գեղեցիկ բանաստեղծություններ | Պարույր Սևակ - Part 5

գեղեցիկ բանաստեղծություններ tagged posts

ԻՆՁՆԻՑ, ԹԵ ՔԵԶՆԻՑ

January 7, 2013 Բանաստեղծություններ

.

Թեպետ ինքըդ մրրիկի մեջ,
Ինքդ էլ մրրիկ մի կատաղի,
Այսուհանդերձ մի՛ մոռացիր, որ մրրիկը
Տանիքներ է քշում-տանում,
Ու ջարդում է ծառեր հսկա,
Բայց արմատից նա չի հանում
Ո՛չ խոտ, ո՛չ էլ դաշտածաղիկ…

Երբ վերջանա մրրիկն այս մեր,
Ես կգնամ, հավանաբար, զբոսնելու
Եվ կավերեմ իմ ոտքերով
(Յուրատեսակ մրրիկի պես)
Ծաղիկների միատեսակ սանրվածքը
Եվ թերևըս կխաղաղվեմ՝
Մտածելով,
Որ ավագ է իմ սերն ինձնից.
Նա ծնվել է ինձնից առաջ՝
Իմ հեռավոր նախնիների սրտի խորքում,
Նրանց գործոն շնչերակի դադարի մեջ,
Բայց և ինձնից շատ ավելի կրտսեր է նա
Ու երբևէ չի ծերանա՝
Փոխանցվելով…

Իսկ քանի դեռ փոթորիկը չի վերջացել,
Թույլ տուր գոնե կառչել հիմա ձեռքին քո պաղ,
Որ մեկնում ես անջատումի այս վայրկյանիս
Այնպե՜ս դյուրին և անտարբեր,
Ինչպես օտար մեկի հետ են ծանոթանում:

Բայց մենք… ա՛յլ կերպ ծանոթացանք,
Եվ այս ձեռքն էր առաջինը,
Ինչ քեզանից ունեցա ես:
Նա դառնում է և վերջինը,
Ինչ քեզանից ինձ է մնում:
Եվ արժի՜ նա երախտագետ իմ սեղմումին…
Իսկ մենք հիմա, այս մրրիկով, անջատվում ենք,
Որ… ձեռքն իմ այս
Այս սեղանից մնա առկախ,
Ինչպես… լքված մի առարկա…
Որ… աչքերիս հին թաղանթին
Մնան նոր-նոր կարկատաններ…
Որ դաջվածքներ՝ մարմնին և՛ իմ, և՛ գուցե քո,
Ինչպես մարմնին ա՛յն կենդանու,
Որով բախտ ու սեր են փորձել
Եվ որին մեր նախնիները
Մկրտել են «զատիկ» անվամբ…

Անջատվո՜ւմ ենք…
Բայց մեզ վրա, անջատ-անջատ,
Թող իրե՛րը չգերիշխեն
Եվ չհեծնեն դեպքե՛րը մեզ:
Թող դու գտնես գոնե այնքա՛ն,
Որքան, ասե՞մ, ես եմ կորցնում…
Թող ծառերը իրենց ճոճքով
Մշո՛ւշն ավլեն մեր կտրելիք ճանապարհից,
Ու հա՜րթ լինի ճանապարհն այդ՝ գոտո՛ւդ նման,
Հենց ա՛յն գոտուդ,
Որ չգիտեմ և չգիտես՝ ո՞վ կարձակի…

Իսկ մեծ բա՞ն ես դու համարում
Մեր նետվելը այսկողմ-այնկողմ:

Օ՜ֆ, հասկացիր գոնե հիմա՛.
-Երբ ինքներս ենք փախչում մեզնից՝
Մոտենում ենք մեզ առավե՜լ…
Ծայրամաս ենք ուզում գնալ,
Բայց խրվում ենք մեր կենտրոնո՛ւմ…

Գոնե հիմա՛ դու հասկացիր…
-Լուսավոր է կյանքը թվում
Լոկ այնքանով և լոկ այնժամ,
Երբ գնում ես քեզնի՜ց այնկողմ,
Ազատվում ես ինքըդ քեզնի՜ց…

Իսկ դու հիմա, հեռանալով,
Ազատվում ես ինքըդ քեզնի՞ց,
Թե՞ ընդամենն ինձնից միայն…

24.II.1964թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ

ԲԱՐՈՎ ՏԵՍԱՆՔ

January 7, 2013 Բանաստեղծություններ

Ինձնից հեռու էր նա՜:
Ինձնից հեռու էր նա՛,
Ում ես հազա՜ր անգամ անվանել եմ կյանքում. «իմ մոտիկըս»:
Նա՛,
Ով բոլորովին անծանոթ էր նաև,
Կարծես կարոտ էր սոսկ,
Լոկ ցնորք էր:

Եվ ամե՜ն ինչ կարծես հետըս բողոքում էր…

Կարծես լեռներն անգամ շուռ-մուռ էին գալիս՝ իրենց ստվերներով,
Ինչպես ամեն գիշեր կողքից-կողք է շրջվում մեզնից ամեն մեկը,
Երբ քունն անհանգիստ է ու երազն է խառնակ:
(Թվում է, թե հիմա է՛լ չպիտի լինի ո՜չ մի ստվեր).
Պիտի լինի լոկ շո՛ղ,
Եվ շառավի՛ղ լինի,
Շառա՛յլ լինի,
Լինի երազներով խորանարդված խոր քուն,
Որովհետև…
Հիմա ես ասում եմ սիրով.

-Բարո՛վ տեսանք իրար,
Հազա՜ր բարով:

Բողոքում էր նաև,
Բողոքում էր նույնպես,
Բողոքում էր նույնիսկ… հորիզոնը՝
Իր մենությա՛ն համար,
Մենակությա՛ն համար,
Միայնությա՜ն.
Այնտեղ ժամադրվում ու հանդիպում էին երկիրն ու երկինքը,
Միա՛յն ու լոկ նրանք, ուրիշ ո՛չ մի հոգի:
(Է՛լ մենակ չեն նրանք.
Հանդիպել ենք և մե՛նք՝
Մեր հանդիպմամբ կծկած մեզ բաժանող անծիր հորիզոնը):

-Բարով տեսանք իրար,
Հազա՜ր բարով:

Մթնած երկնքի մեջ, իրիկնացող օդում,
Ինչ-որ անտես ձեռքով ինչ-որ անտես բան են զոդում:
Ջրգողությամբ հիվանդ սև ամպերը
Ապաքինվում կրկին ու լալիս են ուրախ,
Եվ անձրևը հիմա թթխմորվում,
Ուռչում-ուռճանում է պղպըջոցով:
(Թող խմորվի նաև երջանկությունը մեր
Ու դառնա հաց օրվա, ձրի նպա՜ստ՝
Իրար փնտրողների,
Բայց չգտնողների,
Միջահատված-զատված խեղճ սիրազույգերի
Ու սիրազուրկերի ափի վրա):

-Բարո՛վ տեսանք իրար,
Հազա՜ր բարով:

Երեքշաբթին, վախո՛վ, վիզն է քորում՝
Կամենալով խոսել օրենք-իրավունքից:
Բայց կիրակին, հեռվի՛ց, բիբում նրան,
Բայց կիրակին նրան սաստում է խեթ.
(Թող մե՛կ շաբաթվա մեջ զո՛ւյգ կիրակի լինի)…

-Բարո՛վ տեսանք իրար,
Հազա՜ր բարով:

21.II.1964թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ

ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ

January 7, 2013 Բանաստեղծություններ

Հանդիպումը բաժանումի սկիզբն է հենց…

Հանդիպեցինք այդ ե՞րբ արդյոք,
Որ գնում ես, գնում արդեն:

Իմ գտնըվա՛ծ – միա՜կ մակդիր,
Ամենաճի՛շտ բաղդատություն.
Դեռ նո՛ր գտած՝ թռչո՞ւմ ես դու մտքիցս արդեն:

Համ չեն զգում միայն բերնով:
Համ զգում են հոգո՛վ նաև:
Եվ գնո՞ւմ ես, գնո՞ւմ արդեն,
Որ հռչակի անհամությունն իրեն արքա
Ու դարձնելով հոգիս ոստան ու տնքացո՜ղ աթոռանիստ,
Իշխի նաև իմ կեղեքվող ծայրամասո՞ւմ…

Եվ համբուրված իմ շուրթերին դողդողում են սիրո խոսքեր,
Ինչպես ցողի կաթիլները ա՛յն թփերին,
Որոնց վրա անհոգ քամին դասն է սերտում իր գժտության:
Ու ես անվերջ փորձ եմ անում
Իմ թափանցիկ լռության տակ պահվել մի կերպ:

Քո փեշերը փաթաթվում են գիրգ ծնկներիդ.
Խանգարել են ուզում կարծես, որ չգնաս:
Ծխախոտն է մեջըս հազում:
Ստվերները հոտոտում են հողը կրկին.
Կամենում են կարծես զգալ
Անցած տեղիդ բուրմունքն անանց:
Քաղաքային փողոցների լույսերն աղոտ
Փոշոտ քամուց իրենց աչքերն են շուտ թարթում,
Ինչպես մարդը, երբ ուզում է լաց չլինել…

Պիտի գնա՜ս…

Պիտի գնա՜ս,
Որ քանի դեռ չենք հանդիպել՝
Փողոցն այնպե՛ս ինձ կարոտի,
Ինչպես ես քե՜զ:

Պիտի գնա՛ս,
Որ ածխացած սպասումը
Բոլորագիծ քաշի իմ շուրջ՝
Ինձ դարձնելով սուր շառավիղ,
Սիրտըս՝ կենտրոն,
Որ ամեն ոստ իր ստվերով
Ցույց տա ժամը՝ սլաքի պես,
Ու շրշյունով զրընգացնի նույն ժամն էլի.
Որ ես զգամ, ուշացումով,
Թե ինչպես է սահում-անցնում
Կյանքն իմ կողքով,
Ես էլ՝ կյանքի,
Չդիպչելով երբեք իրար:

Պիտի գնա՛ս,
Որ ես անվերջ իմ մտքի մեջ,
(Թութակի պես կամ անվտանգ խելագարի)
Նո՛ւյնը կրկնեմ.
«Շատը… գը-նաց, քի-չը մը-նաց»…

Եվ քանի որ պիտի՛ գնաս՝
Դե, շո՛ւտ գնա, որ շուտ էլ գա՜ս, շատ չմնա՛ս:
Տե՛ս,
Օրորվող այս լապտերից
Ես մի շող եմ քաշում-պոկում.
Ա՛ռ,
Փաթաթիր ցուցամատիդ՝
Իբրև գունեղ մի հուշաթել,
Որ… վայրկյա՛ն իսկ չմոռանաս
Ու… շո՜ւտ դառնաս:
Իսկ քո երգուն քայլքի թելն էլ թող փաթաթվի
Մայթի՛ն այս գորշ, այս տա՛նը գորշ և իմ հոգո՜ւն,
Որ… բոլորս էլ (մա՛յթ, տո՛ւն, հոգի՜)
Մեկ վայրկյան իսկ չմոռանանք
Եվ սպասենք քեզ անհամբեր.
Իսկ ոլորուն-կպչուն ձայնը մեր համբույրի
Թող համերգվի այս վիրավոր լռության մեջ
Ու որբացած մեր սեփական ականջներում,
Իսկ հեռվահաս ժպիտները մեր փոխանցիկ
Թող դրոշմեն իրենց վրա ապակիներն այս լուսադող՝
Սպասումի կնիքի պես…

-Ցտեսությո՛ւն:
Ի տեսությո՜ւն…

20.II.1964թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ

ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ

January 3, 2013 Բանաստեղծություններ

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։

Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար և աշակերտե՜լ
Գեղեցկի՛ն‚
Բարո՛ւն‚
Վսեմի՛ն‚
Լավի՜ն…

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով…
Պարզապես մահն էր մեզ սիրահարվել‚
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։
Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
Ո՜ւր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.
Շինել ենք կամուրջ‚
Կապել ենք կամար‚
Ամե՜ն տեղ հերկել‚
Հասցրել բերքեր‚
Ամենքի՜ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ր՝
Պաշտպանել նրանց հոգևոր ցրտից‚-
Ամե՜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
Մեր հոգուց՝ մասունք‚
Եվ նշխար՝ սրտից…

Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ –
Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
Գիտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով…
Հօգուտ արդարի և արեգակի
Գիտենք քվեարկել մեր կյանքով նաև…
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
Մենք գիտենք մխա՛լ – և կրա՜կ մարել.
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
Գիտենք մոխրանալ որպես վառ կերոն.
Եվ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել‚
Բայց ուրիշներին մի՜շտ էլ հարգելով…

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք –
Մեզ հա՜յ են ասում։
Եվ ինչո՞ւ պիտի չհպարտանանք…

Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ – շատանա՜նք:

19,25.I.1961թ. Երևան

 

Կարդալ ամբողջությամբ

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

January 1, 2013 Բանաստեղծություններ

 

Լավագույն ժպիտ ասվածը, անշո՛ւշտ,
Փա՛կ աչքերովն է:

Իսկ լավագույնը երազանքների՝
Բա՛ց աչքերովը:

Լավագույն երգը
Բաց պատուհանից – հեռվից լսածն է:

Լավագույն խոսքը
Լռության խորքում լռին ասածն է:

Լավագույն ազգը այն է, երևի ,
Որ չի ունենում հսկա կայսրություն:

Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:

Լավագույն դիմակն այն է, անկասկա՛ծ,
Որ կոչվում է դեմք:

Լավագույն դերը՝
Վա՛տ խաղացվածը:

Լավագույն սերը՝
Կիսա՜տ թողածը:

Լավագույն տանջված ու տառապածը
Վարդն է (երգերո՛ւմ):

Լավագույն կապիկն աշխարհում (էլի՜)
Մարդն է երևի:

Լավագույն մարդն էլ (ո՛չ մի երևի)
Ներեցեք… ես եմ…

13.III.1967թ. Արզնի

Կարդալ ամբողջությամբ

Մենք իրար ձեռք չսեղմեցինք…

January 1, 2013 Բանաստեղծություններ

Մենք իրար ձեռք չսեղմեցինք
Եվ չասեցինք իրար անուն,
Լոկ ժպտացիր դու գեղեցիկ,
Ես հայացքով ողջունեցի,
Ե՞րբ են այդպես ծանոթանում:

Մենք իրար ձեռք չսեղմեցինք,
Բայց ծանոթ ենք իրար արդեն,
Դու իմ երազն ես գեղեցիկ,
Որ իմ ձեռքով ստեղծեցի,
Բայց չեմ կարող ձեռքով քանդել:

Վաղուց արդեն ծանոթ անուն
Ու սիրելի դեմք ես դարձել,
Որ վայելքներ է խոստանում,
Աչքով կանչում, ձեռքով վանում,
Ուզում է ինձ քաղցր տանջել:

Ես ուրիշին եմ պատկանում,
Դրա համար օտար եմ քեզ,
Դրա համար ես ինձ վանում,
Այդ է գոնե խոստովանում
Հայացքը քո պարզ ու անկեղծ…

…Ծանոթներ ենք ապօրինի,
Չսեղմեցինք մենք իրար ձեռք,
Բայց ե՛կ, այսօր մի վարանի,
Սեղմենք իրար մի գրկի մեջ,
Ծանոթանանք այսօր նորից
Օրինաբա՜ր, ապօրինի՜…

Կարդալ ամբողջությամբ