ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ | Պարույր Սևակ

ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ

January 29, 2013 Բանաստեղծություններ

.

Այնտեղ սողում է բիլ շամանդաղը
Ու կիսով ծածկում ցից Յամանդաղը:

Արաքսը անցած վայրի հովազը
Թաթնահարում է խաղողի վազը:

Քամին անտառի մազերն է գզում,
Կիրճերում ոռնում, փչակում հազում:

Լեռնային գետը թռչում է տեղից՝
Կարծես իր անտես որսի ետևից:

Իսկ մարդը… Մարդը քար ու քարափում
Բովանդակ տարին քրտինք է թափում,

Որ զուր չկորչի և ոչ մի պուտ ջուր,-
Պուտ-պուտ շոր հագնի աղջիկն իր պուճուր.

Եվ ոչ մի հատիկ չմնա դաշտում,
Որ հաց ունենա իր տղան տաշտում.

Եվ ոչ մի ողկույզ չմնա այգում,
Որ մայրն ունենա տաքուկ վերարկու:

Որ ընդունիչը ձմեռվա ցրտում
Դրվատի վաստակն ու ջանքը մարդու

Եվ, բացի խինդից ու առատ բերքից,
Մեմ-մեկ էլ մարդու… հոգսերից երգի…

15.VIII.1956թ. Չանախչի

Պիտակներ:  

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>