Պարույր Սևակ. բանաստեղծություններ - Part 20

ԳԹՈՒԹՅԱՆ ՔՈՒՅՐԵՐ

January 3, 2013 Բանաստեղծություններ

.

Ցանկություններից,
կոչվում են իղձ,
Բաղձանք,
Ու անուրջ,
Երազ
Ու փափագ,-
Ցանկություններից մահացու խոցվել,
Վիրավորվել եմ ես քանի՜ անգամ:
Վիրավորվել եմ ես քանի՜ անգամ
Եվ բուժման տարվել մի հիվանդանոց,
Որտեղ գթության քույր է դարձել ինձ
Ճերմակ խալաթով Դատողությունը…

Ա՜խ, այդ գթության քույրերը…
Նրանց
Երախտապարտ եմ իմ ամբողջ հոգով,
Իմ ամբո՜ղջ սրտով հարգում եմ նրանց,
Բայց, ավա՜ղ, երբեք սիրել չեմ կարող,
Եթե մինչևիսկ շատ են գեղեցիկ…

[1959թ.]

Կարդալ ամբողջությամբ

ՄԻ ՔԻՉ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ 2

January 3, 2013 Բանաստեղծություններ

Ա՜խ, իմ մեծ Վիշտը…

Եվ նա իմը չէ,
Այլ բոլո՜ր նրանց,
Ում որդին եմ ես
Եվ կամ թե հայրը:

Ա՜խ, իմ մեծ Վիշտը,
Որ չի բաժանվում ամենքի վրա…

[1959թ.]

Կարդալ ամբողջությամբ

ՄԻ ՔԻՉ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ 1

January 3, 2013 Բանաստեղծություններ

Ա՜խ, իմ մեծ Սերը…
Նա հավասար է
Կորած հույսերիս ճիշտ քառակուսուն
Ու երազանքիս խեղճ մնացորդին…

[1959թ.]

 

Կարդալ ամբողջությամբ

ԱՌԱՆՑ ՀԱՆԳԵՐԻ ԲԱՅՑ ՍՐՏԻ ՉԱՓՈՎ

January 3, 2013 Բանաստեղծություններ

Եվ իմ գողթնեցի պապերի նման
Ես պիտի գրեմ առանց հանգերի,
Ինչպես խոսում են մարդիկ իրար հետ,
____Ու եթե չափով՝
____Լոկ նրա՛ համար,
Որ սրտիս նման խոսքս էլ տրոփի…

[1959թ.]

Կարդալ ամբողջությամբ

ԻՆՔՍ ԻՆՁ ՀՅՈՒՐ

January 3, 2013 Բանաստեղծություններ

Սիրում եմ լինել ինքըս իմ հյուրը
Ու հյուրասիրվել համեղ… հուշերով,
Եվ կոչնակներ ունենալ նրանց,
Որոնց անունը ես չեմ մոռանա,
Ինչպես սեփական իմ իսկ անունը,
Բայց նաև նրանց, անունը որոնց
Ես – մի՛ զարմացեք – չեմ հիշում արդեն,
Եվ չի գտնըվի գեթ մի մարդ կյանքում,
Որ կարողանար ինձ հիշեցընել
____Անունը նրանց,-
____Եկան ու չանցան՝
____Մի մազ տանելով,
____Մի մաս պարգևած…

[1959թ.]

 

Կարդալ ամբողջությամբ

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻ

January 3, 2013 Բանաստեղծություններ

____Ինչ որ անում եմ՝
____Կրքով եմ անում,
____Անում եմ թափով,
____Եռանդով ամբողջ՝
____Վատնելով ավյուն,
____Ծախսելով արյուն,-

Անտարբերության թշնամին եմ ես,
Անհա՛շտ-անզիջո՛ւմ-մոլի՜ ոսոխը:

Բայց երբ աշխարհի բյո՜ւր գոտիներից
Աշխարհ է հաշվվում լոկ երկու բևեռ,
Բայց երբ աշխարհի բյո՜ւր երանգներից
Աշխատում են լոկ սևն ու ճերմակը,
Բայց երբ աշխարհի բոլո՜ր բառերից
Երկուսն են խոսում՝ լոկ «ոչ»-ն ու «այո»-ն,
Ջերմաստիճանըս – անզոր զայրույթից –
Հասնում է նույնիսկ քառասունմեկի,
Ցավըս դառնում է կեղեքիչ մրմուռ,
Ու ես՝ թշնամի՛ս անտարբերության,
Անտարբերության ոսո՛խըս մոլի,
____երևակայե՜ք,
Գերադասում եմ… մնալ ձեռնըպահ:

Սակայն այնպե՜ս եմ մնում ձեռընպահ,
Որ պերճախոս է «չէ»-ից ու «հա»-ից…

[1959թ.]

Կարդալ ամբողջությամբ

ՊԱՐԱՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ

January 3, 2013 Բանաստեղծություններ

Երբ իմ սրտի մեջ
Անհայտությունն է թպըրտում այնպես,
____Ինչպես որ դույլը՝
____Դատարկ ջրհորում,
Ես երազում եմ մի ամուր պարան,
Որ (ո՛չ ինքըս ինձ կախաղան հանեմ),
____Որ ինձ դո՜ւրս քաշի,
____Դատարկ թե լեցուն՝
____Միայն թե դո՜ւրս քաշի:

____Կան խորություններ,
____Որ ատելի են…

[1959թ.]

Կարդալ ամբողջությամբ

ԶԳԱՅՈՒՆ ԳԼԽԱՐԿ

January 3, 2013 Բանաստեղծություններ

Իսկ երբ գարունն է մոտենում հեռվից,
____և այնքա՜ն հեռվից,
Որ դեռ լուր չունի մատնիչ օդն անգամ,
Ես դա զգում եմ… իմ ականջներո՛վ
Եվ մինչև անգամ… գլխարկո՜վ իմ հին:

[1959թ.]

Կարդալ ամբողջությամբ

ԱՆԿՈՒՄՆԵՐՈՎ ԵՄ ՎԵՐԵՎ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ

January 3, 2013 Բանաստեղծություններ

Ես թուրման կոչված աղավնու նման
Անկումներով եմ բարձրանում վերև՝
Ուրախացնելով գուցե շատերին,
Որ իմ հերթական անկումը տեսնում
Եվ ամեն անգամ հաշվում են դա վերջ,
Բայց ոչ թե սկիզբ մի նոր վերելքի…

[1959թ.]

Կարդալ ամբողջությամբ

ՆԵՐՇՆՉՄԱՆ ՊԱՀԻՆ

January 3, 2013 Բանաստեղծություններ

Իսկ երբ մենակ եմ քայլում դաշտերով
Ու միայն ես եմ ինձ զրուցակից՝
Ստորերկըրյա անտես ջրերի
Վեճն ու աղմուկն եմ պարզորոշ լսում
Եվ նույնիսկ տեսնում նրանց փրփուրը…

[1959թ.]

Կարդալ ամբողջությամբ