ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԵՏ | Պարույր Սևակ

ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԵՏ tagged posts

ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԵՏ

January 29, 2013 Բանաստեղծություններ

.

Քրտնքից խաշված իր հին գլխարկը թեքած աչքերին,
Ինքն իրեն հետ է առնում ու տալիս Մարտիրոս քեռին.

«Ախար, ա՛յ հոգիս, էս ո՞նց կլինի աշխարքի բանը»,-
Ու ջրաղացում տրված օրդերն է կոխում գրպանը:-

Խոսքի օրինակ, ա՛յ, հենց մեր զալում պահեստապետը:
Մինչև որ ձեռքիդ զոմբախ չունենաս՝ չես խոսի հետը:

Շներին կապել ու բաց են թողել էդ տնավերին,
Ինչ է թե երեկ շրջկոմ է ընկել իր քեռու քեռին:

Բայց դե աշխարքըս ո՞ւմն է մնացել, որ դրանց մնա,
Անարդար բանը անոթի շանն էլ, չէ՜, կուլ չի գնա:

Ա՛յ, էսքանն էլ ճիշտ (զույգ փռշտում է Մարտիրոս քեռին,
Եվ դրանից էլ գլխարկն է իջնում, կախվում աչքերին):

Նա – և կոմունի՞ստ: Գիտի-չգիտի մի «ուռռա», «կեցցե»:
Տո՛, ի՜նչ կոմունիստ… Թե դրան վերցնես ու թոնիր գցես,

Վրայից անգամ կոմունիստ մարդու մշահոտ չի գա…
Ա՜յ, ինչ եմ ասել, թողնես՝ ամենքին կպցնի «հակա»:

Դեհ, էլ ո՞ւմ ասեմ, որ քսան տարի էդ մարդու տղան
Ձեռքը չի բռնել ո՛չ մանգաղ, ո՛չ բահ, ո՛չ փոցխ ու եղան.

Կա՛մ հանդապահ է, կա՛մ կալի հսկիչ,- ման գալիս էշխով,
Ուշունց է տալիս – և դրա համար ստանում աշխօր:

Բենզին է տանում տրակտորիստին – ինչ խոսք որ ԳԱԶ-ով,
Մսի մթերման տավարն է հանձնում – էն էլ ի՜նչ նազով:

Բա լսվա՞ծ բան է. չորս – հինգ փութ ցորեն ջաղաց ես տանում,
Նա՝ օրդեր գրում, դրա համար էլ… աշխօր ստանում:

Թե իրեն ասես՝ մի բան չես արել էս քսան տարում,
Կասի՝ ժողովո՜ւրդ, սա մեր կարգերի հիմքերն է փորում:

Թե մեկ էլ ասես, կգոռա՝ բա ո՞նց, պարտիական եմ:
Է՛հ, ի՜նչ դուրս եկավ. նա՝ պարտիական, ես պարտակա՞ն եմ…

Քրտնքից խաշված իր հին գլխարկը թեքած աչքերին,
Ինքն իրեն հետ է առնում ու տալիս Մարտիրոս քեռին:

Չգիտի քեռին, որ այդ նույն պահին իրենց շրջկոմում
Պահեստապետին ու նրա քեռուն պատին են գամում…

15.V.1954թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ