,
Սովորական սովորույթ ես:

Հե՛նց երգեցիր՝
Նույնն ես կարծես,
Բայցևայնպես տեղն ու տեղը
Մի՛շտ նորույթ ես:

Երբ չես երգում՝
Ոտեր առած մի ձանձրույթ ես,
Միս-ոսկորի քայլող կույտ ես,
Եվ ո՛չ խեժ ես,
Ո՛չ ավիշ ես.
Քո իսկ հոգուն կպած ձյութ ես:
Հե՛նց երգեցիր՝
Դու ուրի՜շ ես.
Միանգամից գեղեցկացած,
Ո՛չ թե մարդ ես,
Այլ կախա՜րդ ես,
Մո՛գ ես,
Դյո՛ւթ ես:

Հենց երգեցիր՝
Ասեն-չասեն,
Ուզեն-չուզեն՝
Թո՛ղ որ փոքըր,
Բայցևայնպես դարձյալ գյուտ ես…

Դու պարզապես… երգող նյութ ես,
Երգող նյութ ես…

24.IV.1959թ. Մոսկվա

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>