լեռներ | Պարույր Սևակ

լեռներ tagged posts

ԼԵՌՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ

January 26, 2013 Բանաստեղծություններ

.

Դաշույնաձև լեռներ, որ չեն խոցում սակայն,
Եվ անդունդներ, վիհեր՝ նման խորունկ վերքի,
Ու սլացիկ բարդի, ասես կանաչ մի կայմ,
Որ նավում է դեպի ծովածավալ երկինք:

Հետո՝ դեղին արտեր, հետո՝ արտեր թառած
Մեկ այս, մեկ այն սարի կարկատանված լանջին.
Հետո՝ լույս ու օջախ, կանանց ձեռքով վառած,
Որ տնովին նստեն իրիկնային հացի:

Հետո՝ մի պաղ լուսին, որ կախվում է ձորից՝
Վայր ընկնելու վախից ամբողջովին ճերմակ.
Եվ աստղազարդ գիշեր, և մի քամի, որից
Կտրին խշխշում է մի ծաղկաչիթ վերմակ…

Ու քնում է գյուղը վաստակաշատ քնով:
Միայն տակտ են տալիս կալսիչները կալի,
Եվ մի ջահել սիրո՞ւց, թե խմիչքից գինով,
Երգով երազում է «բարակ բոյով յարին»:

«Բարակ բոյով յարին», որ չի քնել գուցե
Եվ ծաղկաչիթ – նախշուն վերմակի տակ, կտրին,
Նվաղկոտ աչքերը երազանքով գոցել,
Վախենում է շարժվել – հանկարծ երգը կտրի…

16.VI.1951թ. 29.II.1952թ. Երևան Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ