գիշեր | Պարույր Սևակ

գիշեր tagged posts

ԼՈՒՍՆԱՀԱՐ ԿԱՐՈՏ

February 28, 2013 Բանաստեղծություններ

.

Սկսվում է գիշերն արդեն:

Եվ աստղերը,
Որ ողջ ցերեկ խոր քուն մտան,
Հիմա իրենց ճառագայթե
Սուր փշերն են ոզնու նման նորից ցցում`
Ընդդեմ մթան:

Եվ անպաշտպան իմ կարոտը,
Որ անցել է խոր ընդհատակ
Ու չի ուզում նորից տրվել շղթաների ու կապանքի,
Իմ կարոտը մատնըվում է քո անունից.
Լրտեսի՛ պես նա մատնում է տառապանքին:

Մեծ քաղաքը լեթարգիական քուն է մտնում,
Իսկ ես` լուսնո՛տ,
Ես` լուսնահա՜ր,
Շեղ-սայթաքուն կտուրներով
Ու քիվերով ատամնաբաց,
Մինչև անգամ շանթարգելով,
Ահա նորից քեզ եմ գալիս`
Կյանքըս կրկին վտանգելով:

Եթե հանկարծ դու քո հեռվից նկատեիր
Ու ձայն տայիր`
Ճչալու պես «ա՜խ» անելով`
Իմ վտանգված կյանքի համար վախենալով,
Գիտե՜ս` ինչո՛վ կվերջանար,
Իմ ցանկալի՜ս:

Գիտե՛ս.
Մահո՜վ է վերջանում,
Երբ լուսնոտին ձայն են տալիս:

Բայց ես բնա՜վ երկյուղ չունեմ,
Թե կընկնեմ ցած
Եվ իմ արյամբ հալեցնելով ձյունը մայթում`
Դռնապանին գեթ կազատեմ ձյուն քերելուց:
Այդ չի՛ լինի,
Որովհետև ձայն չե՜ս տա դու,
Եվ դա- ո՛չ թե բարությունից,
Այլ… պարզապես չսիրելո՜ւց…
. . . . . . . . . . . . . . . . . . .

22.III.1959թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

Ո՞ՒՐ Է ԳԻՇԵՐԸ ՀԱԶԱՐՄԵԿԵՐՈՐԴ

February 27, 2013 Բանաստեղծություններ

Անձրևն իր հալված երկար մատներով
Մատնահարում է լռին մայթերի գորշ ստեղները,
Եվ ամայացած-քնած քաղաքում
Սկիզբ է առնում մի խուլ եղանակ,
Որտեղ մաս ունի
Աշնան ծառերի դանդաղ դեղնելը,
Ե՛վ այն ամուրին,
Որ պաղ սենյակում քնել է մենակ,
Ե՛վ այն բողոքը,
Որ դատարանում իզուր չի հարգվել,
Ե՛վ այն կարոտը,
Որ սրտի վրա`
Իր տիրո՜ջ վրա,
Նոր տեր է կարգվել,
Ե՛վ այն աղջիկը,
Որ գեշ երազից ճչում է անձայն,
Ե՛վ այն հուշերը,
Որ եկան անկոչ,
Ես վռընդեցի՜,
Բայց էլի՛ չանցան:

Չանցա՛ն
Եվ հիմա,
Ինձ հետ միասին,
Ականջ են դնում,
Թե անձրևն իր պաղ, երկար մատներով,
Իր վատ նվագից չվհատվելով,
Ինչպե՞ս է ծեծում
Համըր մայթերի ստեղնաշարը:

Եվ իմ տխրության,
Չանցնող կարոտի առատ պաշարը
Համալըրվում է գթոտ խոսքերի նոր մթերումով:

Քո հեռո՜ւ-հեռո՜ւ պաղ մայթերում ո՞վ,
Ո՞վ կարող է քեզ այն խոսքերն ասել,
Որ եկել ահա բկիս են հասել.
-Իմ սիրտը
Սիրո հազար գիշեր է ապրել ու տեսել,
Իսկ ո՞ւր է հապա,
Ո՞ւր է գիշերը հազարմեկերորդ:
Մինչև վերջ պատմել ինչո՞ւ չես ուզում,
Ինչո՞ւ չես ուզում,
Իմ Շահրազադե՜:

Դու ո՞ւմ ես ուզում մահից ազատել…

14.X.1959թ. Չանախչի

Կարդալ ամբողջությամբ

ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ

February 24, 2013 Բանաստեղծություններ

Պե՛տք չէ, սիրելի՜ս:
Զո՜ւր ես երդըվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ,
Որ հիմա օրըդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկընում հաճախ,
Որ աղջըկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
(Անգըղ էլ լինի` արծիվ է թվում),
Որ քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում,
Որ առանց սիրուս կյանքըդ կորած է,
Որ…
Գիտե՛մ, ջա՜նըս.
Զո՜ւր ես կրկընում.

Բայց գիտեմ և այն,
Ինչ դո՛ւ չգիտես.

Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ի՜նչ էլ որ անես` միշտ կուտ է գնում…

20.XII.1958թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ԽԱԲԿԱՆՔ

February 21, 2013 Բանաստեղծություններ

Իրիկունն է իջնում: Արևը հանգչում է,
Գիշերվա մութ շունչն է խստանում:
Մթան հետ գալիս ես, հայացքով կանչում ես
Եվ վայելք ու սեր ես խոստանում:

Լույսերը վառվում են: Դու լույսըս մարում ես
(Ուզում ես, որ նստենք մթան մեջ),
Մերթ տալիս անունըս, մերթ կրկին լռում ես,
Տիրաբար շրջում ես իմ տան մեջ:

Գալիս է գիշերը: Փակում եմ փեղկերը
(Չմրսես գիշերվա պաղ հովում):
Կարծես թե մեր հանդեպ իր գործած մեղքերը
Զղջալով ՝ ինքը կյանքն է քավում…

Չէ՛, սո՜ւտ է. մենա՛կ եմ, առա՛նց քեզ, առանձի՛ն,
Եվ այս էլ խաբկանք է մի ոսկե,
Որով դու խաբվելով ապրում ես առանց ինձ,
Եվ ես էլ… չեմ մեռնում առանց քեզ:

[1948թ.]

Կարդալ ամբողջությամբ

ԳԻՇԵՐՆ ՈՒ ԵՍ

February 17, 2013 Բանաստեղծություններ

Գիշերն ունի ամե՜ն բանի թույլտըվություն:
Իսկ ես չունե՞մ:

…Ու ջնջում եմ
Էլեկտրական լամպագըրի այն խորհուրդը,
Թե «Շահավետ, հուսատու է փողը պահել դրամարկղում»
(Փող ունենամ՝
Կհասկանամ
Առանց և այդ լամպագըրի)…

…Ու բացում եմ
Փակ դռները գիշերային խանութների.
Ընդամենը հարկավոր է ծխելու բան,
Որ կուզեի ինձ վաճառեր
Ա՛յն աղջիկը,
Որի աչքերն ունեն ինչ-որ անորոշ գույն,
Որի անունն անհայտ է ինձ,
Որի սիրտը փակ է իմ դեմ՝
Ինչպես խանութն այս լեփլեցուն,
Եվ ի՞նչ ճաշակ ունի արդյոք,
Ես չգիտեմ,
Բայց կուզեի,
Շա՜տ կուզեի,
Որ նա սիրել կարողանար
Նաև… տգեղ տղամարդու…

Գիշերն ունի ամե՜ն բանի թույլտվություն:
Իսկ ես չունե՞մ:

…Եվ ասում եմ ա՛յն խոսքերը,
Որ երբևէ չէի կարող ասել կյանքում…

…Բաց եմ անում
Եվ արգելված – հայհոյական բառերն ամեն՝
Իրենց թաքուն պոեզիայով,
Որ կուտակվել է դարեդար…

… Ներս եմ մտնում ա՛յն դռներից,
Որ միշտ փակ են եղել իմ դեմ
Ու միշտ բաց են նրա՛նց առաջ,
Որոնց եղածն ու չեղածը ես լա՜վ գիտեմ,
Բայց չեմ ասի նաև այսօր,
Այսօ՛ր,
Երբ ես կարծես ունեմ թույլտվություն…

…Ներս եմ մտնում
Եվ խոսքերիս ա՛յն իրավունքն եմ ես տալիս,
Որ կինն ունի՝
Երբ այդ կինը
Ոչ թե արդեն էլ չի սիրում իր ամուսնուն,
Այլև շա՜տ լավ է հասկացել,
Թե չի սիրում ինչի՛ համար:
Ա՛յն կինը, որ գիտի մի բան
Եվ չգիտե ևըս մի բան.
Նա չգիտի,
Որ աշխարհում
Կարելի է ապրել նաև առանց սիրո,
Եվ լա՛վ գիտի,
Որ երբևէ,
Ի՜նչ էլ լինի ու չլինի՝
Անկարող է դավաճանել…

Գիշերն ունի ամե՜ն բանի թույլտըվություն:
Իսկ ես չունե՜մ…

26.V.1959թ. 14.X.1959թ. Մոսկվա Չանախչի

Կարդալ ամբողջությամբ

ԱՀԱ ՆՈՐԻՑ ԳԻՇԵՐ

January 30, 2013 Բանաստեղծություններ

Ահա նորից գիշեր, ահա նորից մշուշ,
Նորից տապից այրված փողոցն է երջանիկ,
Նորից մանրահատիկ անձրևն է մեղմ խշշում,
Եվ լուռ անրջում է ամեն կիզված տանիք…

…Ես մեղմ էի այնպես, խոնա՜րհ և ընտանի՛,
Այդ երեկ էր կարծես, դու հիշո՞ւմ ես արդյոք
Մեզ սպասում էր դեռ չեղած մի ընտանիք,
Մի համրախոս խրճիթ՝ ծածկված հող ու հարդով։

Բա՜խտ կար քո աչքերում, բախտ կար ամե՜ն ինչում,
Միայն սե՛ր կար կյանքում, ցավ ու ձանձրույթ չկար,
Ամեն խոսք ու հայացք խոստումով էր շնչում,
Երազով էր հարուստ օրն ու գիշերն երկար։

Բայց մեր բախտը այդ ո՞ր, ո՞ր գիշերում մռայլ,
Ո՞ր անձրևի ներքո և ո՞ւմ ձեռքը թաղեց,
Ո՞ր ջրհորդանն արդյոք քրքջաց մեզ վրա,
Այդ ո՞ր առուն խնդաց, լամպը քմծիծաղեց։

Այդ ո՞վ իմ գալիքը՝ քո աչքերի խորքում
Եվ քո սերը մորթեց իմ ձեռքերի վրա։
Այդ ո՞վ և ինչո՞ւ էր բաց դուռն իմ դեմ փակում
Ու զղջման աղ ցանում իմ վերքերի վրա։

Ո՞վ էր,- չե՛մ հասկանում, ես չգիտե՜մ, մշո՜ւշ,
Գիշե՛ր, հանկարծ քեզ պես ողջը մուժով պատվեց…
Միայն գիտեմ՝ փլվեց մի որբ տանիք դրսում
Եվ մայթերին, իմ տեղ, անձրևն ուշաթափվեց…

12.X.1943թ. 20.II.1952թ. Երևան Երևան

Կարդալ ամբողջությամբ

ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՈՄՍ

January 8, 2013 Բանաստեղծություններ

Ոչի՛նչ այնպես ինձ չի հուզում,
Ինչպես մի հարց միամիտ.
Խավարն ինչո՞վ մաշեցնել,
Գիշերն ինչպե՞ս լուսացնել,
Եթե սրտիդ ճմլումն էլի
Թույլ չի տալիս մտնել քուն…

Տե՛ս, ջղային այս անտառը
Հանգստացավ ինքն իրեն՝
Իր հերթական նոպան ապրած՝
Տառապած ու պարտասուն:
Իսկ ջրերը
Հար տանջվելով անքնության բիրտ ձեռքից,
Բարձունքներից ցած են նետվում՝
Ինքնասպանի մոլուցքով,
Բայց, կատվի պես,
Միշտ ընկնում են իրենց ճկուն թաթերին
Եվ, մի վայրկյան շնչակտուր, մլավում են քիչ հետո
Ու լռության մեջքի վրա նո՛ր ու նորից փակցընում
Իրենց տենդոտ զառանցանքը՝
Խռովության կոչի պես…

Իսկ ես՝ ներկա, մինչ հայացքըս՝ բացակա,
Օտարվում եմ ինքըս ինձնից,
Ինքըս ինձ չե՜մ ճանաչում:
Ջլախտավոր ինչ-որ խոհեր,
Ինչ-որ մտքեր ընկնավոր
Թպրտում են, ընկնում-ելնում՝
Կարծես ո՛չ թե գլխիս մեջ,
Այլ… հեռավոր Լուսնի վրա կամ Մարսի…
Մեռելներն են ինձ այցելում՝
Կերպարանքով երազի,
Ու չեն թողնում, որ զրուցենք երկուստեք.
Իրենք իրենց մենախոսում են անձայն,
Ապա թողնում-հեռանում են,
Որ ես լսեմ քիչ հետո,
Թե ինչպես է երկախոսում ճեպընթացը բքի հետ,
Թե ինչպես են երկախոսում խոհուն ծերպն ու սուր քամին,
Թե ինչպես են ջղաձգվում ա՛յն գետերը հորդաջուր,
Որոնց երբեք ես չեմ տեսել,
Ո՛չ, տեսել եմ… քարտեզին…
Հետո ինչ-որ արվարձաններ,
Ասես տված իրար խոսք,
Արշավում են,
Որ կենտրոնի տեղը իրենք գրավեն,
Դրանով էլ հենց, իբըր թե, արագացնեն ապագան…
Իսկ նույն պահին
Ինչ-որ ձայներ իմ կենտրոնում սեփական
Ընդդիմախոս այլ ձայների հայրն ու մայրն են անիծում…
Հետո ինչ-որ անո՜ւշ մի ձայն, անվստա՛հ ու տխրագի՛ն,
Հայցելու պես պահանջում է, որ փորձ անենք չսիրել,
Այլ միշտ մնանք բարեկամներ մերձավոր…
Հետո՛… Հետո՛…
Կարծես թե ես պառկած եմ հենց ի՛նձ վրա
Եվ ինձ վրա ի՛նքըս պառկած,
Ինձ ճմլելով-ճզմելով՝
Հանգստանալ եմ ուզում…
Պարզ չէ՞,
Որ ինձ էլ չի հուզում այն հին հարցը միամիտ,
Թե գիշերը ինչպե՞ս պիտի լուսացնեմ,
Թե խավարը ինչո՞վ պիտի մաշեցնեմ,
Երբ աչքերիս չի մոտենում քունն անգութ,
Պարզ չէ՞ արդյոք.
Ինքըս պիտի, այսպե՛ս, պառկե՜մ ինձ վրա
Եվ ինձ վրա ի՛նքըս պառկած,
Ի՛նձ ճմլելով-ճզմելով՝
Հանգստանամ փառավո՜ր ու փառահե՜ղ…

17.III.1964թ. Դիլիջան

Կարդալ ամբողջությամբ