Կոմիտաս | Պարույր Սևակ

Կոմիտաս tagged posts

Նորից երգում, մորմոքում է

January 30, 2013 Բանաստեղծություններ

.

Նորից երգում, մորմոքում է
Աստվածային Կոմիտասը,
Կախարդում է ու մոգում է
Աստվածային Կոմիտասը…
Ամենամե՛ծ դու նահատակ,
Ամենահա՜յր, ամենահա՜յ,
Գինու կարասն՝ ուրիշներին,
Մեզ հերիք է քո մի թասը…

18.III.1956թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՀԱՆԴԻՊՈՒՄ

January 22, 2013 Բանաստեղծություններ

Իմ քաղաքում հիմա գարնան իրիկունն է իջնում շքեղ:
Հանդիպակաց բոլոր տանիքների վրա
Մի վիթխարի, բայց անվտանգ հրդեհ են բորբոքել
Մարող վերջալույսի ճառագայթները հուրհըրան:

Փողոցներում հիմա հանկարծ զարթնած քամին խաղում է խենթացած
Կանաչ սաղարթների, կանանց զգեստների մետաքսի հետ:
Զբոսանքի ելած աղջիկների ծիծաղն արծաթաձայն,
Ճիչը մանուկների, պուրակների շունչը բուրումնավետ.

Բաց պատուհաններից ներխուժում են իմ սիրտն ու իմ տունը
Եվ լցնում են հոգիս մի բանաստեղծությամբ, երգով մի վես,
Որի համար չափ է երջանկությամբ լեցուն սրտի տրոփյունը
Եվ որը հանգ ունի – ծիծաղի պես:

…Եվ մտածել, որ դո՜ւ, դո՛ւ, որ բանաստեղծ ես և սիրահար լույսի,
Բանտի նկուղներում լույսը մթից հիմա չես տարբերում,
Որ արյան մեջ ներկված յաթաղանի նման մի կեռ կիսալուսին
Երկրիդ և քեզ վրա, Նազի՛մ, իր պաղ լույսն է արևի տեղ փռում.

Որ դու լոկ մտքով ես զբոսանքի ելնում գերված Ստամբուլում,
Ուր քո մայրն է շրջում՝ սպիտակած վշտից, կորված՝ տանջանքի տակ,
Որ քո սիրած մարդկանց միայն քնի մեջ ես դու համբուրում
Եվ արյա՜մբ ես գրում բանտիդ «Նամակները»՝ արյա՛մբ քո տաք…

Իմ տան պատուհանից երևում են ահա մթնում իրիկնային
Գերված Մասիսները, որոնք մի ժամանակ կոչվում էին «Ազատ»:
Նրանք իմաստալից ինձ աչքով են անում: Անցնո՜ւմ եմ սահմանից.
Բանաստեղծի համար սահմանը միշտ բաց է – երգն է նրա վիզա՛ն:

Իսկ ես բանաստեղծ եմ: Հայոց երկնի տակ եմ իմ կյանքն անցկացըրել…
Նույն աստղերի լույսն է ներս թափանցել ձեր ու մեր երդիկից,
Մեր Տիգրիսի ջուրը մեր այգիների հետ ձեր մարգերն է ջրել…
Մենք լոկ գրչակիցներ, պոետներ չենք միայն, այլև հայրենակի՛ց:

Ստամբուլը որքան քո քաղաքն է, նույնք...

Կարդալ ամբողջությամբ

ԿՈՄԻՏԱՍԻ ԴԻՄԱՆԿԱՐԻ ԱՌՋԵՎ

January 1, 2013 Բանաստեղծություններ

____Քո աչքե՜րը…
____Այս աչքերը՝
Վանա ծովի մութ հատակ,
Նարեկացու հոգու պես խոր ու անտակ:
____Այս աչքերը՝
Բուրգի ակնատ ու դղյակի լուսամուտ,
Սեվանի պես երերածուփ,
Արաքսի պես հոսանուտ:
____Այս աչքերը՝
Դեռ կենդանի նահատակ,
____Այս աչքերը՝
Մարմին առած պաղատանք:

____Այս աչքերը՝
Պոռթկուն երա՜զ, դժվար կարո՜տ,
____Ծանըր ե՜լք,
____Մորմոքուն վե՜րք,
____Ծովացած խե՜լք,
____Ծորուն ե՜րգ…

____Ու բերա՜նը…
Անբառ-անխոս այս բերանին նայելիս
Մեր տաճարներն ես վերհիշում,
Անին՝ թափուր գահերից,
Եվ ծյուրումն է կարծես հոսում
Կերոնների, ջահերի,
Ու սարսափն է կարծես խոսում
Կորուստների, ահերի:
Մեր կարոտի՛, մորմոքների՛, մահերի՛,
Ուրախության, սիրո, հույսի՝
Ամե՜ն տեսակ պահերի
Վառված խոսքն է այս բերանին միշտ թառել:
Այս բերանն է վաղակատա՛ր,
____անկատա՛ր
________և ապառնի՛՝
Ամե՜ն տեսակ բայերի
Խոնարհումը հույս-հավատով կատարել…

____Իսկ ճակա՜տը…

____Քո ճակատը
Մագաղաթի հին պատառիկ է ասես,
Մարմարոնյա մի ափ բեկոր-հուշարձան,
Կնճիռներըդ՝ հնադարյան հին խաղեր՝
Քեզնից առաջ – քեզնից հետո անվերծան:

____Քո ճակա՜տը…
Սրբի ճակատ և հերոսի ասպարեզ,
Հարսանքատան ուրախ տանիք,
Ուր հնչում են նազպարեր:
____Քո ճակա՜տը՝
Քրտնող մշակ ու գիտունի զինարան,
Մասունքների խորունկ խորան
Եվ ճգնողի մենարան:
____Քո ճակա՜տը՝
Համբուրելի սուրբ խաչքար,
____Թոնրի տաք խուփ
Եվ գեղջուկի թեղած կալ…

____Եվ ակա՜նջը…

____Քո ակա՜նջը՝
Մեղեդու դեմ՝ դըռնբաց,
Աղմուկի դեմ՝ միշտ կայուն.
Մեր նունուֆար ծաղկի պես
Բացվող-փակվող՝ զգայուն…
____Քո ակա՜նջը՝
Կախարդական ձայնամաղ,
Եվ դրանով դու մեր հոգին,
Մեր դարերը մաղեցիր,
Թեփ-ժխորը անջատելով թողեցիր,
____Իսկ մեղեդին՝
Նմո՜ւշ-նմո՜ւշ, մատնընտի՜ր,
Քո տաք հույզով ցողեցիր,
Անտակ հույսով հողեցիր,
Որ մենք քաղենք մեկին տաս:

Քո ակա՜նջը, Կոմիտա՛ս,
____Քո ակա՛նջը՝
Պատարագվող եկեղեցի՜ սրբազան.
____Քո ակա՛նջը՝
Շքեղ խեցի՜ ձայնալուր…
Ինչ վսեմ էր ու գեղեցիկ հայաբար,
Թե չարքերը խոր թաղեցին մինչևիսկ,
Աստծու նման դու պեղեցիր մեր հոգում,
Դու պեղեցիր ու զեղեցիր աշխարհում…
Անթեղեցիր դու մեր հուրը ցիրուցան,
Կանթեղեցիր մեր կրակը մթան մեջ…
Ինչ խեղեցին օտարները դարեդար՝
Դարմանեցիր ու դեղեցիր հրաշքով…
Թե նեղեցին ու շեղեցին մեր ուղուց՝
Ուղիղ ճամփի դո՛ւ մղեցիր մեզ անվերջ…
Դո՛ւ դարավոր երգի ցանքը քաղեցիր,
Մեր ծով բերքը դո՛ւ թեղեցիր մեր սրտում
Ու թխեցիր՝ հա՜ց դարձըրիր հոգևոր…

Քո ակա՜նջը, Կոմիտա՛ս,
Քո ականջը – մագնիսի պես –
Եղանակ էր հավաքում:
Ինչ ականջըդ հավաքում՝
Մատներդ էին նվագում:
____Քո մատնե՜րը…
____Քո մատնե՛րը՝
Դարմանի մեջ սարսուռ ցորեն ջոկջկող,
Կարճատես ու թույլ աչքերից
Վարագույր ու փառ պոկող,
Մթնած մտքի ու փակ հոգու դուռ թակող,
Տնավերին ու պանդուխտին ողոքող,
Սիրած յարին սիրած յարից
Զատողի դեմ բողոքող,
Ցավ ու կսկիծ ամոքող,
Սեր ու կարոտ նվագող,
____Բեկված շողեր,
____Վճիտ ցողեր,
____Սրտի դաղեր
____Ու դողեր,
Գեղգեղանքի թրթիռներ,
Ելևէջի հրթիռներ,-
____Հոսուն բոցեր
Ու տաք մոխիր հավաքող…

Քո մատները, Կոմիտա՛ս,
Վառվող ծոցին՝ զովարար,
Խորունկ խոցին՝ դեղատուր,
Լաց ու կոծին՝ սփոփանք,
Մանկան ճոճին՝ օրորում:

Քո մատների զարկի տակ
Մեր սրտերը՝ պաղ ստեղ,
Մեր սրտերը՝ անգիտակ,
Քո մատները՝ տաղաստեղծ:

Քո մատները՝ երգահան,
Տասնահատո՜ր երգարան…

12,15.IX.1957թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ