գեղեցիկ բանաստեղծություններ | Պարույր Սևակ - Part 2

գեղեցիկ բանաստեղծություններ tagged posts

ՀԱՎԵՐԺ ԵՐԵԽԱ

February 11, 2013 Բանաստեղծություններ

.

Անձիս, տարիքիս վայել չէ, գիտե՛մ…

Ինձ պետք է հիմա հոնքերը կիտել,
Ինձ պետք է հիմա կարգին լրջանալ,
Ինձ պետք է հիմա…
պետք է հազար բան,
Իսկ ես՝ հիմարս, ես՝ անուղղելիս,
Խելքս տվել եմ թովչանքիդ էլի
Ու բռնել քեզ հետ խենթության ճամփան:

«Կյանք չի՜ հասկանում»,- լսում եմ անվերջ…
«Ե՞րբ պիտի ախր դուրս գա մարդամեջ»…
«Ե՞րբ պիտի ախր հասնի սա դիրքի»…
«Ե՞րբ պիտի կյանքը հասկանա կարգին»…
Եվ այս ամենը՝ նորից իմ մասին:
Իսկ դու… խնդո՞ւմ ես, իմ լա՛վ, իմ անսի՛րտ:
Խնդում ես, այո՛, սակայն ո՞ւմ վրա:
Եվ քո կարծիքով սխա՞լ են նրանք:
Գիտե՛մ, ուզում ես դու նրանց ասել,
Որ ես մի անհաս դիրքի եմ հասել.
Որ դու աշխարհ ես մի կախարդական,
Ու ես եմ այնտեղ քո տերն ու արքան.
Որ կյանքը գիտեմ ես հիանալի,
Քանի որ դու ես նրա բանալին.
Եվ ի՞նչ ասել է «դուրս գալ մարդամեջ»,
Երբ ես մարդկանց մեջ քեզ հետ եմ անվերջ.
Եվ ի՞նչ ասել է «ճանապարհ հարթել»,
Երբ քեզ եմ հասել հարթ ճամփով արդեն…
Ասում ես այսքանն ու կանգ ես առնում,
Դու կանգ ես առնում ու ինձ ես նայում,
Ուզում ես տեսնել, թե ես ի՛նչ կասեմ:
Ես քո կարծիքը ինչպե՞ս չկիսեմ,
Երբ որ կիսում եմ քեզ հետ կյանքը իմ,
Ուրախությունը և տանջանքը իմ:
Ես քեզ, անգի՜նս, լավ եմ հասկանում.
Ինձ ոչ մի դեպքում դու չես ցանկանում
Տեսնել ընտանի կենդանի դառած –
Կենդանի մեռած…

15.VII.1953թ. Նավչալու

Կարդալ ամբողջությամբ

ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ

January 31, 2013 Բանաստեղծություններ

Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ.
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,
Վատըդ թողած՝ լավըդ թվել,
Հավատացրել, հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել՝
Չտեսնըված, չեղած մի դուռ։
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամենին ի տրիտուր։

Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, և ոչ էլ կար։

Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։
Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։
Ճիշտ ճամփից ես միայն շեղել։
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։

Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։

Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու … որ դու նման լինես իմ երազին։
Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ.
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։
Հեքիաթն, այո, միտքըս ընկավ…
Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ,
Այնինչ կյանքում՝ ինչ-որ… չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է…

Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։

Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում,
Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում.
Ցած է ընկնում երեք խնձոր –
Մեկ՝ ասողին,
Մեկ՝ լսողին,
Մեկ էլ… ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին…

Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ…

31.X.1955թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐ ՇՔԵՂ ԿԱՆԱՅՔ

January 30, 2013 Բանաստեղծություններ

Ուրիշներին լինեն բոլոր շքեղ կանայք,
Բոլոր շքեղ կանայք շքեղ քաղաքներում:
Իմըս լինես լոկ դո՛ւ, իմ հայրենի՜ քաղաք,
Եվ նա՛, ով մտքերիս ու սրտիս է տիրում:

Գիշերն ի լույս նստենք վառարանի դիմաց,
Դրսում ձմեռ լինի ու ձյուն լինի դրսում.
Ուրիշ քաղաքներից նրան պատմեմ կամաց,
Եվ նա այնպե՜ս լսի, կարծես չի էլ լսում:

Պատմեմ, թե ինչպես է իմ ծովահեն հոգին
Մերթ խորտակվել խութին, մերթ ծովի մեջ սկել,
Ինձ դեսուդեն ձգել՝ որոնել է մեկին
Շքեղ քաղաքներում ու կանանց մեջ շքեղ:

Պատմեմ թափառումիս, որոնումիս մասին,
Իսկ գտածիս մասին… և ոչ մի խոսք չասեմ:
Իսկ նա կողքիս՝ արթուն, նայի նիրհող Մասսին
Եվ ինձ այնպե՜ս լսի, կարծես չի էլ լսել…

26.II.1952թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

January 29, 2013 Բանաստեղծություններ

Ի՜նչ փույթ, թե մեզ դպրոցական նստարանից
Կյանքը նետեց մահասարսուռ ռազմաճակատ,
Կյանքը պոկեց մեզ մեր գրքի՛ց, մորի՛ց, տանի՛ց՝
Խոստովանանքը մեր սիրո թողած կիսատ:

Ի՜նչ փույթ, թե մենք մահն ապրեցինք այն ժամանակ,
Երբ նոր միայն հասնում էինք դեռ արբունքի:
Ի՜նչ փույթ նաև, որ այդպես շուտ՝ անժամանա՜կ
Ճերմակ թելեր երևացին մեր թուխ քունքին:

Եվ ի՜նչ փույթ, թե յուրաքանչյուրը մեզանից
Իր անունով-ազգանունով չի հիշվելու,-
Ի՜նչ փույթ, թե մեզ իրարից չեն զանազանի
Սերունդները իրենց կյանքում և հուշերում…

Մենք լա՛վ գիտենք առաջնեկի կյանքը տան մեջ:
Իսկ մենք չէ՞ որ առաջնեկն ենք նոր պատմության…
Մենք հինավուրց այս աշխարհը այնպե՛ս մտանք,
Որ կորչենք էլ՝ մի՜շտ կմնանք պատմության մեջ…

13.II.1951թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ

«ՀԵՔԻԱԹԸ»

January 26, 2013 Բանաստեղծություններ

Իմ լուսեղենի՛կ, իմ աննմա՛ն,
Իմ ապագա՛, գալի՜ք…
Ի՞նչ ես անում արդյոք հիմա,
Իմ հեռավո՜ր բալիկ:

Բարձիդ տա՞կ ես թևդ կոխում
Ու խորամանկ ժպտում,
Թե՞ վեր կենում ու կիսամերկ
Մահճակալում պտտում:

Թե՞ մայրիկիդ հյուսքը բռնած
Քրքըջում ես անմեղ,
Թե՞ «կարդում ես» քո չըմբռնած
Գրքույկները գունեղ:

Թե՞ երգում ես, արտասանում
«Բանակային եմ քաջ»…
Բանակային ե՛ս եմ, բալիկ,
Մա՛յրդ, պա՛պըդ անգամ:

Բանակայի՛ն, որ մոտ չգա
Ոչ մի գայլ ու գազան,
Ոչ թե, բալիկ, քո իմացած
Հեքիաթներից դաժան,

Ո՛չ աշխարհից քո իմացած
Սև ու Ճերմակ դևի:
Կա մի ուրի՛շ դև ու աշխարհ՝
Ամբողջովին դեղի՜ն:

Դու չգիտես դեղին դևին՝
Գայլի ախորժակով:
Ապրում է նա մեզնից հեռու,
Օվկիանոսից այն կողմ…

Քեզ այդ մասին կպատմեմ ես
Հետո՜, հիմա քնի՛ր:
Այնժամ գուցե դա իսկապես
Հեքիաթի պես լինի…

29.II.1952թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ

January 24, 2013 Բանաստեղծություններ

Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում…

Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր…
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս…
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես,
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես…
Ահա թե ինչու դու այսքան տարի,
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,
Քայլում ես այնպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում…

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի…

Նա, որ ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի, թե ո՛ւմ հետ և ո՛ւր է գնում.
Ո՛ւմ մեռելին է անարցունք լալիս,
Ո՛ւմ խոսքի վրա ստից ծիծաղում,
Ո՛ւմ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս…
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջըկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում, ու շողոքորթում…
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից ու որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում…

Սո՛ւտ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում…

Սո՛ւտ է: Նա դարի ավարն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում…

Սո՛ւտ է: Նա միայն իր փորն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
Գաղափարական իր հորն է սիրում…

Սո՛ւտ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում,
Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
Սիրում է կյանքում նա իր… աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես և… տարեց-տարի
Ելնում է այսպես… շալակն աշխարհի:

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի…

25.X.1955թ. 03.XI.1955թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՈՐԴՈՒՍ

January 24, 2013 Բանաստեղծություններ

Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալիկս, կմեծանաս,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին։
Ինքս էլ խրատ կարդացողին ոչ հարգում եմ, ոչ հանդուրժում,
Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղաս, խորշում։

Ու թե հիմա, իմ բալիկըս, ես քո գլխին ճառ եմ կարդում,
Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու
Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,
Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը։
Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ.
Հաճախ, շուրջըս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,
Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի՝
Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ.
Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,-
Եվ տաք տեղն է ապահովված… Այսպես ապրել դու չե՜ս կարող։
Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ։
Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասիր ճամփա՜ շինել։

*
Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի տա տառապանքից.
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից։
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,-
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում։
Ա՜խ, մի՛ նվա։ Հայրըդ երբեք չէր հանդուրժում նվացողին…
Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր
Ու քո ճամփան շարունակիր։ Թո՛ղ որ լինի նա քարքարոտ,
Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
Դու չե՜ս հոգնի, դու կքայլես, կբարձրանաս դու սարն ի վեր։
Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր։

*
Ազնիվ եղիր ամեն ինչում – ո՞վ է կյանքում սովից մեռել։
Ճշտի համար աքսոր չկա – ստի հանդեպ ինչո՞ւ լռել։
Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է մեջք են ծռում,
Երբ որ պետք է հռհռում են, պե՞տք է՝ ժպտո՛ւմ, պե՞տք է՝ լռո՛ւմ,
Պե՞տք է՝ իրենց մատն են տնկում … Դու մի եղիր կյանքում տհաս՝
Դու հասկացիր հենց այս գլխից, մի մոռացիր երբեք, տղա՛ս.
Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում՝ ոնց էլ շուռ տաս,-
Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ…

*
Մի՛ տրտնջա։ Դու հիշո՞ւմ ես. «Ձախորդ օրեր… կուգան-կերթան»…
Մի՛ տրտնջա։ Եթե լավից ետ ես ընկել՝ ինքդ հասիր…
Մի՛ տրտնջա, բայց և կյանքը գրքի նման դու մի կարդա,
Գրքի նման՝ քեզնից հեռու, ինչ-որ օտար մարդկանց մասին…
Հպարտ եղիր, բայց ոչ գոռոզ (դատարկ մարդն է գոռոզանում,
Հայրդ խելոք ու տխմարին դրանով էր զանազանում)։
Հորըդ նման հպարտ զգա, որ ոչ մեկի տուն չես քանդել,
Ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի ազնիվ միտք չես բանտել,
Որ շիտակ ես քայլել կյանքում և լռել ես եթե հաճախ,
Ապա միայն նրա համար, որ առևտուրը մանրածախ
Հաճախ միայն զիզի-բիզի զանգուլակ է նետել շուկա,
Իսկ դու զուրկ ես զիզի-բիզուց, կեղծ դրամ էլ մոտըդ չկա…

*
Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել։
Դու փոքր ես դեռ։ Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,
Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե –
Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր։
Է՛հ, տա աստված։ Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում
(Կույրը, տղաս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում)։
Խորհուրդներն իմ թող հնանան… Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում։
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմարտության թող որ այսօր լինեմ սխալ…

24.II.1955թ. 28.I.1956թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ

January 22, 2013 Բանաստեղծություններ

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը՝
Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը՝ ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
Նո՜ւրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած-սնած,
Մեզ աշխարհում շահած-պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող – լվացք անող,
Անվերջ դատող – անվերջ բանող
Ա՛յս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը…

30.X.1955թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

January 22, 2013 Բանաստեղծություններ

Քունըս չի տանում,
Դու էլ մի քնիր,
Հետս էլ կրկընիր,
Որ Հայաստանում
Հիմա գարունը
Բացվել է արդեն.
Թողած հին հունը՝
Գետերը հորդել,
Պղտոր ու խելառ
Դես-դեն են խփում:
Կանաչից հարբած՝
Գառներ ու հորթեր
Լեռնալանջերին
Խայտում են, ծփում:
Մոշու թփեր են
Չորս բոլոր աճել:
Մի մոլոր գառնուկ
Պճեղն է դաջել
Ոլոր կածանի
Կիսաթաց հողին:
Խաղալի վրա
Մի բուռ հին կաղին
Տվել է իրեն
Լո՜ւռ արևկողի:
Կոճղը դարձըրած
Իր համար սեղան՝
Պսակ է գործում
Մի պուճուր տղա
Ու գցում վզին
Իր ծիրան եզի:
Իսկ մա՜յրը տղի…
Պառավն անտեղի՛,
Զո՜ւր է տեղ գցել
Քնելու համար.
Նա, ինձ պես, գուցե
Չի քնել հիմա,
Նա՛, որին դեմքով
Ես շա՜տ եմ նման…

…Քունըս չի տանում,
Դու էլ մի քնիր,
Հետս էլ կրկընիր,
Թե ի՞նչ եմ անում
Ես ի՞նչ եմ անում
Ոչ Հայաստանում…

10-11.XI.1956թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՀԱՅԱՍՏԱՆ

January 16, 2013 Բանաստեղծություններ

Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա՛ծ,
Իմ փառապա՛նծ:
Հների մեջ՝ դու ալեհեր,
Նորերի մեջ՝ նոր ու ջահել.
Դու՝ խաղողի խչմարված վազ,
Վշտերըդ՝ ջուր, ինքըդ ավազ.
Դու՝ բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռված փշատ.
Դու՝ կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.
Դու՝ Զվարթնոց – ավեր տաճար,
Կոմիտասյան Ծիրանի ծառ.
Դու՝ ջրաղաց խորունկ ձորում,
Դու՝ հորովել անուշ ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի.
Դու՝ նե՛տ, նիզա՛կ, մկո՛ւնդ կոպիտ,
Դու՝ հայրենի ծխանի ծուխ,
Դու՝ անգի՛ր վեպ, դու՝ Սասնա ծո՜ւռ…

Իմ փառապա՛նծ
Իմ տառապա՛ծ,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ քաղցրանո՜ւն:
Դու՝ մրգերի շտեմարան,
Ոսկեվազյան գինու մառան.
Դու՝ թավշե դեղձ, դու՝ փրփուր հաց,
Արտաշատյան խաղող սևաչ.
Դու՝ Սևանի վառվող կոհակ,
Երևանի սյուն ու խոյակ.
Դու՝ հանգրվան, կանչող փարոս,
Դու՝ հայկական գերբ ու դրոշ.
Խոսուն վկա կոտորածի
Ու վճիտ աչք ցամքած լացի,
Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան –
Միշտ հի՛ն ու նո՛ր իմ Հայաստան:

11.XI.1950թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ