գեղեցիկ բանաստեղծություններ | Պարույր Սևակ - Part 3

գեղեցիկ բանաստեղծություններ tagged posts

ՆԱԽԵՐԳԱՆՔ

January 16, 2013 Բանաստեղծություններ

.

Ես լեռներից իջնում եմ ցած՝
Պղտորությունըս պարզելով,
Ինչ-որ չափով հարստացած,
Ինչ-որ չափով նվազելով:

Ելման գետն իմ ջահելության
Սահանքները իր փոթորկուն
Փոխարկում է մի մեղմության,
Որ խռովքն է պահում խորքում:

Դեմըս դաշտն է, հովիտն արձակ,
Կանաչապատ և ծառալի:
Զուր վատնումն է արդեն հանցանք,
Աղմըկելը՝ ծիծաղելի:

20.II.1952թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՆԱՄԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ

January 16, 2013 Բանաստեղծություններ

Դու ի՞նչ ես ուզում:
Դու շա՜տ բան կուզես,
Բայց ես որտեղի՞ց քո ուզածը տամ:

Չե՛ս ուզում արև մի քառակուսի
Ու եռանկյունի մի լուսին, գիտե՛մ:

Դու ապառնիից մահու չափ հոգնել
Եվ ապառիկ ես ընդամենն ուզում
(Պատմություն կոչված անբերրությունի՞ց):
Իսկ ես քեզ ինչպե՞ս ապառիկն այդ տամ,
Երբ ի՛նքս եմ ուզում ապառիկ ուզել
(Իմ մեծահարուստ… համբերությունի՜ց):
Բայց դու մի՛ նայիր ինձ այդպես` ցաված.
Ես չեմ մերժում քեզ,
Ես նա եմ, հենց նա՛,
Ով մարդկանց մերժել չի՜ կարողանում…

Տե՛ս, գունափոխված ծառերը բոլոր
Իրենց սաղարթի ձուլածո ոսկին
Առանց զնգոցի մանրում են անվերջ,
Վերածում էժան թղթադըրամի`
Գնելով իրենց հանգիստ քնելու իրավունքը թանկ:
Ես թոռն եմ աշնան ու կտակառուն,
Ու թույլ եմ տալիս, որ դու տեր դառնաս
Մի ամբո՜ղջ խտիտ թղթադրամի.
Բարո՛վ վայելես:

Կտրուկ քարափով վերջացող լանջը
Իր հնադարյան խզարով քարե,
Տե՛ս,
Համառում է կտրել երկնքի կապտաջիղ կողը:
Ու ես էլ ահա
Մեկնած մատների իմ աղեղնաձև-անմաշ սղոցով
Ջանում եմ կտրել մի պատառ աշուն.
Ա՛ռ, որ ձմռանը ցրտում չտխրես:

Կարդալ ամբողջությամբ

ԱՇԽԱՐՀԻՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

January 15, 2013 Բանաստեղծություններ

Աշխարհին, այո՛, մաքրությո՜ւն է պետք`
Ա՛յն հերոսների տխրունակ տեսքով,
Որոնք մեռնում են… անգործությունից…
Նաև ա՛յն կանանց, որոնք մինչև մահ
Ճանաչում են լոկ մե՛կ տղամարդու…
Եվ կերպարանքով ա՛յն տղամարդկանց,
Որոնք քայլում են գլխահակ թեպետ
Ու միայն իրենց ոտքի տակ նայում,
Բայց իրենց միտքը, անկախ իրենցից,
Իրենց լքելով`
Թռչում է վերև,
Իսկ երբ հոգնում է` գալիս, ճայի պես,
Թառում է մարդու ախտի և բախտի
Համաշխարհային օվկիանի վրա…

Մաքրություն է պետք` ժպիտի՛ ձևով,
Որ մտնենք նրա տաք քաղցրության մեջ,
Ինչպես մեղուն է փեթակն իր մտնում:

Մաքրություն է պետք` ծիծաղի՜ձևով,
Որ ժայթքի մեր շուրջ,
Մեզ չհարցնելով`
Կոհակ առ կոհակ գա, մեզ լվանա
Առանց օճառի և առանց ջրի…
Մաքրություն է պետք` տեսքով մեխակի՛,
Որ հողը մեխի հողին` իրենով,
Եվ իր բուրմունքով սոսնձի նաև
Օդը հողի հետ ու մեզ էլ` նրանց…

Մաքրություն է պետք` տեսքով սոխակի՛,
Որ միայն իրե՜ն,
Լո՛կ իրեն ծանոթ մի այբուբենով
Միշտ էլ երկրային ազդանշաններ հղի տիեզերք
Եվ պատասխաններ թերևս ստանա,
Մեզ համար անհա՛յտ, լո՜ւրջ պատասխաններ…

Մաքրություն է պետք
Եվ կերպարանքով, տե՜ս, ա՛յն թռչունի,
Գլխարկը կարմիր – ինքը սև համակ
Հենց ա՛յն թռչունի,
Որ իր կտուցը երկինք է ցցել
Եվ աղոթում է
Անփարախ-անհոտ կարդինալի պես
Ո՛չ թե մեր հոգու,
Այլ այս աշխարհի մաքրությա՜ն համար…

Մաքրությո՜ւն է պետք…

Մաքրություն է պե՛տք,
Որ քարերն անգամ
Ներքնապես զգան
Իրենց երբեմնի հեղուկ վիճակում,
Որ արտաշնչեն բույսերն էլ… արև՜
Եվ ո՛չ թե միայն անտես թթվածին,
Որ մարդն էլ իրեն լավ զգա այնպես,
Ինչպես մեղեդին` վսեմ տաճարում,
Գույնը` հանճարեղ կտավի վրա,
Եվ խաղալիքը` մանկան ձեռներին…

Աշխարհին… մանկա՜ն մաքրություն է պետք,
Եվ հենց ա՛յն մանկան,
Որին ամեն օր աշխարհ են բերում
Նաև աշխարհի… անմաքուրները,
Մինչիսկ նրա՛նք` անմաքուրնե՜րը,
Քանզի… աշխարհին մաքրությո՜ւն է պետք…

27,31.X.1965թ. Չանախչի

Կարդալ ամբողջությամբ

ՆՈՐՕՐՅԱ ԱՂՈԹՔ

January 14, 2013 Բանաստեղծություններ

Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի
Ես վախենում եմ,
Շա՜տ եմ վախենում,
Բյուրավոր ու բո՛ւթ հավատացյալից,
Բյուրատեսք ու սո՛ւտ հավատացյալից:
Եթե աստված եք՝
Փչեցե՛ք նրանց բոլոր մոմերը,
Մարեցե՛ք նրանց կանթեղներն ամեն,
Հանգցրե՛ք նրանց ջահերն այլազան,
Որ… եղիցի լո՜ւյս:
Եվ ո՜չ մի գավթում մի՛ ընդունեցեք
Նրանց մատաղը,
Որ իրենցը չէ, այլ գողացված է:
Մերժեցեք նրանց զո՛հն էլ խոստացյալ,
Որ… զոհ չգնա ինքը հավատը՝
Մաքո՜ւր-վսե՜մը,
Անկեղ՜ծ-անսո՜ւտը:
Ու թե աստված եք՝
Ամուր փակեցեք ձեր ականջնե՛րն էլ
Նրանց սողոսկուն աղոթքի դիմաց՝
Անգի՜ր-ինքնահո՜ս-հաշվեկշռվա՜ծ այն աղոթքների,
Որով խաբում են ո՛չ իրենց,
Այլ ձե՛զ:
Եվ – բավակա՜ն է – հասկացե՛ք ընդմիշտ,
Որ աստծուն նո՛ւյնիսկ հայհոյողները
Շա՜տ ավելի են գերադասելի,
Վասնզի նրանց բարկացրել է ինքը հավատը՝
Խոցվա՜ծ-արյունո՛տ,
Այրվո՜ղ-ապտակվա՛ծ,
Ցավա՜ծ-ճչացո՛ղ,
Մանո՛ւկ հավատը,
Որ հայր դառնալու համար է ծնվել:
Ու եթե հայր եք՝
Մի՛ թողեք,
Որ սուտ հավատացյալներն սպանեն նրան:
-Ինչքան էլ ծանր է մանուկ թաղելը,
Մանուկ պահելը ծանր է ավելի…

09.XI.1965թ. Չանախչի

Կարդալ ամբողջությամբ

ՍԵՐԸ՝ ՀԱՆԵԼՈՒԿ

January 13, 2013 Բանաստեղծություններ

Ե՞րբ և ինչպե՞ս է,
Որ մենք մեր գլխով
Կարծես դիպչում ենք արևի գլխին
Ու մեր ոտքերի տեղն ենք մոռանում,
Քանի որ սրանք
Խրված են լինում
Օվկիանի խորունկ հատակում կարծես…

Ե՞րբ և ինչպե՞ս է,
Որ մեր աչքերը
Խոշորանալով ու լայնանալով
Բռնում են կարծես ամբողջ դեմքը մեր,
Ու մոռանում ենք տեղը մեր սրտի,
Որ տրոփում է արդեն… ամենո՜ւր՝
Մեր կրծքի նաև ա՛ջ կողմում,
Նաև
Մեր ծնկների՛ մեջ,
Մեր կրունկների
Ու մինչև անգամ… ատամների՛ տակ…
Եվ տնավորված մեր սիրտը
Դարձյա՜լ
Տնավեր դարձած
Ու թափառական դարձած վերստին,
Ճամփա է ընկնում
Մաշված հետքերով անքուն կարոտի՝
Ինքն իրեն նորից դառնալու հույսով…

Վերջապես, ասա՛, ե՞րբ և ինչո՞վ է,
Որ ցավի հումը
Եփվել-եռալով դառնում է տանջանք…
Եվ մի այնպիսի՜-այնպիսի՜ տանջանք,
Որ մեզ դարձնում է… կենտրոն աշխարհի:

13.III.1967թ. Արզնի

Կարդալ ամբողջությամբ

ՀԱՆԵԼՈՒԿ ԱՌԱՋԻՆ

January 13, 2013 Բանաստեղծություններ

-Իսկ այդ ի՞նչն է,
Որ երբ հասավ՝
Փախցընում է մեր քունն աչքից:

Պապիկն իսկույն հազն իր հազաց
Ու երբ պրծավ բարեհաջող,
Իսկույն ասաց.
-Ծերությո՛ւնը:

Պատերազմի երես տեսած
Հայրիկն ասաց.
-Գերությո՛ւնը:

Մայրիկն ասաց.
-Մերությո՛ւնը:
Ու կրկնեց.
-Մերությո՜ւնը:

Փոքրիկ տղան
Փոքրիկ ափը զարկեց ափին
Ու ձայնիկն իր միացնելով
Զնգուն ծափին՝
Չասա՜ց… գոռա՛ց.
-Ձմեռ Պապի՜ն:

Իսկ աղջիկը արբունքահաս՝
Վառված ձեռով
Հարդարելով իր վարսերը՝
Ոչի՛նչ չասաց.
Բայց մտածեց.
-Պա՞րզ չէ, սե՜րը…

01.III.1967թ. Արզնի

Կարդալ ամբողջությամբ

ԱՐՄԱՏԱՎՈՐ ՀԱՆԵԼՈՒԿ

January 13, 2013 Բանաստեղծություններ

Մասրենի՞ն:
-Մասրենին թե՛ թուփ է, թե՛ ծառ է:
Աճում է և՛ անհող, և՛ անջուր,
Բայց միշտ էլ ամուր ու պայծառ է:
Բուսնում է նա ժայռի ականջում,
Բուսնում է քարափի շրթունքին,
Եվ նրա ցավերով երկունքի
Ծնվում է դալարուկ մի տունկի՝
Ոչ պակաս և՛ անհող, և՛ անջուր…

-Մասրենին ո՛չ թուփ է, ո՛չ ծառ է:
Մասրենին… կապիկն է… վարդերի,
Վարդերի այբ-բեն-գիմ հեգելը…

-Մասրենին սեռերի բարդ դերի
Արտիստիկ նմուշն է: Էգերը
Մշտապես կոճկըված-հավաք են,
Մինչդեռ միշտ ճաքում են որձերը,
Եվ նրանց դալարուկ զավակը
Այդպես էլ վարելով գործերը՝
Չի մերժում իր նախնյաց փորձերը.
Նոր էգերն էլի՛ միշտ հավաք են,
Ճաքում են միշտ նորեկ որձերը…

-Մասրենին ո՛չ թուփ է, ո՛չ ծառ է,
Ո՛չ վարդ է:
-Իսկ ինչ է:
-Երևի
Մասրենին… լուսնոտն է… արևի,
Որ քայլում քիվերի վրայով,
Բնական-ժայռեղեն քիվերի,
Ու ներքև չի ընկնում իր վերից…

25.III.1967թ.

Կարդալ ամբողջությամբ

ՀԱՅՐԵՆԻՔ

January 11, 2013 Բանաստեղծություններ

Քեզնով երդվելիս
Ձեռքըս դնում եմ իմ սրտի վրա՝
Սեղմելո՛ւ նման,
Որ… հանկարծակի չպայթի դողից…

Ինձնով երդվելիս
Ափըս դնում եմ քո մի ափ հողին,
Ինչպես իմ նախնիք՝ Սուրբ Գրքին իրենց…

Եվ զո՜ւր, իզուր են մեզ ուսուցանել,
Թե յուղոտ մատով Սուրբ Գիրք չեն թերթում:
Ա՜խ, ի՛մ ժողովուրդ, Գի՜րք ժողովողի,
Սուրբ Գիրք… ծամո՜ւմ են… յուղոտ բերանո՜վ՝
Քո լավաշիդ պես,
Նշխարիդ նման…

Եվ աջից նայում՝
Տեսնում եմ հրդեհ,
Ձախից եմ նայում՝
Տեսնում եմ մոխիր:
Ի՜նչ է. քե՞զ տրվեց կրակը կրթել
Ու դաստիարակել մի ամբողջ նախիր…

Ճակատագըրի բերումով դաժան
Ճակատըդ հիմա՝ փոքրի՜ց էլ փոքրիկ,
Մինչդեռ ճակատիդ գիրը՝ մեծից մե՜ծ:
Իսկ ո՞վ է դրա ընթերցողն, ո՞ւր է…

11.XI.1963թ. 22.III.1967թ. Երևան Արզնի

Կարդալ ամբողջությամբ

ԿՐԿՆՎՈՂ ՀԱՆԵԼՈՒԿ

January 11, 2013 Բանաստեղծություններ

Նա եկավ հանկարծ:
Անշո՜ւնչ-անշշո՜ւկ, գողեգո՜ղ եկավ:

Եկավ
Ու մտավ… մազերի՜ս միջով
Ու կրունկների՛ս:
Եկավ
Ու նստեց թիկունքի՛ս վրա
Եվ կրծքի՜ս վրա:
Դիմակի նման հագավ իր դեմքին,
Իրենով և իմ ներսը հագցրեց:
Ու չհասկացա, թե որտեղի՞ց է
Եվ ինչացո՞ւ է…

Չկա ձա՜յն-ծպտո՛ւն,
Շարժո՛ւմ որևէ,
Որևէ պատկե՛ր:
Չկա խո՜րք-հատա՛կ,
Մակերե՛ս չկա,
Եվ ո՛չ էլ միջուկ:

Կա լոկ աններկա մի ներկայություն,
Ինչ-որ անմարմին-անտես մի աստված…

Ու ես ակամա կաշկանդված-ազդված,
Ինչպես անգիտակ սարյակի ձագը օձի հայացքից՝
Ես հանձնվեցի հավիտենության երանությանը…
Ես դարձա համակ մագնիսական դաշտ…
Դարձա հոսանքի մի կարճ հաղորդիչ…
Մեռա կամովի՛ն ու շնորհակա՜լ…
Ու շնորհակա՜լ…
Ու շնորհակա՜լ…
Դա ինչքա՞ն տևեց:
Մի դա՞ր:
Մի վայրկյա՞ն:
Մի ողջ մոլորակ ստեղծվեց մեգից,
Ապա դարձավ մեգ…
Եվ միայն հիմա՝
Այսքանի՜ց հետո,
Ես սկսում եմ կարծես կռահել,
Թե դա ինչի՞ց էր
Ու թե ի՞նչ էր դա:

Դա մեղմությունն էր…

24.XII.1964թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ

ՄԵՐ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

January 11, 2013 Բանաստեղծություններ

Մեզանից նրանք,
Որ լավագույնն են մարդկանց հոտի մեջ,
Հաճախ փորձում են,
Գոնե՛ փորձում են
Մի կերպ ազատվել իրենց հնօրյա թուլություններից,
Ինչպես լավերից լավը գյուղացու
Փորձում է կորցնել արդեն ծերացած իր անասունը՝
Նրան սպանել չկարենալո՜վ,
Խղճալո՛վ նրան:
Եվ ամեն անգամ
Նրանք՝ ծերացած անասունները,
Որ մեր մեջ բանող
Թուլություններն են մեզ նախընծայված,
Վերադառնում են ու գտնում են մեզ,
Ո՜ւր էլ որ տանենք – որտե՜ղ էլ թողնենք,
Վերադառնում են ու գտնում դարձյալ՝
Հուսահատության դուռ հասցնելով
Մեզանից նրանց,
Որ լավագույնն են մարդկանց հոտի մեջ:

Հազա՜ր երանի վատագույններին,
Որ հուսահատվել չգիտեն բնավ…

28.X.1965թ. Չանախչի

Կարդալ ամբողջությամբ