ՆԱՄԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ | Պարույր Սևակ

ՆԱՄԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ

January 16, 2013 Բանաստեղծություններ

.

Դու ի՞նչ ես ուզում:
Դու շա՜տ բան կուզես,
Բայց ես որտեղի՞ց քո ուզածը տամ:

Չե՛ս ուզում արև մի քառակուսի
Ու եռանկյունի մի լուսին, գիտե՛մ:

Դու ապառնիից մահու չափ հոգնել
Եվ ապառիկ ես ընդամենն ուզում
(Պատմություն կոչված անբերրությունի՞ց):
Իսկ ես քեզ ինչպե՞ս ապառիկն այդ տամ,
Երբ ի՛նքս եմ ուզում ապառիկ ուզել
(Իմ մեծահարուստ… համբերությունի՜ց):
Բայց դու մի՛ նայիր ինձ այդպես` ցաված.
Ես չեմ մերժում քեզ,
Ես նա եմ, հենց նա՛,
Ով մարդկանց մերժել չի՜ կարողանում…

Տե՛ս, գունափոխված ծառերը բոլոր
Իրենց սաղարթի ձուլածո ոսկին
Առանց զնգոցի մանրում են անվերջ,
Վերածում էժան թղթադըրամի`
Գնելով իրենց հանգիստ քնելու իրավունքը թանկ:
Ես թոռն եմ աշնան ու կտակառուն,
Ու թույլ եմ տալիս, որ դու տեր դառնաս
Մի ամբո՜ղջ խտիտ թղթադրամի.
Բարո՛վ վայելես:

Կտրուկ քարափով վերջացող լանջը
Իր հնադարյան խզարով քարե,
Տե՛ս,
Համառում է կտրել երկնքի կապտաջիղ կողը:
Ու ես էլ ահա
Մեկնած մատների իմ աղեղնաձև-անմաշ սղոցով
Ջանում եմ կտրել մի պատառ աշուն.
Ա՛ռ, որ ձմռանը ցրտում չտխրես:

Քամին ավազից ու փխրուն հողից
Երեխայական լեռնապարեր է սարքում անընդհատ
Եվ դժգոհելով` երեխայի պես,
Հենց տեղն ու տեղն էլ սարքածն է քանդում`
Քանդածը կրկին վերաշինելու նո՛ր ախորժակով:
Լիազորված եմ ես քամու կողմից,
Ու եթե կուզես` մի վայրկյան հետո
Սարքեմ ու տամ քեզ մի ո՜ղջ լեռնաշխարհ.
Քեզ համար ապրի՛ր
Եվ շնորհակալ մի՛ լինիր բնավ, –
Դրանով դու ինձ կվիրավորե՜ս:

Էլ ի՞նչ ես ուզում:

Իսկ թե հոգնել ես դու ապառնիից
Եվ ապառիկի հույս ունես դարձյալ,
Ոչի՛նչ չես շահի ինքդ դրանով,
Իսկ ես դրանից շա՜տ եմ վնասվում,
Քանի որ ցավով տեսնում եմ կրկին,
Որ մարդկանց առաջ զո՜ւր է բացվելըս,
Դաշտի պես փռվել ու տարածվելըս.
Դարձյա՛լ չեն տեսնում ու չեն ճանաչում,
Թաքստոցներ են փնտրում կանաչում…

Թե քեզ չես խղճում` ինձ խղճա գոնե
Ու խոսքիս վերջին նվոցը լսիր.
Երբ որ աստղերը
Արդեն հոգնում են անշարժությունից,
Վերևից իրենց նետում են ջուրը,
Որ բարի քամին ման ածի իրենց:
Դո՛ւ,
Որ հոգնել ես քեզ միշտ պատեպատ խփելուց,
Արի՛,
Ապրիր հոգուս մեջ,
Որ չունի պատեր, որոնց դու խփվես:
Ապրի՛ր հոգուս մեջ,
Ուր չես դեգերի նաև մտովին,
Ուր դու կնստես ու կիշխե՜ս անգամ`
Ա՛յն զարմանալի առատության հետ,
Որ այնտեղ տե՜ր է, արքայից արքա՛:

Ի՛նքըդ հասկացիր
Եվ ուրիշների՛ն դու լավ հասկացրու,
Որ ոչի՜նչ-ոչի՜նչ ձեզ տալ չեմ կարող.
Ես լոկ կարող եմ ձեզ սիրե՜լ… այսքա՛ն:

12.II.1964թ. Երևան

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>