խենթ աղջիկ tagged posts
-
ՄԵՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
January 24, 2013
Բանաստեղծություններ
-
.
Մենք շապիկով չծնվեցինք: Եվ մեզ համար
Ուրիշ տեսք է երջանկությունը միշտ կրել:
Մեզ ծնել է, աշխարհ բերել համեստ մի մայր,
Բայց մեզ ինքը պատմությունն է որդեգըրել:Մի աղջիկ է կյանքում սիրել ու մեզ փնտրել,
Մի խե՜նթ աղջիկ՝ երազների հետքով տարված:
Բայց գիտեինք, որ ապագան է մեզ ընտրել,
Որ ինչպես մենք՝ նա էլ մեզ է սիրահարված:Համե՜ստ մի տուն,- բայց գիտեինք, որ հայրաբար
Լայն աշխարհն է իր դռները մեր դեմ բանում:
Աշխատանքի, ծառայության տանող ճամփա,-
Բայց գիտեինք, որ գալիք է նա մեզ տանում:Առօրյական մեր հոգսերում ու մեր գործում
Կար մի իմաստ, կար մի խորհուրդ անբռնելի,
Որ գինու պես ուշացումով է ներգործում
Եվ որ միայն մեզ համար է ըմբռնելի:Մեր խոսքերում կար մի շշուկ, կար մի հնչյուն,
Ամեն ինչում մի երազ էր վեր խոյանում,
Որով անգամ թշնամուց ենք մենք ճանաչվում,
Բարեկամին առանց թարգման ներկայանում:Անգամ մահը… Նա մեզ համար վախճան չէր, ո՛չ:
Նա մեզ համար գործի կես էր, շարունակում.
Այդպես երեկ մարմիններով իրենց առողջ
Գնդացրի երախն էին մերոնք փակում:Իսկ կյա՜նքը մեր… Մենք շապիկով չծնվեցինք.
Երջանկության այլ չափանիշ է մեզ տրված…
Մեզ նա՛ միայն կհասկանա, ով գեղեցիկ,
Բայց հեռավոր մի կնոջ է սիրահարված…01.VII.1951թ. Մոսկվա
Կարդալ ամբողջությամբ