երջանկություն | Պարույր Սևակ

երջանկություն tagged posts

ԴՈՒ

February 22, 2013 Բանաստեղծություններ

.

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում`
Փոշիացած հերոսների
Ու ծնվելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում`
Լքված տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ ու գերանում…

Դո՛ւ`
երկու տա՜ռ,
Դո՛ւ`
հասարա՜կ մի դերանուն…

02.VII.1958թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ԻՆՉՊԵ՞Ս ՉԶԱՐՄԱՆԱՍ

February 16, 2013 Բանաստեղծություններ

Բախտ էր մեզ համար՝ խաղալ ջրերում
Ու երջանկություն՝ ցեխոտել իրար,
Թեպետև տանը մեզ չէին ներում
Մեր այդ մանկական հաճույքի համար:

Ճիշտ է, մենք իրար ցեխոտում էինք
Եվ դրա համար ծեծ էինք ուտում:
Բայց նրանք ինչպե՞ս, ո՞նց չգիտեին,
Որ մեր շորն էինք միայն ցեխոտում:

Հետո, հիշո՜ւմ ես, մաքո՜ւր շապկի տակ
Պղտորվեց զուլալ մանկական հոգին՝
Աղարտվեց մեր հին երազը հստակ,
Չկշտամբեցին սակայն ոչ մեկիս…

06.V.1946թ. 21.VII.1953թ. Երևան Նավչալու

Կարդալ ամբողջությամբ

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

February 14, 2013 Բանաստեղծություններ

Երջանկությո՛ւն, թող որ նայեմ ջինջ աչքերիդ,
Ու թարթիչներըդ թող բնավ չթարթըվեն:
Շա՜տ անգամ եմ ես կամեցել դառնալ գերիդ,
Իսկ դրա տեղ քո կռնակն ես ինձ ցույց տվել:

Հազիվ հիմա դու մոտեցել ես քո կամքով,
Դու եկել ես և, փոխարկված զույգ ձեռքերի,
Վզովս ընկել, փաթաթվել ես ծով քնքշանքով
Ու ժպտում ես թովի՜չ այնքան, այնքան գերի՜չ:

Եթե սիրում ես երևալ հանկարծակի,
Ինչպե՞ս քեզ հետ ժամադըրվել և ի՞նչ ճամփով:
Երևալըդ թե նման է հուր-կայծակի,
Ինչպե՞ս խնդրել, որ չլինի երկինքն ամպոտ:

Եթե թողնում, մեզ լքում ես նրա համար,
Որ երազված լինի նաև քո այցը նոր,
Էլ ի՞նչ իմաստ, ինչի՞ համար խնդրել հիմա,
Որ մի քիչ էլ մնաս ու տաս սեր ու ցնորք:

Գնա-արի, եկ ու գնա, հիշիր սակայն,
Որ քեզ կարոտ, իրար կարոտ սիրող մի զույգ
Տառապանքի ու ցավի մեջ ամեն վայրկյան
Կրկին դարձիդ են սպասում անարտասուք…

20.X.1955թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՄԵՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

January 24, 2013 Բանաստեղծություններ

Մենք շապիկով չծնվեցինք: Եվ մեզ համար
Ուրիշ տեսք է երջանկությունը միշտ կրել:
Մեզ ծնել է, աշխարհ բերել համեստ մի մայր,
Բայց մեզ ինքը պատմությունն է որդեգըրել:

Մի աղջիկ է կյանքում սիրել ու մեզ փնտրել,
Մի խե՜նթ աղջիկ՝ երազների հետքով տարված:
Բայց գիտեինք, որ ապագան է մեզ ընտրել,
Որ ինչպես մենք՝ նա էլ մեզ է սիրահարված:

Համե՜ստ մի տուն,- բայց գիտեինք, որ հայրաբար
Լայն աշխարհն է իր դռները մեր դեմ բանում:
Աշխատանքի, ծառայության տանող ճամփա,-
Բայց գիտեինք, որ գալիք է նա մեզ տանում:

Առօրյական մեր հոգսերում ու մեր գործում
Կար մի իմաստ, կար մի խորհուրդ անբռնելի,
Որ գինու պես ուշացումով է ներգործում
Եվ որ միայն մեզ համար է ըմբռնելի:

Մեր խոսքերում կար մի շշուկ, կար մի հնչյուն,
Ամեն ինչում մի երազ էր վեր խոյանում,
Որով անգամ թշնամուց ենք մենք ճանաչվում,
Բարեկամին առանց թարգման ներկայանում:

Անգամ մահը… Նա մեզ համար վախճան չէր, ո՛չ:
Նա մեզ համար գործի կես էր, շարունակում.
Այդպես երեկ մարմիններով իրենց առողջ
Գնդացրի երախն էին մերոնք փակում:

Իսկ կյա՜նքը մեր… Մենք շապիկով չծնվեցինք.
Երջանկության այլ չափանիշ է մեզ տրված…
Մեզ նա՛ միայն կհասկանա, ով գեղեցիկ,
Բայց հեռավոր մի կնոջ է սիրահարված…

01.VII.1951թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՇԱ՞Տ ԲԱՆ Է ՊԵՏՔ ԱՐԴՅՈՔ

January 24, 2013 Բանաստեղծություններ

Շա՞տ բան է պետք արդյոք երջանկության համար:

Լեռան գլխին իջած կապույտ երկնակամար,
Ծաղկած ափին փարվող մի լեռնային ալիք,
Տաք հողի մեջ նստած մի փոշոտված բալիկ,
Հիշողություն մի տաք,
Տեղին արված կատակ.
Երեկ դեռ անծանոթ աղջկա հետ
Առանց հոգնածության շրջել ամբողջ գիշեր,
Ինքնամոռա՜ց այնպես, և – այնուհետ
Տոնի նման այդ օրն ամբողջ կյանքում հիշել.
Ձերոնց կողմից դրսում շահված մի մրցություն,
Քո քաղաքում հառնող մի հոյակապ նոր տուն,
Ուր ձմռանը վառվող վառարանի հանդեպ
Տղադ պիտի կարդա հափշտակիչ մի վեպ,
Նա՛, որ խաղով այնքան երջանիկ է հիմա…

Շա՞տ բան է պետք արդյոք երջանկության համար:

25.IX.1953թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇ

January 10, 2013 Բանաստեղծություններ

-Երջանիկները ի՞նչ չեն ունենում:
-Ժամ ու ժամանակ:

Չէ՜, սիրելի՛դ իմ.
Շատ է հնացել քո պատասխանը:

Երջանիկները մո՛ւժ չեն ունենում՝
Իրար հոգու մեջ բարդելո՜ւ համար:

Երջանիկները կո՛ւժ չեն ունենում՝
Անզգուշորեն ջարդելո՜ւ համար:

Ոչ մի կավճոտված հո՛ւշ չեն ունենում՝
Սրտի սպունգով ջնջելու համար:

Նրանք, կարճ ասած, ո՜ւժ չեն ունենում՝
Իրենց ու իրար… տանջելո՛ւ համար…

22.III.1964թ. Դիլիջան

Կարդալ ամբողջությամբ

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՓՆԵԿԻՐԸ

January 8, 2013 Բանաստեղծություններ

Ավելի շուտ է ապագան գալիս,
Քան թե՝ չուզելով՝ մեկնում է ներկան:
Եկել ես… այդպես:
Ու ես՝
Շփոթված-շաղված ժպիտով
Ժպտում եմ անվերջ,
Շարունակ ժպտում՝
Բուդդայի նման…

Ու զարմանում եմ,
Զայրանում նաև,
Որ երջանկության մրցանակ չկա
Համայն աշխարհի ո՛չ մի անկյունում:
Իսկ եթե նման մրցանակ լիներ,
Հիմա դափնեկիր ե՛ս կդառնայի,
Եվ ողջ աշխարհը՝
Դարձած ցուցամատ,
Ի՛նձ պիտի նշեր բարի նախանձով,
Քիչ կակազելով բարի նախանձից.
«Տե՛…սե՛ք ա՛շ…խա՛ր…հի՛ երջանիկ մարդուն»:

Իսկ երբ աշխարհի երջանիկ մարդն է սկսում խոսել,
Լսում է նրան… տարե՜րքը նույնիսկ:
Եվ զուր մի՛ կարծիր,
Թե սովորական մի ձյուն է տեղում:
Չէ՜.
Ես պարզապես «սեր» բառն եմ հիմա հոլովում մտքով,
Եվ դա հնչում է իբրև հրաման,
Որ մեծափաթիլ ձյունն էլ հոլովվի պարզ ու վեհորեն,
Եվ նրա ճռինչն իմ ոտների տակ ինձ շփոթեցնի՝
Մի՛շտ հիշեցնելով մի բան,
Որ իսկույն չի մտաբերվում
Ու երկա՜ր-երկա՜ր մտածելուց վերջ
Գլխի ես ընկնում, հասկանում հանկարծ,
Որ խնդությունից
Սիրտը ճխում է հենց այս նո՛ւյն ձևով…

Եվ զուր մի՛ կարծիր,
Թե մառախուղն է ձորն ի վեր ելնում՝
Դեպի ետ հոսող ջրվեժի նման,
Դրա համար էլ դանդա՜ղ-ծանրորե՜ն:
Չէ.
Ե՛ս եմ կրկին շնչում ձորն ի վեր՝
Քնքշանքի խոսքեր արտաբերելով:

Եվ զո՜ւր ես կարծում,
Թե համն ես առնում նորելուկ գարնան,
Եվ որ հալոցքի օրերն են հասել,
Եվ որ ծառերը պիտի աննկատ պտկեն նորից-նոր:
Չէ՜.
Ե՛ս եմ դարձյալ վերամկրտում
Նորադարձ սերըս իմ տաք շնչի մեջ,
Եվ դրանից է
Կռապաշտ ձմեռն իր բեռը բարձած
Փախուստի դիմում ճամփով հալոցքի,
Եվ դրանից է ծառն էլ սկսում
Լնդերքը ճեղքել՝ երեխայի պես,
Եվ ատամ հանել՝ բողբոջի տեսքով:

Ավելի շուտ է գարունը գալիս,
Քան թե՝ չուզելով ձմեռն է մեկնում:
Դո՛ւ էլ, սիրելի՜ս, եկել ես այդպես,
Եվ եկել, կարծեմ, իմ հրավերով կամ հրամանով,
Որ ուրիշ բան չէ,
Քան «սիրել» բայի խոնարհումը լուռ…

15.III.1964թ. Դիլիջան

Կարդալ ամբողջությամբ