սևակ | Պարույր Սևակ - Part 2

սևակ tagged posts

ԱՆՀԱՍՑԵ ԲԱՑԻԿ

January 1, 2013 Բանաստեղծություններ

.

Թաց փայտի պես՝
Ո՛չ վառվում են,
Ո՛չ էլ հանգչում,
Այլ լոկ մխո՜ւմ:

Ճահճուտի պես՝
Միանգամից չեն չորանում,
Չեն էլ բխում:

Բաց դռներ են անվերջ բախում,
Թխված կուտը նորից թխում:

Շաքարի տեղ շիբ են ծախում,
Ի՜նչ է՝ շիբն էլ սպիտակ է:

Կարծում են, թե կարևորը
Ապրա՜նքը չէ,
Այլ… պիտա՛կը…

17.IV.1955թ Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ԱՇԽԱՐՀԻ ԳԱՐՈՒՆԸ

January 1, 2013 Բանաստեղծություններ

Մայիս է: Գարնան պես բացվել են սրտերը:
Թվում է՝ ամեն տեղ գարուն է:
Թվում է՝ ամեն տեղ անցել են ցրտերը,
Չի թափվում աշխարհում արյուն էլ:

Բայց ահա թերթերը,
Բայց ահա եթերը…
Ինչ-որ տեղ նորից սառնամանիք է,
Ինչ-որ տեղ նորից մոլեգին հրդեհը
Լիզում է բամբուկե տների տանիքը:

Ինչ-որ տեղ՝ արկերի շառաչից թնդում է,
Ծվատվում հողի փառահեղ հանգիստը:
Ինչ-որ տեղ՝ պոետը մթամած բանտում է,
Լրտեսը արքա է,
____Խելառը՝ մինի՛ստր:

Գալարվում է ցավից Ատլանտյան օվկիանը,
Խաղաղից՝
____մնացել է անունը…
Եթերից,
____թերթերից
________ցուրտ փչի որքան էլ՝
Բացվել է աշխարհի գարունը:
Բացվել է գարունը և մարդկանց սրտերը.
Իրենն է անում բնությունը:
Եվ եթե ինչ-որ տեղ մնում են ցրտերը,
Այդ ոչ թե հերքում է, այլ հաստատում է
Գարնան
____վերջնական
________հաղթությունը:

[1946թ.]

 

Կարդալ ամբողջությամբ

Պարույր Սևակի կենսագրությունը

January 1, 2013 Սևակի կենսագրությունը

Կենսագրություն

Մանկություն
Պարույր Սևակը նվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

Երիտասարդություն
1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով Սևակը ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար;

Հասուն տարիներ
1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Կարդալ ամբողջությամբ

Մենք իրար ձեռք չսեղմեցինք…

January 1, 2013 Բանաստեղծություններ

Մենք իրար ձեռք չսեղմեցինք
Եվ չասեցինք իրար անուն,
Լոկ ժպտացիր դու գեղեցիկ,
Ես հայացքով ողջունեցի,
Ե՞րբ են այդպես ծանոթանում:

Մենք իրար ձեռք չսեղմեցինք,
Բայց ծանոթ ենք իրար արդեն,
Դու իմ երազն ես գեղեցիկ,
Որ իմ ձեռքով ստեղծեցի,
Բայց չեմ կարող ձեռքով քանդել:

Վաղուց արդեն ծանոթ անուն
Ու սիրելի դեմք ես դարձել,
Որ վայելքներ է խոստանում,
Աչքով կանչում, ձեռքով վանում,
Ուզում է ինձ քաղցր տանջել:

Ես ուրիշին եմ պատկանում,
Դրա համար օտար եմ քեզ,
Դրա համար ես ինձ վանում,
Այդ է գոնե խոստովանում
Հայացքը քո պարզ ու անկեղծ…

…Ծանոթներ ենք ապօրինի,
Չսեղմեցինք մենք իրար ձեռք,
Բայց ե՛կ, այսօր մի վարանի,
Սեղմենք իրար մի գրկի մեջ,
Ծանոթանանք այսօր նորից
Օրինաբա՜ր, ապօրինի՜…

Կարդալ ամբողջությամբ