սեր | Պարույր Սևակ - Part 2

սեր tagged posts

ԱՄՊՈՏ ԵՂԱՆԱԿ

January 15, 2013 Բանաստեղծություններ

.

Խելքըս հալվում է ոսկորներիս մեջ,
Հալվում ու հոսում արյան պես անգույն`
Իմ ոսկորները դարձնելով ասես սպիտակ երակ:
Ու ես դառնում եմ… համատարած սիրտ.
Շարժումներս ամեն` սրտի բաբախում,
Բոլոր ձևերըս` շարժումներ սրտի…

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Իսկ դրսում ցուրտ է,
Դրսում` ամպ ու զամպ,
Իսկ դրսում հիմա տարանցիկ քամին
Տոմսակ է փոխում ա՛յն կայարանում,
Որ ո՜չ մի տեսակ ցուցանակ չունի:
Եվ խշտրուքը անօգ ծառերի`
Շնչառությա՛ն պես,
Հևոցի՜ նման`
Խուժում է սրտիս համատարածը,
Խուժում, գրավում ու նստում ծանըր`
Չինգիզ խանի՛ պես,
Լենկ Թեմուրի՛ պես
Ու թուրքի՛ նման:

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Անվավեր սիրո հորձանուտի մեջ
Գլուխս եմ հանում ես` լոտոսի պես.
Մինչև կզակըս արդեն ջրասույզ`
Չեմ խեղդվում դարձյալ:
Իսկ հետամնաց արփին, վերջապես,
Ծագում է դրսում,
Ծագում կեսօրին,
Աշխարհը ներկում ծաղր ու ծանակով:
Տարանցիկ քամին մեկնում է հեռու,
Ամպերը մատնում-դավում են իրար,
Ու խշրտուքը մրսող ծառերի
Հրդեհում է ինձ, կրակի մատնում`
Չինգիզ խանի՛ պես,
Լենկ Թեմուրի՛ պես,
Ու թուրքի՜ նման:

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Իգությունն օդի սիրտս է խռովում,
Սիրտըս, որի մեջ, արյան հետ մեկտեղ,
Հոսում է նաև իմ խելքը հալված:
Ու վերջանում է ահեղ անձրևով
Ինքնամատնությունն անարգ ամպերի:
Սևերես երկինքն ինքնաբավորեն
Դառնում է իսկույն պարզերես կրկին
Ու մթնոլորտը` արդեն լուսոլորտ:
Եվ ժամանակն է կախվում օդի մեջ`
Նո՛ւյն Չինգիզ խանի հորդայի նման,
Նո՛ւյն Լենկ Թեմուրի բանակի հանգույն
Ու մորեխի պես միևնույն թուրքի՛:

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Սառչում են դանդաղ
Երակներս ամեն ու ոսկորներըս.
Ո՛չ հալած խելքի,
Եվ ո՛չ էլ արյան հոսք ու ընթացում:
Ու վավերացված սիրո ճանկերից
Մնում է միայն մի սիրտ բզկտված`
Արդեն ավերվա՛ծ,
Ավարվա՜ծ արդեն,
Որպես երբեմնի մի քաղաքամայր,
Որով անցել է տարանցիկ քամին`
Նո՛ւյն Չինգիզ խանը,
Նո՛ւյն Լենկ Թեմուրը,
Միևնույն թո՜ւրքը:

Տե՜ր աստված, փառքըդ շա՛տ լինի…

08,19.XII.1962թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ

ՍԵՐԸ՝ ՀԱՆԵԼՈՒԿ

January 13, 2013 Բանաստեղծություններ

Ե՞րբ և ինչպե՞ս է,
Որ մենք մեր գլխով
Կարծես դիպչում ենք արևի գլխին
Ու մեր ոտքերի տեղն ենք մոռանում,
Քանի որ սրանք
Խրված են լինում
Օվկիանի խորունկ հատակում կարծես…

Ե՞րբ և ինչպե՞ս է,
Որ մեր աչքերը
Խոշորանալով ու լայնանալով
Բռնում են կարծես ամբողջ դեմքը մեր,
Ու մոռանում ենք տեղը մեր սրտի,
Որ տրոփում է արդեն… ամենո՜ւր՝
Մեր կրծքի նաև ա՛ջ կողմում,
Նաև
Մեր ծնկների՛ մեջ,
Մեր կրունկների
Ու մինչև անգամ… ատամների՛ տակ…
Եվ տնավորված մեր սիրտը
Դարձյա՜լ
Տնավեր դարձած
Ու թափառական դարձած վերստին,
Ճամփա է ընկնում
Մաշված հետքերով անքուն կարոտի՝
Ինքն իրեն նորից դառնալու հույսով…

Վերջապես, ասա՛, ե՞րբ և ինչո՞վ է,
Որ ցավի հումը
Եփվել-եռալով դառնում է տանջանք…
Եվ մի այնպիսի՜-այնպիսի՜ տանջանք,
Որ մեզ դարձնում է… կենտրոն աշխարհի:

13.III.1967թ. Արզնի

Կարդալ ամբողջությամբ

ՊԱՐՏՔԻ ՏՈԿՈՍՆԵՐԸ

January 10, 2013 Բանաստեղծություններ

Առավոտն է հասունանում՝ մտքի նման.
Պիտի պոռթկա նա շատ շուտով
Եվ սրտաքամ իր իսկ հյութով
Կրկին ներկի
Երկին-երկիր:

Օրն է գալիս
Պարտատիրոջ վստահությամբ,
Իբրև անգութ մի վաշխառու:
Պարտ եմ իրոք՝
Սիրո՛ դիմաց,
Ու պարտավոր եմ վճարել մի կարոտով,
Որի շահն է իրեն ծածկում…

Ու ես
Հոգնած ուրախությամբ
Հեռվից հեռու ժպտում եմ քեզ
Սիրո՛ղ, ներո՛ղ ու համբերո՜ղ մի ժպիտով…

Հանկարծակի-միանգամից
Արբունքի է հասնում քամին,
Եվ ձները
Նրա տաք-տաք ակնարկներից ամաչելով՝
Տեղն ու տեղը հալվում են լուռ:

Վտիտ վտակն աչքիս առաջ
Նույնքան արագ
Հասունանում-դառնում է կին
Ու փռվելով փարթամ մեջքին՝
Սարսռում է…

Միայն ես եմ, ես եմ մնում նո՛ւյնը կրկին՝
Նո՜ւյն մշտական պարտապանը
Իմ գերհասուն սիրո դիմաց,
Եվ պարտավոր եմ վճարել մի կարոտով,
Որի շահն է իրեն ծածկում:

Իսկ քո սե՜րը…
Ե՞րբ պիտի նա հասունանա:
Թե չէ, գիտե՞ս,
Եթե անվերջ այսպես գնա՝
Ես երբևէ պարտք չե՜մ փակի.
Պարտքը, գիտե՞ս, նա՛, դռան պես,
Իր կողպեքով ինձ կփակի…

23.III.1964թ. Դիլիջան

Կարդալ ամբողջությամբ

Պարույր Սևակի նամակը Սուլամիթային

January 9, 2013 Սևակի կենսագրությունը

“3.5.1961թ.
Երևան

Սևակի նամակը Սուլամիթային

Սևակի նամակը Սուլամիթային

Ես համատարած վերք եմ: Եվ սրանք բառեր չեն, այլ փաստ: Ես ամբողջությամբ ճիչ եմ. “Սուլաաաա”: Ես անդիմադրելի լաց եմ:
Իմ հոգում թախիծ է:
Դե օգնիր ինձ, ախր ես քո հարազատն եմ:
Ես չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ, եթե այսպես շարունակվի:
Ինձ համար այնպես ծանր է, որ ուզում, ամբողջ սրտով միայն մի բան եմ ուզում. մեռնել: Անկեղծ ասեմ, և ծանրակշիռ. ուզում եմ մեռնել…
Դու ինքդ էլ չգիտես, թե որքան թանկ ես ինձ համար, թե որքան եմ սիրում ես քեզ:
Ինչու՞ եկար: Պետք չէր…
Հանգստացրու ինձ: Չէ՞ որ ես քո հարազատն եմ:
Այդպես չի կարելի.- նստել ծառուղում և օրը ցերեկով լաց լինել:
Ինչու՞ դու կողքս չես, որպեսզի ինձ նայես թախծոտ-թախծոտ:
…Հենց նոր ստացա հեռագիրդ: Անհանգիստ եմ քեզ համար: Թող նա չտանջի քեզ, թող չհամարձակվի, թե չէ ես նրան կսպանեմ: Թող նա շատ սիրի քեզ, շ-ա-տ, թե չէ… Ինքս էլ չգիտեմ:
Շտապ ինձ գրիր, թե ինչպես ես և ինչ կա: Շատ անհանգիստ եմ:
Էլ գրել չեմ կարողանում:
Շտապ գրիր, թե որտեղ ես: Ամսի 7-ին ինչպե՞ս շնորհավորեմ քեզ, որտե՞ղ:
Մոսկվայո՞ւմ: Սոչիո՞ւմ: Եվ որտե՞ղ ուղարկեմ այս թուղթը: Սոչի՞:
Եթե դու այն ստանաս ամսի 7-ին, ընդունիր իբրև շնորհավորանք, իսկ իսկականը հավանաբար կստանաս ավելի ուշ:
Սուլաաա:
Ես սիրում եմ քեզ, սիրում եմ խելագարի պես, գազանի նման, ինչպես հիվանդ:
Գրկում եմ քեզ, հպվում եմ քեզ, միանում եմ քեզ հետ:
Եվ լալիս եմ: Եվ լալիս եմ: Աստված մի արասցե, որ քեզ համար էլ այսքան անմարդկային տխուր լինի:
Սիրելիս:
Սիրելիս:
Սիրելիս:
Շատ վատ եմ աշխատում: Այսինքն` չեմ աշխատում:
Վաղվանից սկսելու եմ:
Դու ինձ շատ ես պետք: Մի կորչիր:
Ես միշտ քոնն եմ լինելու:
Ոչ մի էժան բան մի արա.- սա խանդ չէ, այլ եղբայրական հարաբերություն:
Քեզ օգնել, հարազատս, ցավոք չեմ կարող.-ինչ-որ կերպ ապրիր, մինչև որ փող կհայտնվի:
Չի կարող պատահել, որ մինչև գարուն չհանդիպենք.- կխելագարվեմ կամ ինքնասպան կլինեմ:
… Խաբում եմ (բանաստեղծորեն), թե գիտեմ քո անվան գույնը:
Բայց թե ինչ բույր ունես դու, դա արդեն հաստատ գիտեմ, էլ չեմ ասում համի մասին:
Իմ բուրմունք, ախր ես չեմ կարող առանց այդ բույրի:
Թույլ տուր ինձ` Սողոմոնիս, ընկնել քո որովայնին ու հոտոտել այդ բույրը…
Հանկարծ հասկացա, որ ֆի-զի-կա-պես, թե ինչպես եմ քեզ ցանկանում, իմ է-գ-ի-ն…
Համբուրում եմ որովայնդ, և չգիտեմ, թե ինչպես եմ քնելու: Քեզ եմ ուզում, ուզում, ու-զ-ու-մ: Ուզում եմ հայհոյել!!!”

Կարդալ ամբողջությամբ

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՍԻՐԵԼ

January 9, 2013 Բանաստեղծություններ

Քիչ է պատահում, որ ինքըս ինձնից
Փոքր-ինչ գոհ լինեմ:
Դժգոհ եմ հաճախ,
ՈՒրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:

Բայց ես սիրում եմ ինքըս ինձ սիրել:

Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ:
Ես ինձ այդ պահին այնպես եմ ժպտում,
ինչպես ժպտում են ա՛յն կոր գերանին,
Որ գետի վրա դարձել է կամուրջ,
Եվ ա՛յն մանուկին, որ ոտաբոբիկ
Մտել է առուն և – թա՜ց վարտիկով –
Կավ է դուրս հանում,
Որ նավակ շինի:

Կարդալ ամբողջությամբ

ԱՆՑԱԾ ՍԵՐԵՐԸ

January 8, 2013 Բանաստեղծություններ

-Իմ սերե՞րն անցած…

Նախ՝ նորի՛ց ասեմ,
Որ սերը չունի շարունակություն,
Այլ միայն սկի՜զբ,
Որ չի՛ կրկնվում,
Ինչպես… ծննդյան եզակի օրը:
Եվ հետո… հետո՝
Որքան էլ ջանանք ու ձգտենք սիրել՝
Երբեք ավելին չե՛նք ունենալու,
Ինչպես չի լինում… ավելորդ ատամ:

Սիրո համեմատ
Թիվն ատամների շա՞տ ես համարում:
Բայց մի՛ մոռացիր, որ ես, ճիշտն ասած,
Դեռ չեմ բաժանվել ո՜չ մի սիրածից.
Իրենք են փոխել անուններն իրենց,
Կերպարանքն իրենց,
Իրենց հասակը,
Իրենց տարիքը,
Սակայն ո՛չ իրենց:
Եվ ի՜նչ փոխել են՝ իրե՛նք են փոխել,
Իրե՜նք, ո՛չ թե ես,-
Այս մի՛ մոռացիր:

Եվ զուր մի՛ հարցրու,
Թե ո՞րն է եղել իմ ամենամեծ սերը:
Մի՛ հարցրու:
Սերերը, սե՛ր իմ,
Եթե մինչև իսկ անհավասար են՝
Անհավասար են, ինչպես… մատները.
Ո՞ր մատդ կտրես՝
Պիտի շատ ցավի կամ պակաս ցավի:
Էլ ի՞նչ ամենա…

Ախ այս ամենա-ն…
Իսկ երբևիցե չե՞ս խելագարվել գեթ այն աստիճան,
Որ հանկարծ մի օր լրջորեն խորհես,
Թե դժբախտության մեր զգացումը
Գալիս է հենց այդ… այդ ամենա-ից.
Անծանոթ է դա ո՛չ միայն բույսին,
Այլև կենդանո՛ւն,
Ապուշի՜ն նաև,
Եվ սրանք իրենց… դժբախտ չե՜ն զգում…

Ամենա չկա՜:
Վատ ու լավ կա լոկ:
Ու եթե սեր է՝
Էլ ի՞նչ վատ, ինչպե՞ս,
Ու եթե սեր է՝
Էլ ի՞նչ ամենա…

-Իսկ անցած սերերն, ի՜նչ է, չեն մեռնում:
Իսկ եթե նույնիսկ, աստված չարասցե, մեռնում են նրանք,
Դարձյա՛լ ապրում են մեր տարողունակ հիշողության մեջ,
Ինչպես մեր… մեռած երեխաները…
Ահավոր ցավը չե՛ն վերհիշեցնում:
Գրկի՜ր ինձ:
Մեղք եմ…

19.III.1964թ. Դիլիջան

Կարդալ ամբողջությամբ

ԳԱՐՆԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈՏԸ

January 8, 2013 Բանաստեղծություններ

-Հարկավոր չէ՜,- ասում եմ ես ինքըս ինձ,
Ասում եմ ես մտքիս մեջ
Ու մեկ-մեկ էլ՝ գժի նման՝ բարձրաձայն:
Հարկավոր չէ՜ այս նոր սերը ո՛չ մեկիս՝
Ո՛չ քեզ, ո՛չ ինձ:
Ո՜չ մեկիս…

Բայց ակամա դերասանից (հասկանո՞ւմ ես, ակամա՜),
Հա՛, ակամա դերասանից ո՞վ է դժբախտ առավել…
Եվ կույր ձեռքս
Կույրին հատուկ խարխափումով ու դողով
Հեռվից-հեռու ձեռքդ, մեջքդ կամ աչքերդ է որոնում
Եվ մոլեգին շոշափումով կարծես նրանց վրայից
Ջնջում է իմ «հարկավոր չէ»-ն տառ առ տառ…

Վա՜յ քեզ, թշվա՛ռ երջանկություն,
Տանջանքի հո՛ղը գլխիդ:
Մի՞թե նրա չափ էլ չկաս, որ չտանջես ինքըդ քեզ,
Որ մոռանաս «միթե»-ները,
«Չէ որ»-ները քո երկսայր
Եվ անձնատուր լինես ինքըդ քո ընթանցքին
Գարնան պես:

Իսկ գարո՜ւնը…
Արձակվում է ճամփաների պաղն արդեն:
Կպչուն ցեխն է հովեր առնում իշխելու:
Եվ ձների մարմնի վրա վտակները հալոցքի
Իրենց հունով բաց են անում նորանոր
Երակներ ու զարկերակներ սև ու տաք.
Սկսվում է մի նոր գարուն անհատա՜կ ու անհատա՛կ՝
Երազի մեջ մեզ պատահող անկումի՛ պես անհատակ…

Ինչքա՜ն կուզես «հարկավոր չէ՛» գոռգոռա.
Ինչքա՜ն կուզե թող ուղեղըդ երկմտանքի սև ջերմից
Ձյան պես հալվի,
Դառնա պաղած թանապուր.
Ինչքա՜ն կուզես խաչ դիր վրադ
Քո սեփական արյունով,-
Միևնո՜ւյնն է.
«Հարկավոր չէ՛»-ն իր իսկ կամքին հակառակ,
Ինքն իրենից թաքուն անգամ՝
Ի վերջո
Վերափոխվում ու դառնում է «ի՜նչ ուզում է թող լինի»,
Որովհետև… մարդը մա՜րդ է, ո՛չ թե քայլող գաղափար…
Որովհետև… «չէ որ»-ները նո՛ւյնպես քնել են ուզում…
Որովհետև… ինքդ գարնան վտանգավոր հոտ ունես…
Որովհետև… ինքս էլ գարնան վտանգավոր այդ հոտից
Միշտ զգում եմ գլխապտույտ,
Որ տևում է ամիսներ…
Որովհետև… պարտվե՞լ, այո՛,
Ումի՜ց կուզես դու պարտվի՛ր,
Սակայն ո՛չ թե ինքդ քեզնից.
Ինքդ քեզնից պարտվելով՝
Դու դառնում ես փսոր ծամոն
Կամ ինքնաթափ պատի ծեփ
Եվ ոչ նույնիսկ մի մեքենա,
Գեթ մեքենա՛ խելացի,
Որ կուզեի՛ իրոք դառնալ,
Բայց ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ,
Եթե բնավ չի՜ ստացվում, ի՞նչ անեմ:
Էլ ի՞նչ մնաց, որ ի՜նչ անեմ, սիրելի՛ս:
Մնաց գոռա՜լ, թե երկուսիս՝ ինձ ու քեզ,
«Հարկավոր չէ՛»-ն հարկավոր չէ՜ իսկապես.
Մե՛նք ենք իրար հարկավոր…

17.III.1964թ. Դիլիջան

Կարդալ ամբողջությամբ

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՓՆԵԿԻՐԸ

January 8, 2013 Բանաստեղծություններ

Ավելի շուտ է ապագան գալիս,
Քան թե՝ չուզելով՝ մեկնում է ներկան:
Եկել ես… այդպես:
Ու ես՝
Շփոթված-շաղված ժպիտով
Ժպտում եմ անվերջ,
Շարունակ ժպտում՝
Բուդդայի նման…

Ու զարմանում եմ,
Զայրանում նաև,
Որ երջանկության մրցանակ չկա
Համայն աշխարհի ո՛չ մի անկյունում:
Իսկ եթե նման մրցանակ լիներ,
Հիմա դափնեկիր ե՛ս կդառնայի,
Եվ ողջ աշխարհը՝
Դարձած ցուցամատ,
Ի՛նձ պիտի նշեր բարի նախանձով,
Քիչ կակազելով բարի նախանձից.
«Տե՛…սե՛ք ա՛շ…խա՛ր…հի՛ երջանիկ մարդուն»:

Իսկ երբ աշխարհի երջանիկ մարդն է սկսում խոսել,
Լսում է նրան… տարե՜րքը նույնիսկ:
Եվ զուր մի՛ կարծիր,
Թե սովորական մի ձյուն է տեղում:
Չէ՜.
Ես պարզապես «սեր» բառն եմ հիմա հոլովում մտքով,
Եվ դա հնչում է իբրև հրաման,
Որ մեծափաթիլ ձյունն էլ հոլովվի պարզ ու վեհորեն,
Եվ նրա ճռինչն իմ ոտների տակ ինձ շփոթեցնի՝
Մի՛շտ հիշեցնելով մի բան,
Որ իսկույն չի մտաբերվում
Ու երկա՜ր-երկա՜ր մտածելուց վերջ
Գլխի ես ընկնում, հասկանում հանկարծ,
Որ խնդությունից
Սիրտը ճխում է հենց այս նո՛ւյն ձևով…

Եվ զուր մի՛ կարծիր,
Թե մառախուղն է ձորն ի վեր ելնում՝
Դեպի ետ հոսող ջրվեժի նման,
Դրա համար էլ դանդա՜ղ-ծանրորե՜ն:
Չէ.
Ե՛ս եմ կրկին շնչում ձորն ի վեր՝
Քնքշանքի խոսքեր արտաբերելով:

Եվ զո՜ւր ես կարծում,
Թե համն ես առնում նորելուկ գարնան,
Եվ որ հալոցքի օրերն են հասել,
Եվ որ ծառերը պիտի աննկատ պտկեն նորից-նոր:
Չէ՜.
Ե՛ս եմ դարձյալ վերամկրտում
Նորադարձ սերըս իմ տաք շնչի մեջ,
Եվ դրանից է
Կռապաշտ ձմեռն իր բեռը բարձած
Փախուստի դիմում ճամփով հալոցքի,
Եվ դրանից է ծառն էլ սկսում
Լնդերքը ճեղքել՝ երեխայի պես,
Եվ ատամ հանել՝ բողբոջի տեսքով:

Ավելի շուտ է գարունը գալիս,
Քան թե՝ չուզելով ձմեռն է մեկնում:
Դո՛ւ էլ, սիրելի՜ս, եկել ես այդպես,
Եվ եկել, կարծեմ, իմ հրավերով կամ հրամանով,
Որ ուրիշ բան չէ,
Քան «սիրել» բայի խոնարհումը լուռ…

15.III.1964թ. Դիլիջան

Կարդալ ամբողջությամբ

ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ

January 7, 2013 Բանաստեղծություններ

Հանդիպումը բաժանումի սկիզբն է հենց…

Հանդիպեցինք այդ ե՞րբ արդյոք,
Որ գնում ես, գնում արդեն:

Իմ գտնըվա՛ծ – միա՜կ մակդիր,
Ամենաճի՛շտ բաղդատություն.
Դեռ նո՛ր գտած՝ թռչո՞ւմ ես դու մտքիցս արդեն:

Համ չեն զգում միայն բերնով:
Համ զգում են հոգո՛վ նաև:
Եվ գնո՞ւմ ես, գնո՞ւմ արդեն,
Որ հռչակի անհամությունն իրեն արքա
Ու դարձնելով հոգիս ոստան ու տնքացո՜ղ աթոռանիստ,
Իշխի նաև իմ կեղեքվող ծայրամասո՞ւմ…

Եվ համբուրված իմ շուրթերին դողդողում են սիրո խոսքեր,
Ինչպես ցողի կաթիլները ա՛յն թփերին,
Որոնց վրա անհոգ քամին դասն է սերտում իր գժտության:
Ու ես անվերջ փորձ եմ անում
Իմ թափանցիկ լռության տակ պահվել մի կերպ:

Քո փեշերը փաթաթվում են գիրգ ծնկներիդ.
Խանգարել են ուզում կարծես, որ չգնաս:
Ծխախոտն է մեջըս հազում:
Ստվերները հոտոտում են հողը կրկին.
Կամենում են կարծես զգալ
Անցած տեղիդ բուրմունքն անանց:
Քաղաքային փողոցների լույսերն աղոտ
Փոշոտ քամուց իրենց աչքերն են շուտ թարթում,
Ինչպես մարդը, երբ ուզում է լաց չլինել…

Պիտի գնա՜ս…

Պիտի գնա՜ս,
Որ քանի դեռ չենք հանդիպել՝
Փողոցն այնպե՛ս ինձ կարոտի,
Ինչպես ես քե՜զ:

Պիտի գնա՛ս,
Որ ածխացած սպասումը
Բոլորագիծ քաշի իմ շուրջ՝
Ինձ դարձնելով սուր շառավիղ,
Սիրտըս՝ կենտրոն,
Որ ամեն ոստ իր ստվերով
Ցույց տա ժամը՝ սլաքի պես,
Ու շրշյունով զրընգացնի նույն ժամն էլի.
Որ ես զգամ, ուշացումով,
Թե ինչպես է սահում-անցնում
Կյանքն իմ կողքով,
Ես էլ՝ կյանքի,
Չդիպչելով երբեք իրար:

Պիտի գնա՛ս,
Որ ես անվերջ իմ մտքի մեջ,
(Թութակի պես կամ անվտանգ խելագարի)
Նո՛ւյնը կրկնեմ.
«Շատը… գը-նաց, քի-չը մը-նաց»…

Եվ քանի որ պիտի՛ գնաս՝
Դե, շո՛ւտ գնա, որ շուտ էլ գա՜ս, շատ չմնա՛ս:
Տե՛ս,
Օրորվող այս լապտերից
Ես մի շող եմ քաշում-պոկում.
Ա՛ռ,
Փաթաթիր ցուցամատիդ՝
Իբրև գունեղ մի հուշաթել,
Որ… վայրկյա՛ն իսկ չմոռանաս
Ու… շո՜ւտ դառնաս:
Իսկ քո երգուն քայլքի թելն էլ թող փաթաթվի
Մայթի՛ն այս գորշ, այս տա՛նը գորշ և իմ հոգո՜ւն,
Որ… բոլորս էլ (մա՛յթ, տո՛ւն, հոգի՜)
Մեկ վայրկյան իսկ չմոռանանք
Եվ սպասենք քեզ անհամբեր.
Իսկ ոլորուն-կպչուն ձայնը մեր համբույրի
Թող համերգվի այս վիրավոր լռության մեջ
Ու որբացած մեր սեփական ականջներում,
Իսկ հեռվահաս ժպիտները մեր փոխանցիկ
Թող դրոշմեն իրենց վրա ապակիներն այս լուսադող՝
Սպասումի կնիքի պես…

-Ցտեսությո՛ւն:
Ի տեսությո՜ւն…

20.II.1964թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ

ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԿՈՒ ԿԱՏԱԿԵՐԳ ԵՐԵՔ ԱՂՋԿԱ ՎՐԱ

January 3, 2013 Բանաստեղծություններ

Երեք աղջիկ քայլ են քայլում փողոցով:
Երեք աղջիկ փայլ են փայլում փողոցով:
Քայլո՜ւմ-փայլո՜ւմ, չե՛ն էլ նայում ոչ մեկին,
Բայց և այնպես տեսնում են պարզ ու մեկին,
Որ բոլո՜րն են իրենց նայում դողոցով:

Երեք աղջիկ ծիծաղում են անառիթ
Ու թվում են… ու թվում են անառիկ:
Տեսնես՝ ո՞վ է նրանց անուն հորինել:
Երկուսինը՝ ի՜նչ ուզում էր թող լիներ,
Միայն մեկին… մեկին լիներ Քնարի՛կ:

Երեք աղջիկ դաս են սերտում մեկուսի:
Տեսնես՝ ո՞վ է փարվում նրանց մերկ ուսին:
Մեկին ինչ-որ մեկը սիրեր, մինչդեռ ես,
Ես սիրեի գոնե… գոնե երկուսին:

Երեք աղջիկ գուցե ասեն ինձ «քեռի»՝
Նայելով իմ ճերմակացող քունքերին:
Իսկ ես ինչպե՞ս իմ հայացքով չգրեմ
Բիբերի մեջ նրանց ծիծղուն աչքերի.
«Մեկիդ մերժման ցավը մի կերպ կկրեմ,
Իսկ երկուսի՛դ, գեթ երկուսի՛դ… կսիրե՜մ»:

____________________2
Նրանք՝ դալա՜ր, իսկ ես՝ահա ա՛յս տարիքին:
Երեք աղջիկ ինձ են սիրում, ես՝ երեքին.
Մեկին՝ ի՛մ պես,
Մյուսին՝ ի՛նձ պես,
Իսկ երրորդին էլ՝ ինձ նմա՛ն:

Երեք աղջիկ իրար բնա՜վ չեն ճանաչում,
Ես դրանից, անկեղծ ասած, չե՛մ ամաչում,
Որովհետև ես չեմ խաբում և ո՛չ մեկին.
Ինձ՝ երեքը, իսկ ես սիրում եմ երեքին՝
Մեկին՝ ի՛մ պես,
Մյուսին՝ ինձ պես,
Իսկ երրորդին էլ՝ ինձ նմա՛ն:

Երեք աղջիկ երջանիկ են, ես՝ առավե՜լ:
Ո՛չ մի անգամ ո՛չ մեկն ինձնից չի՛ խռովել,
Տառապանքից չի՛ պառավել
Ու կարոտից չի՛ խորովվել,
Որովհետև նույնիսկ հիմա՝ այս տարիքին,
Երեք աղջիկ ինձ են սիուրմ, ես՝ երեքին.
Մեկին՝ իմ պես,
Մյուսին՝ ինձ պես,
Ու երրորդին էլ՝ ինձ նման:

Երեք աղջիկ թե հանդիպեն մի օր իրար,
Պիտի խոսե՜ն-խոսե՜ն իրենց սիրուց իրավ,
Ու չիմանան, որ սիրում են մեկին՝
Նրա՛ն,
Ով սիրել է իրենց մեկտեղ.
Մեկին՝ իմ պես,
Մեկին՝ ինձ պես,
Իսկ երրորդին էլ՝ ինձ նման…

03.XI.1963թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ