Պարույր Սևակ. բանաստեղծություններ - Part 7

ԴՈՒ ՀԵՌՎԻՑ ԵՍ ՀԱՐԱԶԱՏ

February 11, 2013 Բանաստեղծություններ

.

Միևնույն է, թե հիմա որտեղ ես մաշում
Քո կոշիկները նրբին և քո սիրտը ժանտ,
Իսկ ես այն օրն եմ միայն անմոռաց հիշում,
Երբ սիրով եմ անվանել քեզ «իմ հարազատ»:

…Մոռացել եմ ամեն բան, ինչ սիրտ է մաշում,
Ինչ կոպտորեն եղծում է պատկերըդ գերող,
Ու մտքիս մեջ քեզ նորից անեղծ եմ հիշում,
Որ մտովին քեզ շոյեմ սիրող ձեռքերով:

Բայց մոտիկից, ես գիտե՛մ, ո՜ղջը կցնդի,
Ողջն անիմաստ կդառնա խաղով քո հիմար,-
Դու հեռվի՜ց ես հարազատ սիրող իմ սրտին,
Ես պատրաստ եմ լոկ հեռվո՛ւմ ապրել քեզ համար…

Գիտեմ՝ այստե՛ղ, ինչ-որ տեղ ինձ մոտ են մաշվում
Քո կոշիկները նրբին և քո սիրտը ժանտ,
Բայց և գիտեմ… ու հեռվո՛ւմ, հեռվի՜ց եմ հաշվում
Քեզ վերստի՛ն սիրելի, նորից հարազա՛տ…

[1946թ.]

Կարդալ ամբողջությամբ

Ո՞ՆՑ ՍՈՒՏ ԱՍԵՄ

February 11, 2013 Բանաստեղծություններ

Ո՞նց սուտ ասեմ. չէ՛, բարակ չի ու թևի մեջ
չի առնվի քո իրանը։
Ինչպե՞ս ասեմ, թե քեզ նման կին չի տեսել
Հաֆեզների պերճ Իրանը։
Իսկ հագածըդ գործարանի ծաղկուն չիթ է –
ո՛չ աբրեշում, ո՛չ ծիրանի։
Ասեմ սակայն. նրա համար, որ իմն ես դու,
ինքս եմ տալիս ինձ երանի։

18.III.1956թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ԴՈՒ ԵԿԵԼ ԵՍ ՆՈՐԻՑ

February 11, 2013 Բանաստեղծություններ

Դու եկել ես նորից, եկել այնպես հանկարծ,
Ինչպես սիրեցիր ինձ և ինձ հմայեցիր,
Նույն հասարակ ու պարզ քո զգեստը հագած՝
Հանկարծ հարց ես տալիս.
– «Ինչո՞ւ ինձ սիրեցիր»:

Ես չգիտեմ, անգի՛ն: Նրա՛ համար գուցե,
Որ այդ պահին հանկարծ վառարանում ձեր հին
Կրակը փուլ եկել և իր լույսն էր գցել
Քո մտորուն դեմքին ու կեռ թարթիչներին:

Նրա՛ համար գուցե, որ ծխանում պատի
Քամին կարծես խոսեց աղջըկական ձայնով,
Եվ հալոցքի մի պաղ, մի անդրանիկ կաթիլ
Ջրհորդանից պոկվեց, ընկավ մայթին ծանոթ:

Նրա՛ համար գուցե, որ ձմռանը հանկարծ
Ամռան բուրմունք առա շքեղ քո վարսերից:
Նրա՛ համար գուցե, որ քեզ սիրտըս ցանկաց,
Բայց ինձ թվաց, թե դու… թե դու ինձ չես սիրի…

Ախ չէ՜, նրա՛ համար… Բայց իբրև պարզ զգեստ,
Նայի՛ր, ձյունն է ծածկել անցած հետքերն հիմա,
Եվ ուրախ եմ, անգի՛ն, որ սիրում եմ ես քեզ
Ու չեմ կարող ասել՝ ինչի՞ համար:

1946թ.

Կարդալ ամբողջությամբ

ԱՌԱՆՑ ԽՈՍՔԵՐԻ

February 11, 2013 Բանաստեղծություններ

Ես գիտեմ, որ դու հաճախ ես հիմա
Մոտենում ձեր տան հայելուն շքեղ,
Անծանոթ, օտար մի կնոջ նման
Դիտում ես երկար, զննում ինքըդ քեզ:

Մազերդ ես շտկում, հանդուգըն մի փունջ
Ձեռքով մղելով ականջիդ ետև,
Մարմարե վիզըդ ափերով շփում
Ու ժպտում ես քեզ անփույթ ու թեթև:

Հարդարում ես դու հագուստըդ այրող,
Որ գրկում է քեզ սիրահարի պես:
Նայում ես մերթ մեղմ, մերթ՝ հրավիրող,
Մերթ՝ չարաճճի, մերթ՝ համեստ ու հեզ:

Դառնում ես այս կողմ, դառնում ես այն կողմ,
Կրնկիդ վրա պտույտ ես տալիս
Ու նորից ժպտում, ժպտում ինքնագոհ,-
Ինքըդ չափազանց քեզ դուր ես գալիս:

Ինքըդ քո աչքում ուրիշ ես դարձել,
Այնպե՛ս չես քնում, վեր կենում, գնում…
Ինչ-որ բան հանկարծ փոխվել է կարծես,
Թե ի՞նչ է փոխվել, պարզ չես հասկանում:

Թե ի՞նչ է փոխվել, ես գիտեմ, անգի՛ն.
Մի՛շտ, ամե՜ն անգամ այդպես է լինում,
Երբ քեզ պես համեստ ու խոնարհ մեկին
Ինձ նման մի խենթ, ինձ նման մի գիժ
Առանց խոսքերի իր սիրտն է բանում…

1946թ.

Կարդալ ամբողջությամբ

ՍԻՐՏ ԻՄ, ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՆՈՐԻՑ ԽՌՈՎԵԼ

February 11, 2013 Բանաստեղծություններ

Սի՛րտ իմ, ինչո՞ւ ես նորից խռովել,
Իզուր ինձ ու քեզ ինչո՞ւ ես տանջում.
Ի՞նչ ես կամեցել, որ քեզ չեմ տվել,
Ի՞նչ ես պահանջում:

Ա՜խ, խռովում ես դու այդպես հաճախ,
Բայց համր լեզուդ ես չեմ հասկանում,
Սի՛րտ իմ, երեխա՜ քմահաճ ու չար,
Անլեզո՜ւ մանուկ…

16.II.1947թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ

ՎԱՂՎԱ ԽՆՋՈՒՅՔՈՒՄ

February 11, 2013 Բանաստեղծություններ

Վաղը խնջույք է լինելու, ու կլինենք մենք միասին։
Ոմանք՝ գինով, իսկ ես կարբեմ քո հայացքով պղտոր ու մառ.
Մինչ իմ հոգին, լի գավի պես, լուռ կերազի լոկ քո մասին՝
Լի գավերը կդատարկվեն հազար ու մի կենաց համար։

Ու խենթորեն երգեր կասեն՝ երգեր սիրո – դրժման մասին,
Կմիանան – կբաժանվեն պարազույգերն՝ իբր ապացույց։
Հազար մաղթանք բաժին կընկնի յուրաքանչյուր կենաց թասին,
Հազար մաղթանք նրա՜նց համար, ինձ՝ լռություն մի անպաճույճ։

Հազար նայվածք նրա՛նց համար քո աչքերից մութ ու գերիչ,
Քո ձեռքերից հազար ալիք մեղմ կշոյի սրան-նրան,
Եվ միայն մի պատահական մոլորված շող քո աչքերից
Կիջնի, բայց չի հանգրվանի իմ դառնացած դեմքի վրա։

Քեզ կշոյեն ոմանք ձեռքով, ոմանք ժպտով ու հայացքով,
Ոմանց համար կին կլինես, այլոց համար՝ աստվածուհի.
Քեզ կդիմեն, կբարբաջեն թլվատ լեզվով՝ գինու խոսքով,
Իսկ ես… հեռո՜ւ ինձ կպահեմ այդ խոսքերից ասված ու հին։

Եվ այն պահին, երբ թանկագին քո կենացը հանկարծ զնգա,
Ու ոսկեզօծ մաղթանքները արծաթ գավով հորդեն տնից,
Դու այդ արբշիռ աղմուկի մեջ չես նկատի ու չես զգա,
Որ սրտիս մեջ լեցուն մի գավ ճայթեց… զսպված լռությունից։

Բայց նստած եմ ես դեռ մենակ (չէ՞ որ վաղն ենք խնջույք անում),
Դեռ առանց քեզ և – առանց քեզ՝ քեզ ավելի մերձ ու մոտիկ,
Քան թե վաղը, երբ քո կողքին՝ ես ինձ կզգամ օտարոտի,
Ինչպես երգն այս, որ երբ գրվեց՝ քեզ պես այլոց է պատկանում,
Մինչդեռ իմն էր, երբ սրտիս մեջ ճիչ էր ցավի և կարոտի…

29.XII.1946թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ

ԳԻՏԵ՞Ս, ՍԻՐԵԼԻՍ…

February 11, 2013 Բանաստեղծություններ

Գիտե՞ս, սիրելի՛ս,
Ո՛վ է անխելքը,
Եվ անբուժելի՝
Ո՛ր խոցն ու վերքը.
-Երբ ո՛չ թե կտրում,
Այլ համբուրում ես
Քեզ անխղճորեն
Հարվածող ձեռքը։

18.III.1956թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՀԱՎԵՐԺ ԵՐԵԽԱ

February 11, 2013 Բանաստեղծություններ

Անձիս, տարիքիս վայել չէ, գիտե՛մ…

Ինձ պետք է հիմա հոնքերը կիտել,
Ինձ պետք է հիմա կարգին լրջանալ,
Ինձ պետք է հիմա…
պետք է հազար բան,
Իսկ ես՝ հիմարս, ես՝ անուղղելիս,
Խելքս տվել եմ թովչանքիդ էլի
Ու բռնել քեզ հետ խենթության ճամփան:

«Կյանք չի՜ հասկանում»,- լսում եմ անվերջ…
«Ե՞րբ պիտի ախր դուրս գա մարդամեջ»…
«Ե՞րբ պիտի ախր հասնի սա դիրքի»…
«Ե՞րբ պիտի կյանքը հասկանա կարգին»…
Եվ այս ամենը՝ նորից իմ մասին:
Իսկ դու… խնդո՞ւմ ես, իմ լա՛վ, իմ անսի՛րտ:
Խնդում ես, այո՛, սակայն ո՞ւմ վրա:
Եվ քո կարծիքով սխա՞լ են նրանք:
Գիտե՛մ, ուզում ես դու նրանց ասել,
Որ ես մի անհաս դիրքի եմ հասել.
Որ դու աշխարհ ես մի կախարդական,
Ու ես եմ այնտեղ քո տերն ու արքան.
Որ կյանքը գիտեմ ես հիանալի,
Քանի որ դու ես նրա բանալին.
Եվ ի՞նչ ասել է «դուրս գալ մարդամեջ»,
Երբ ես մարդկանց մեջ քեզ հետ եմ անվերջ.
Եվ ի՞նչ ասել է «ճանապարհ հարթել»,
Երբ քեզ եմ հասել հարթ ճամփով արդեն…
Ասում ես այսքանն ու կանգ ես առնում,
Դու կանգ ես առնում ու ինձ ես նայում,
Ուզում ես տեսնել, թե ես ի՛նչ կասեմ:
Ես քո կարծիքը ինչպե՞ս չկիսեմ,
Երբ որ կիսում եմ քեզ հետ կյանքը իմ,
Ուրախությունը և տանջանքը իմ:
Ես քեզ, անգի՜նս, լավ եմ հասկանում.
Ինձ ոչ մի դեպքում դու չես ցանկանում
Տեսնել ընտանի կենդանի դառած –
Կենդանի մեռած…

15.VII.1953թ. Նավչալու

Կարդալ ամբողջությամբ

ԳԱԼԻՍ ԵՍ, ԳԱԼԻՍ…

February 11, 2013 Բանաստեղծություններ

Գալի՜ս ես, գալի՜ս…
գաս հազա՛ր բարով,
Իմ գլխի՛ վրա և իմ աչքերի՛։
Ա՛խ, եթե պիտի բաժանվենք էլի՝
Բաժանվենք մի՛ օր, տեսնըվենք տարո՛վ։
Թե որ գժտըվենք՝ մի՛ օր գժտըվենք,
Մի ամի՛ս զղջանք, տարո՛վ հաշտըվենք։
Ու թե սիրում ենք՝
Մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք,
Ու թե սիրում ենք՝
Յոթ տարիս ո՞րն է –
դարերո՜վ սիրենք…

05.II.1956թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ԴՈՒ ԵԿԱՐ

February 4, 2013 Բանաստեղծություններ

Իր մասին, հայտնի բան է,
Փորձանքը լուր չի տալիս:
Դու եկար ճիշտ որ այդպես,
Բա այդպես հյո՞ւր են գալիս:
Դու եկար և ամե՜ն ինչ
Արեցիր տակնուվրա:
Ես հիմա ինչպե՞ս ասեմ,
Թե՝ փորձա՛նք, զո՜ւր ես գալիս:

17.III.1956թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ