բանաստեղծություն | Պարույր Սևակ

բանաստեղծություն tagged posts

ԳԼԽԱՊՏՈՒՅՏ

March 1, 2013 Բանաստեղծություններ

.

Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով…

Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ,
Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան,
Որ իմ տարիքում
Դեղձին տասն անգամ մեռած կլիներ:
Իսկ ինչպե՞ս ես դու:
Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՛ն տարի,
Որքան տեսել եմ:
Եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն,
Քանի որ չկաս
Դո՛ւ-
Իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով:

Իմ շրթունքներից
Կախված է հիմա մի ամբո՜ղջ աշխարհ`
Մի գունդուկծի՛կ,
Բառերի մի պա՜րս,
Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ:
Եթե երբևէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն`
Թող թռչեն սիրո՛վ,
Մի՛միայն սիրով
Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան,
Որի մեջ կա գոլ անապատային,
Ավազների սողք ու մտապատրանք:
Մի՞թե քո հեռվից`
Քո անտառների խոնավ օդի մեջ,
Անվերջ չես լսում խոսքերս չասված:
Իսկ թե լսում ես խոսքերըս չասված`
Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ,
Որ, թվում է ինձ, պիտի որ զգան
Սրբորեն հղի դեռահաս կանայք,
Որոնցից մեկին,
Մի՛միայն մեկին
Կարողանայի՜ մտովին ասել.
«Դո՜ւ-
____իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագրով»:

Քիչ ենք օգտըվել մենք բարությունից:
Եվ դրանից չէ՞, որ հետզհետե
Բարի եմ դառնում,
Եվ այնքա՜ն բարի,
Որ խղճում եմ ես… մենակությունն էլ:
Նա էլ է տանջվել ու հոգնել: Մեղք է:
Եվ ամեն մեկըս բացենք մեր փեղկը,
Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից,
Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ… այնտեղ,
Ուր հանդիպում են այգն ու գիշերը:
Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբևէ,-
Ես ի՜նչ իմանամ: Գուցե գիտես դո՞ւ,
Դո՛ւ-
____իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով:

Ու ձյուն է գալիս,
Ինչ-որ ջե՜րմ մի ձյուն.
Հյուսիսն է հղում հարավին ողջույն:
Եվ ձյան մեջ ինչ-որ բուրմունք կա գարնան,
Հեռավո՜ր մի բան,
Մի հիշողությո՛ւն,
Որի բարությամբ հոգեբուժական
Չեն մեռնում, ճիշտ է, բայց և չեն ապրում,
Ինչպես չի մեռնում, բայց և չի ապրում
Սե՛րըս-
____վերջի՜նըս` թյուրիմացաբար,
Բայց և միա՜կըս` ճակատագըրով:

Արի՛ ինքներըս մեզնից բարձրանանք`
Թույլ տանք արարքներ ինքնաժխտումի,
Փոխադարձաբար իրար նեղացնենք
Ու վիրավորենք փոխադարձաբար,
Որ…կարոտն ինքը հաշտվի իրեն հետ,
Ու տառապանքը ինքն իրեն ների,
Ես էլ հավատամ, որ դու չես եղել
Ո՛չ իմ միակը` ճակատագըրո՜վ,
Ո՛չ իմ վերջինը` թյուրիմացաբա՜ր…

26.I.1962թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ

ՔՈ ՊԱՏՃԱՌՈՎ

February 22, 2013 Բանաստեղծություններ

Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում:

Քո մատների՛, քո մատների՛, քո մատների՛ պատճառով
Իմ մատները, իմ մատները լո՜ւյս են ուզում խմորել:

Քո թևերի՛, բա՛ց թևերի, մե՛րկ թևերի պատճառով
Իմ աչքերին, իմ աչքերին ջրվեժնե՜ր են երևում:

Քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել:

Քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛ պատճառով
Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՜հ եմ դարձել:

Քեզ այս ձևով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս` հպարտությո՜ւնս հաղթողի…

23.III.1959թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ԴՈՒ

February 22, 2013 Բանաստեղծություններ

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում`
Փոշիացած հերոսների
Ու ծնվելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում`
Լքված տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ ու գերանում…

Դո՛ւ`
երկու տա՜ռ,
Դո՛ւ`
հասարա՜կ մի դերանուն…

02.VII.1958թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ԿԱՐՈՏ

January 22, 2013 Բանաստեղծություններ

Կա մի աշխարհ մեր աշխարհում՝ ինձ հարազատ, ձեզ անծանոթ:
Ուր էլ լինեմ՝ կանչում է նա հազար ձայնով ու սրտագին,
Ապրում է նա իմ հոգու մեջ իբրև անբառ, համր կարոտ,
Իբրև լեգենդ դեռ չգրված, իբրև մի երգ անսրբագիր:

Այդ աշխարհում կան սեգ լեռներ, որ վիթխարի բուրգերի պես
Բարձրանում են ու մխրճվում ամպերի մեջ հրակարմիր,
Եվ քարափներ, որոնց վրա հին օրերի կուռքերի պես
Մութ ժայռերն են արձանանում՝ ցլագլուխ – ձիամարմին:

Այնտեղ լեռան լերկ լանջերին, սալ քարերի արանքներում
Արեգակն է փշրում իրեն ծիածանվող հայելու պես.
Գարնանային մոլուցքի մեջ՝ գետն այլևս չի համբերում,
Եվ պոկելով արմատներից հին բարդենուն խաղաղ ու վես,
Գերեվարած դրոշի պես ցույց է տալիս իր ափերում:

Ամպերն այնտեղ ոլորվում են այնպես դանդա՜ղ, հանդիսավո՜ր,
Այնքա՛ն նման հորովելին, որ հնչում է երբ անլեզու,
Վերհիշում ես աշնան յուրտը՝ զուրկ հոտերից, առանց սարվոր,
Երբ ինչպես հոտն աղաքարը՝ մառախուղն է հողը լիզում…

Եվ գարուն կա այնտեղ շքեղ, որ բացվում է հանկարծակի,
Ինչպես հանկարծ նորահարսի կուրծքն է բացվում քամուց լեռան:
Խարույկներ կան գիշերներում՝ սերված ասես այն կայծակից,
Որ ճայթելով շփոթում է գառան հոտը լեռան վրա:

Կա մի բուրմունք խոտերի մեջ, շաղոտ-ցողոտ թփուտներում,
Բուրմունք, որից և՛ քաղցում ես, և՛ հագենում՝ միանգամից.
Կան աղբյուրներ, որ դնչիկով վայրի այծերն են պղտորում,
Ինչպես հոգին բանաստեղծի պղտորվում է երգի ժամին:

Եվ անտառ կա այնտեղ մթին, խառնագիսա՜կ, ծածկաբերա՜ն,
Եվ այգիներ, այդ անտառից մոլորվելո՛վ զատված կարծես,
Եվ ամենից գողտրիկ ու թանկ՝ լեռնալանջին մի հին պարտեզ,
Որ մասրենու չափար ունի, եղեգնահյուս դռնակ վրան,
Ուր մի տուն կա, տան մեջ մի մայր… և ուր մի օր ծնվել եմ ես…

Ամե՛ն, ամե՜ն ինչ կա այնտեղ: Փորձես եթե ասել «չկա»,
Ընդոստ «կա՛, կա՛» կարձագանքեն ժայռերն անգամ համր ու հլու:
Կան թանկ հուշեր, որ սիրո պես ուռճանում են լո՛ւռ, աննկա՛տ,
Եվ բացվում են միանգամից՝ ինչպես վարդը մի գիշերում,
Ինչպես հուզմունքն իմ այս պահի – սպասված ու անակնկալ:

*
Ինձ թվում է՝ մեր անտառում, վրա հասնող ձմռան շեմին,
Հարավ չվող մի բիլ թռչուն իր թռչնական պարզ նախանձով
Վերջին անգամ կտցեց հիմա աշնանահաս մի զառ խնձոր,
Եվ նա՝ հասո՛ւն, փխրո՜ւն արդեն՝ կամա՜ց կաթեց թաց խաշամին,
Փխրո՜ւն՝ ինչպես սիրտս այս ժամին:

22.XI.1946թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ

ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԿՈՒ ԿԱՏԱԿԵՐԳ ԵՐԵՔ ԱՂՋԿԱ ՎՐԱ

January 3, 2013 Բանաստեղծություններ

Երեք աղջիկ քայլ են քայլում փողոցով:
Երեք աղջիկ փայլ են փայլում փողոցով:
Քայլո՜ւմ-փայլո՜ւմ, չե՛ն էլ նայում ոչ մեկին,
Բայց և այնպես տեսնում են պարզ ու մեկին,
Որ բոլո՜րն են իրենց նայում դողոցով:

Երեք աղջիկ ծիծաղում են անառիթ
Ու թվում են… ու թվում են անառիկ:
Տեսնես՝ ո՞վ է նրանց անուն հորինել:
Երկուսինը՝ ի՜նչ ուզում էր թող լիներ,
Միայն մեկին… մեկին լիներ Քնարի՛կ:

Երեք աղջիկ դաս են սերտում մեկուսի:
Տեսնես՝ ո՞վ է փարվում նրանց մերկ ուսին:
Մեկին ինչ-որ մեկը սիրեր, մինչդեռ ես,
Ես սիրեի գոնե… գոնե երկուսին:

Երեք աղջիկ գուցե ասեն ինձ «քեռի»՝
Նայելով իմ ճերմակացող քունքերին:
Իսկ ես ինչպե՞ս իմ հայացքով չգրեմ
Բիբերի մեջ նրանց ծիծղուն աչքերի.
«Մեկիդ մերժման ցավը մի կերպ կկրեմ,
Իսկ երկուսի՛դ, գեթ երկուսի՛դ… կսիրե՜մ»:

____________________2
Նրանք՝ դալա՜ր, իսկ ես՝ահա ա՛յս տարիքին:
Երեք աղջիկ ինձ են սիրում, ես՝ երեքին.
Մեկին՝ ի՛մ պես,
Մյուսին՝ ի՛նձ պես,
Իսկ երրորդին էլ՝ ինձ նմա՛ն:

Երեք աղջիկ իրար բնա՜վ չեն ճանաչում,
Ես դրանից, անկեղծ ասած, չե՛մ ամաչում,
Որովհետև ես չեմ խաբում և ո՛չ մեկին.
Ինձ՝ երեքը, իսկ ես սիրում եմ երեքին՝
Մեկին՝ ի՛մ պես,
Մյուսին՝ ինձ պես,
Իսկ երրորդին էլ՝ ինձ նմա՛ն:

Երեք աղջիկ երջանիկ են, ես՝ առավե՜լ:
Ո՛չ մի անգամ ո՛չ մեկն ինձնից չի՛ խռովել,
Տառապանքից չի՛ պառավել
Ու կարոտից չի՛ խորովվել,
Որովհետև նույնիսկ հիմա՝ այս տարիքին,
Երեք աղջիկ ինձ են սիուրմ, ես՝ երեքին.
Մեկին՝ իմ պես,
Մյուսին՝ ինձ պես,
Ու երրորդին էլ՝ ինձ նման:

Երեք աղջիկ թե հանդիպեն մի օր իրար,
Պիտի խոսե՜ն-խոսե՜ն իրենց սիրուց իրավ,
Ու չիմանան, որ սիրում են մեկին՝
Նրա՛ն,
Ով սիրել է իրենց մեկտեղ.
Մեկին՝ իմ պես,
Մեկին՝ ինձ պես,
Իսկ երրորդին էլ՝ ինձ նման…

03.XI.1963թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ

ԽԵՂՃ ՈՒ ԽՂՃՈՎ

January 3, 2013 Բանաստեղծություններ

Խե՛ղճ ու անխի՜ղճ իմ սիրելի,
Այսուհետև միշտ թփրտա
Հզոր ձեռքում ամենասուրբ այն զորության,
Որ բառերի ցուցակի մեջ կոչվում է «խիղճ»:
Եվ թփրտա երջանկորեն՝
Քեզ զգալով երանելի:

Ես՝ ի ծնե երանելիս,
Երանի եմ տալիս և քե՛զ,
Եթե պիտի այսօրվանից գերի ընկնես
Ու չազատվես,
Ու չուզենաս գեթ մի վայրկյան
Ազատվել այդ սակավադեպ գերությունից:
Այնժամ միայն կհասկանաս քո ջղերով,
Թե կա մի տեղ, ուր խրատը ձանձրալի չէ,
Եվ քարոզն էլ չի սպանում երգ ու տաղին:
Այնժամ միայն դու դիտապաստ քո մազերով կհասկանաս
Ճառագայթի շիտակությունն ավանդական,
Նաև նրա նմանությունն ասեղի հետ:
Եվ քանի որ թելն է մտնում ասեղի մեջ,
Ոչ թե ասեղը թելի մեջ.
Եվ քանի որ գալարվողը թելն է միայն,
Ոչ ասեղը.
Եվ քանի որ, եթե պետք է,
Ասեղով են ծակում, ոչ թե նրա թելով,-
Ուրեմն այսօր և հավիտյան թող ասեղը կոչվի և խիղճ,
Իսկ սիրելի՛ս, խե՜ղճ սիրելիս,
Դու մի՛ հոգա թելի համար.
Թելը կգա, քեզ կգտնի,
Ինչպես մեղքն է մարդուն գտնում…
Եվ դրանով դու չես դառնա
Ու չես կոչվի երբեք Դերձակ:
Դու կդառնաս ու կկոչվես Արվեստագետ,
Որ մի հոգնած-ազնիվ պահի
Կարող է և իջնել… խրատ տալու ցածրությանը,
Որովհետև այդ ցածրության լայնածավալ արոտներում
Եթե անգամ ծիլ է տալիս,
Ավա՜ղ, արմատ չի հաստացնում խիղճ ասվածը:
Թե քո ջղերն այդ արմատի մազանոթներն են տարածուն,
Ու երբևէ չեն քաղհանվի,
Ու չեն լինի արմատախիլ,
Ուրեմըն այժմ և հավիտյան երանի՜ քեզ,
Իմ խղճով ու խեղճ սիրելի…

07.VII.1963թ. Երևան

 

Կարդալ ամբողջությամբ

ԱՆՊԱՇՏՈՆ ԳԻՇԵՐԱՊԱՀԸ

January 3, 2013 Բանաստեղծություններ

Եթե լինեի ես գիշերապահ,
Ո՛չ մի գողություն չէր էլ կատարվի:
Հանգիստ կքներ ամեն տուն ու բակ
Հին «նանիկ»-ի տակ նորամայր առվի:

Եվ խանութների ցուցափեղկերում
Բազում-բազմազան իր ու առարկա
Ի՛նձ ցույց կտային և հեռվից-հեռու
Աչքով կանեին մեկ-մեկու. «Եկա՜վ»:

Եվ գործ կածեինք մենք ամբողջ գիշեր
Խաղալիքների լեզուն անհոլով:
Մութը մոռացված բաներ կհուշեր,
Ու կկապեինք մենք հինը նորով:

Հարցեր կտային հազար մի տեսակ
Անհասկանալի մեր մարդկայինից՝
Ադամ-արբանյակ-ատոմ-կայենից,
Եվ նրանց «ինչո՞ւ»-ն, նրանց «մի՞թե սա»-ն
Խեղճիս կդներ ճիշտ այն վիճակում,
Ինչ լույսն է զգում ծակուռ-փչակում:

Բայց հետո քամին կգար օգնության,
Ու խոսք կբացվեր խոտից ու ծառից:
Եվ թավշե արջուկն առանց հոգնության
Կսկսեր պատմել թղթե անտառից:

Ու նապաստակներ ռետինակաշի՝
Օդանավերի թևերին պպզած,
Կխլշտեին ականջները ժիր
Ու կլսեին մանկորեն ապշած:

Հետո… կանացի լաչակներ պես-պես,
Զգեստներ գունեղ, նրբին կոշիկներ
Կսարքեին մի ճոխ պարահանդես,
Որից փակուղու մութն էլ կշիկներ:

Եվ մութն իսկապես մաշվում է-մաշվում,
Լույսը դառնում է խավարին դրկից…
…………………………………
Կիսամերկ մի կին հինգերորդ հարկից
Նկատում է ինձ ու ետ է քաշվում:

Իսկ նա կհիշի՞ անկողնում իր տաք
Այն տարօրինակ միայնակ մարդուն,
Որ ման է գալիս այս պատերի տակ
Եվ այս ուշ ժամին տակավին արթուն՝
Խաղալիքների լեզվով անհոլով
Հարցեր է լուծում համաշխարհային,
Կանանց անմարմին հագուստ ու շորով
Սարքում է շքեղ հանդես պարային՝
Այն ապակեպատ թղթե անտառում,
Որտեղ թավշամաշկ արջուկն է ճառում՝
Հետն էլ լիզելով թաթն իր անմեղըր…
…………………………………
Թե գողություն է կատարվել երեկ՝
Ի՛նձ ինչ. պահակ չեմ, ուրեմն՝ անմեղ եմ…

24.X.1962թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

January 3, 2013 Բանաստեղծություններ

Պահածոյացած՝ քո մեջ ես պահում
Արևագալի նշողումը շեկ,
Մեր երդիկների նշուլումը շեղ,
Շինականների խոփի շառայլը հորովելների անկյունադարձին,
Մանգաղի շողքի արծաթ բանվածքը արտի ոսկու մեջ,
Խույրի երթևեկ ցոլափոխանքը ակնաշլացիկ,
Զինվորագրյալ քաջերի զենքի ճառագայթումը արփալույսի տակ,
Ատրուշանների բացխուփ բոցերի մարզանք-մրցումը բոլորանվեր,
Խաչերի ցոլքը ցնորաբերող,
Գրակալներին ծաղկող մոմերի պլպլոցը պաղ,
Եվ փա՛յլը, նաև շառավիղո՜ւմը մեր տխուր-զվարթ ճաճանչող աչքի…

Դու քո մեջ ունես գայիսոնի շեշտ
Եվ գավազանի ուղղաձիգ սլացք,
Սկիհի բոլորք,
Կածանի ոլորք,
Ծամթելի հանգույց
Եվ ճարմանդի կեռ:

Հայոց աշխարհի փափկասուն կանայք
Քո մեջ են թողել նրբությունն իրենց,
Մամիկներն՝ իրենց գորովը ծփուն,
Ռամիկներն՝ իրենց կոպտությունն առողջ,
Ռազմիկներն՝ իրենց կորովը բազկի,
Եվ սեպուհները՝ կանչը մարտական:

Մեր մեհյանների և տաճարների
Խորաններին ես սիրով պարտական
Վեհության համար քո անկողոպուտ,
Որով այլևըս օծված ես այնպես,
Ինչպես սարյակը իր ա՛յն ինքնաքամ օծանելիքով,
Որի գաղտնիքը, ձագուկից բացի, աստծո՜ւն չի հայտնում՝
Նման խուփբերան մեր վարպետներին ու ճարտարներին:
Սրանց հմայակ հմտություններն էլ քո մեջ են խայտում,
Ինչպես ջրերը ստորերկըրյա՝ նստվածքների մեջ:

Վառ Վարդավառի ջրցան կա քո մեջ
Եվ երբեք չանցնող սարսուռ-տամկություն,
Նավասարդական տոնախմբության ցնծում ու հափրանք,
Համբարձման ճախրանք երկնահրավեր,
Եվ ծառազարդի խորունկ խլրտում:
Հաշտից տեղերի հաշտարար խորհուրդ քրիստոսատիպ
Եվ գավիթների խում ու խրախճանք հեթանոսական…

Մեր դյուցազներգակ ու վահագնապաշտ գոռոզ գուսանաց
Բամբ բամբիռների և թինդ թմբուկի ձայների թվով,
Մեր սիրախռով տաղերգու արանց, կանանց, կուսանաց,
Անհայտ ու հայտնի բույլքի համեմատ,
Հայրեններ կանչող մեր սիրախորով կտրիճ լաճերի,
Եվ եղերամոր լալյաց երգերի միջև տատանվող
Բոլո՜ր անհամար ելևէջներին և անցումներին համապատասխան
Թրթիռներ ունես թավ ու թովչական, թախծոտ ու թավշե:

Մինչ կաքավները թողել են «կղա» և տոտիկ կարմիր՝
Կաքավողների դաշըն ձևերն են քանդակվել քո մեջ,
Նրանց շղարշիկ շորի շրշյունն է, որ քեզ համակել
Ու տոգորել է շշուկ-շշունջի շատությամբ շռայլ,
Նրանց ըզգլխիչ հոտերն են հագել
Նրբերանգներիդ հանդերձը հարուստ,
Նրանց հագուստի հոտերն ըզգլխիչ,
Բայց և բույրերը այն բարձրապահյալ բժժանք-բույսերի,
Որ տիկնանց տիկին Սաթինկան տենչի տերն էին դառնում…

Արտաշիսական հարսանիքներում վերից տեղացող
Դահեկանների հնչում կա քո մեջ
Եվ փոխարինվող չիր ու չամիչի,
Ընկույզ-փշատի բազմաձևություն,
Տանիքներ ճոճող շուրջպար-դարձպարի
Եվ ճապուկ-ճարպիկ լարախաղացի
Գունագեղություն և կշռույթ ու չափ:

Սոխակի սխրանք ունես դու քո մեջ,
Դղիրդ աղացի
Եվ թարմ ալյուրի տաքուկ փափկություն,
Դու քո մեջ ունես նոր դալարիքի
Եվ աղջիկների մեջքի ճարպկություն,
Ճախարակների և սանդերքների ձայներ անշփոթ,
Ծեր գզրարների ու մազմանների երգեցիկ զարկեր՝
Մի արարչական նվագ, որի տակ
Աստծու բեղ-մորուքն իջնում էր ամպից
Ու դառնում գուլպա, թաղիք ու կարպետ…

Եվ ունես քո մեջ Եփրատի ծփում,
Երազ Երասխի,
Վանա-Սևանա տուրևառություն,
Լեռնաղբյուրային մի ջինջ սառնություն,
Որից անցնում է լեղի վարունգի դառնությունն անգամ,
Եվ երկրի երես բարձրացող ջերմուկ,
Որ դրկիցության ելումուտ ունի
Երկրամիջուկյան հրահեղուկի ոլորտների մեջ:

Եվ ունես քո մեջ շամբի երերմունք,
Անսպասելի արարմունք ամպի,
Սոսյաց անտառի սաղարթի սոսափ,
Որի սաստկությամբ կամ հանդարտությամբ
Բախտ էին բանում նախնիները մեր.
-Ամենի՛ բախտը՝ անստո՜ւյգ ու սո՛ւտ,
Եվ միայն քո՛նը՝ հիրավի՜ պայծառ…

Խորվիրապական տառապանքների թելադըրանքով,
Մարտիրոսների, նահատակների
Ու վկաների տաժանքի հուշմամբ
Եվ մեռելոցի անանց կսկիծի պահանջով ազդու՝
Հոմանիշների մի ամբո՜ղջ վտառ վխտում է քո մեջ,
Գոմշաձագերից սևություն առած,
Եվ անտակություն՝ Մասյաց վիհերից…

Եվ ունես խոսքեր ո՛չ միայն հայցի, այլև հատուցմա՜ն,
Ո՛չ միայն հոժար և անհիշաչար ձեռքի մատուցման,
Այլև հին քենի ու նոր վրեժի դժվարի՜ն խոսքեր,
Որ արջի նման խոր քուն են մտնում,
Բայց և արջի պես զարթնում են մի օր,
Երբ ծայր է առնում եռոցքը արյան՝
Կապկելով հոսքը ելման ջրերի:

Սակայն ավելի հպարտ ես ու շեն
Անխարդախ սիրո և մտերմության,
Բարու, գեղեցկի, հավատարմության,
Խանդաղատանքի և փաղաքշանքի,
Կերտման-կառուցման, ձգտումի-ջանքի,
Երազիկ վաղվա,
Հարաձիգ հուսո
Խոսքերով խորունկ, ցոլացիկ ու պարզ,-
Յուրաքանչյուրից՝ մի ողկո՛ւյզ, մի խո՜ւրձ,
Յուրաքանչյուրից՝ մի երա՜մ, մի պա՜րս:

Դու այսպիսի՛ն ես,
Այսպիսի՜ն ես դու:
Եվ երջանիկ է՝ ով քեզ կարող է կոչել ՄԱՅՐԵՆԻ,
Երանելի է՝ ով քեզանով է խոսում ու դատում…
Դու՝ իմ մայրենի՜,
Այսպիսի՛ն ես դու:
Եվ ես՝ երջանիկս ու երանելիս,
Ե՛ս չեմ, այդ ե՛ս չեմ քեզ տիրապետում:
Դո՛ւ ես, այդ դո՛ւ ես ինձ տիրապետում –
Հավիտյա՜ն և մի՜շտ,
Եվ ա՛յժմ նաև՝
Քեզանով իսկ քե՛զ փառաբանելիս…

29,31.I.1962թ. Երևան

 

Կարդալ ամբողջությամբ

ԿԱՍ ՈՒ ՉԿԱՍ – ԱՍՏԾՈՒ ՊԵՍ

January 1, 2013 Բանաստեղծություններ

Երբ քեզ մենակ ես զգում,
Դու զգում ես քեզ աստված՝
Ո՛չ մի բանով չհաստված,
Եվ ոչնչո՛վ չսաստված:
Բայց երբ մենակ ես զգում,
Մենա՜կ-մենա՜կ ես զգում՝
Արարչական արյունըդ
Սառչում է քո տաք բազկում.
Քեզ զգում ես խեղճ ու թույլ,
Քեզ զգում ես անկարող,
Քո մեծ բախտով՝ հար դժբախտ,
Եվ անտաղանդ քանքարով…

Դու քեզ մենա՜կ ես զգում,
Եվ ի՞նչ ես դու վերջապես.
Աստծու նման դու և կա՛ս,
Եվ դու չկա՜ս՝ աստծու պես…

25.X.1955թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ԱՆՀԱՍՑԵ ԲԱՑԻԿ

January 1, 2013 Բանաստեղծություններ

Թաց փայտի պես՝
Ո՛չ վառվում են,
Ո՛չ էլ հանգչում,
Այլ լոկ մխո՜ւմ:

Ճահճուտի պես՝
Միանգամից չեն չորանում,
Չեն էլ բխում:

Բաց դռներ են անվերջ բախում,
Թխված կուտը նորից թխում:

Շաքարի տեղ շիբ են ծախում,
Ի՜նչ է՝ շիբն էլ սպիտակ է:

Կարծում են, թե կարևորը
Ապրա՜նքը չէ,
Այլ… պիտա՛կը…

17.IV.1955թ Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ