ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ | Պարույր Սևակ - Part 2

ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ tagged posts

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ

January 1, 2013 Բանաստեղծություններ

.

Սիրելի իմ, հարազատ իմ, ընկեր իմ,
Որ հանգչում ես այժմ անհայտ մի խորշում,
Ջահել սրտով, անկնճիռ ու անխորշոմ,
Դու իղձերիս, ապրումներիս մտերիմ:

Ես – եղբայրդ՝ տվայտանքով քո հոգու,
Ես – ընկերդ՝ սրտիդ զարկով բաբախող,
Հարազատըդ փարված կրծքիդ սրախող,
Մի վառ հույսով խոր վերքերդ եմ ամոքում:

Գուցե վաղը ես էլ թաղվեմ մի խորշում
Կույր ու դաժան մի գնդակով՝ բութ արճիճ,
Թաղեմ ճակատն իմ անկնճիռ, անխորշոմ:

Ու թող մեռնենք, եղբայր, սիրով ու անճիչ,
Վառ հավատով, որ սերունդները անցավ,-
Կկերտեն մեզ փառքի անմահ հուշարձան…

[1942թ.]

Կարդալ ամբողջությամբ

ԶՂՋՈՒՄ

January 1, 2013 Բանաստեղծություններ

Ճաշակած մայրական գգվանքի հետ կարոտիդ լեղին,
Մարմնական հանգստի հետ՝ հոգու խռովք,
Թույլ տուր այսօր, քույր իմ, դարձնել քեզ արնոտ կառափնատեղի,
Եվ ինձ մորթել այնտեղ մեղանչման ու զղջման անագորույն սրով…

Քանզի դու էիր միայն՝ հասկացար ապրումներս խելագար,
Անկումներս՝ թռիչքից առաջ, դժգոհ հայացքս՝ թռիչքից հետո.
Տեսար միտքս – գայլի պես անկուշտ, գայլի պես ագահ,
Լսեցիր տիրական ճախրանքը ոգուս, որ զարկվում է լոկ հանճարի նետով:

Քանզի դու էիր՝ անսարսուռ իջար հոգուս վիհերն ի վար,
Հոգուս անհունները – մռայլ, ահալի, անհատակ,
Ուր լպրծուն են ծերպերը, քարանձավներն – ամայի, քարափները – խավար,
Ուր պատահմամբ ընկածին կյանքս թվում էր անմիտ և երգս՝ անախորժ կատակ:

…Սակայն դու անհատակ վիհերից այդ ելնելով անելարան,
Երջանիկ և գոհ ժպիտով մի, որ հատուկ է գանձեր պեղող մարդուն,
Հասկացար, որ հրաշք էր կյանքս – անհունորեն հարուստ և գերառատ…
Տեսար այնտեղ արարիչներ – երկնող, արքաներ – անթագակիր և դևեր – մշտարթուն:

Ըմբոշխնեցիր ցավով՝ անդառնալի հաճույքի հետ միասին,
Քաղցր ու դառն շիճուկներն իմ՝ սրբագործված արյունիս մեջ,
Սերս հավերժորեն խոստումնալից և վայրկենապես խաբուսիկ,
Հոգիս, որպես հավերժ մատյան և մարմինս՝ նրան գրքակալ…

Չխնդացիր, երբ հիվանդ էի հոգով՝ առանց պատճառի և անցավ,
Չլքեցիր, երբ լքեցի քեզ – անգետ քո հոգուն, քո լույսին կույր,
Եվ խոստումի ու սիրո, և դրժման ու լքման մեջ ինձ հասկացար,
Կեղտով ապական հոգիս դիտելով՝ անբիծ ու մաքուր…

Եվ հիմա ես, անցած անվերադարձ ճանապարհի կեսից
Ետ նայելով, քույր իմ, ի՞նչ խոսքերով արդյոք արդարացում հայցեմ,
Ինչպե՞ս հասցընեմ քեզ զղջման երգն այս իմ,
Երբ սերըս – սուրհանդակ՝ անհանգրվան անցել
Եվ իր հետ տարել է սրտիդ մերձենալու անկրկնելի հասցեն…

1942թ.

 

Կարդալ ամբողջությամբ

ԱՆԽՈՐԱԳԻՐ

January 1, 2013 Բանաստեղծություններ

…Ես նոր մի պոետ, անհայտ տակավին,
Խոհերի անտես մակույկին նստած՝
Չգիտեմ արդյոք կլինի՞ քամի,
Որ առաջ մղի իմ առագաստը,
Թե ինքս պիտի շապիկն իմ՝ կայմին
Առագաստ շինեմ, նոր լինեմ վստահ,
Որ երգն իմ նորեկ, նավը իմ գանձի
Պիտի ընթանա օվկիաններն ի վեր
Եվ փոթորկածուփ ծովերում անծիր,
Որպես գալիքի անմարմին նվեր,
Պիտի շնչով իր անանձնապատկան
Վառվի որպես վես, սրբազան պատգամ…

Մեր երկրի վրա կախվել են ահեղ
Օրեր՝ մառ ու մութ և դաժան կարի
Ցանկալով մահվան թույնով վրդովել
Հանգիստը երկրի մեր չնաշխարհիկ…
Եվ ելել ենք մենք մեր այգաբացով,
Մեր ուժով համակ, վաստակով արդար,
Ջնջելու չարիքն այդ արյունացոլք,
Կոտրելու վերջին այդ կեռը խարդախ,
Վերջին տերերին այն ժանտաբարո
Եվ իշխաններին բոլոր այն արբշիռ
Խեղդելու իրենց իսկ արնակարոտ
Հատուցման ծովում – անտես, անկշիռ…
Արդ ժամն է հասել, գնում եմ ես էլ
Դեպ մարտնչող մեր այն բազմագունդը,
Ուր մահը անվախ սրտեր է տեսել,
Ուր ուռճանում է հաղթության հունդը…
Գիտեմ, որ մահը շռայլ է այնտեղ
Իր դառնապատիր գգվանքների մեջ,
Եվ տևողությամբ մի ակնթարթ է,
Շատ կարելի է գտնել մահվամբ վերջ…
Ուրեմն գունատվի՞ հերոսությունն իմ,
Եվ գոյությունն իմ դառնա մի առա՞նցք,-
Վախկոտության հին մազութով յուղված…
Ուրեմն դալկանա՞ մահվան պաղ շնչից
Արհամարհանքն իմ՝ սին մահվան հանդեպ,
Եվ մոլեգնակամ վրնջող իմ ձին
Դառնա նապաստակ – վախկոտ ու անդե՞մ…
Օ՜, ո՛չ… թող լինեմ Կապլան էսերական –
Իմ առաջնորդի կյանքի դեմ դավող,
Եթե առկա է երգիս շեփորին
Այսօր կեղծիքի շպար կամ օքսիդ,
Եթե անապակ երգիս սափորին
Կաթում է անջինջ, պղտորող մի շիթ…

Գնում եմ այնտեղ և սարսում չունեմ
Ես մահվան հանդեպ – մոլի և անգութ…
Իմ անվախության սրտերն աճում են
Իրար հաջորդող օրերի հանգույն:
Գունատվիր, ով մա՛հ… Չարագույժ ագռավ,
Դու աներևույթ, անտես բորենի,
Անգոյության հուր – աննյութ, անկրակ,
Դու թունոտ անչար, տեսքով ցորենի…
Դու, որ անտես ես, դու, որ աննկատ,
Դու, որ անձև ես չար կասկածի պես,
Խանդի պես սնվող – անստինք, անկաթ,
Վրեժի նման անվրեպ այնպես…
Դու, որ կասկածի, վրեժի, խանդի
Նման շարժվում ես աննկատ, անկանգ,
Սակայն նրանց պես, կաս հնուց անտի
Որպես սրտերի փորձության փականք:
Գունատվիր, ուրեմն, դալկացիր, սողա
Խլուրդի նման կամ ինչպես սողուն,
Եվ իմ (օ՜, ո՛չ, մեր) շնչից դողդողա,
Մալարիայից են ինչպես դողդողում…
Դու, որ գոյության բյուր հազար կանթեղ
Մարել ես դաժան քո սառը շնչից,
Դու, որ եղել ես հաղթական, քան թե
Քո որդին – կյանքը՝ քո հանդեպ չնչին,
Արդ պիտի փոխենք հին դերերը մենք
Ներդաշնակությամբ օրինածնիչ,
Եվ պիտի դողաս ինձանից, ով նենգ,
Ինչպես կանթեղը սառն ածխածնից:

Քանզի ես ահա գալիս եմ քո դեմ
Հոգուս մեջ ծիծաղ, բաքոսյան խնջույք,
Մի վակխանալիա, մի ուրախ հանդես,
Մի աստվածային խրախճահաճույք…
Քանզի ես ահա գալիս եմ քո դեմ
Գիտցած լինելով ինչո՞ւ եմ հագնում
Քո քղանցքը սև և իրանապիրկ,
Ինչո՞ւ եմ այսքան շատ վաղ հավաքում
Դեռ նոր բաց արած ծիրանահագի
Առագաստը իմ, այս ուրախ կյանքում…
Գնում եմ ես էլ ցանեմ մի հատիկ
Այն գալիքնահունձ լայն մարգագետնում,
Որ չըդառնա մեր աստղը մահատիպ,
Ժանտաժանտ, դժնի աշխարհի մթնում,
Որ անծիր երկնում մեր բազմաաստեղ
Օտար մի թռչուն խենթ չսավառնի,
Որ կարմիր ոգուն մեր չըպատվաստեն
Ոչ մի գոսական ճյուղ, ոստ եղեռնի,
Որ կապուտաչյա ջրերում մեր ջինջ,
Օվկիանոսներում անգամ սառցանիստ
Ոչ մի խորթ մակույկ, առագաստ ոչ մի
Չըլողա, այնտեղ չգտնի հանգիստ,
Որ հայրենիքիս արդարավաստակ
Հողը մի օտար ոտք չըտրորի,
Որ այնտեղ մարդը՝ հոգով անկաշկանդ
Գալիքի հազար հույսեր օրորի,
Որ ցուցամատը մեծ առաջնորդի
Նորից ու նորից մնա ուղենիշ,
Որ միշտ ժպիտով ճանապարհորդի
Մեզ դեպի կարմիր հաղթության ֆինիշ…
22-23.VII.1941թ. Նավչալու

Կարդալ ամբողջությամբ