հայաստան | Պարույր Սևակ

հայաստան tagged posts

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

January 22, 2013 Բանաստեղծություններ

.

Քունըս չի տանում,
Դու էլ մի քնիր,
Հետս էլ կրկընիր,
Որ Հայաստանում
Հիմա գարունը
Բացվել է արդեն.
Թողած հին հունը՝
Գետերը հորդել,
Պղտոր ու խելառ
Դես-դեն են խփում:
Կանաչից հարբած՝
Գառներ ու հորթեր
Լեռնալանջերին
Խայտում են, ծփում:
Մոշու թփեր են
Չորս բոլոր աճել:
Մի մոլոր գառնուկ
Պճեղն է դաջել
Ոլոր կածանի
Կիսաթաց հողին:
Խաղալի վրա
Մի բուռ հին կաղին
Տվել է իրեն
Լո՜ւռ արևկողի:
Կոճղը դարձըրած
Իր համար սեղան՝
Պսակ է գործում
Մի պուճուր տղա
Ու գցում վզին
Իր ծիրան եզի:
Իսկ մա՜յրը տղի…
Պառավն անտեղի՛,
Զո՜ւր է տեղ գցել
Քնելու համար.
Նա, ինձ պես, գուցե
Չի քնել հիմա,
Նա՛, որին դեմքով
Ես շա՜տ եմ նման…

…Քունըս չի տանում,
Դու էլ մի քնիր,
Հետս էլ կրկընիր,
Թե ի՞նչ եմ անում
Ես ի՞նչ եմ անում
Ոչ Հայաստանում…

10-11.XI.1956թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՀԱՅԱՍՏԱՆ

January 16, 2013 Բանաստեղծություններ

Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա՛ծ,
Իմ փառապա՛նծ:
Հների մեջ՝ դու ալեհեր,
Նորերի մեջ՝ նոր ու ջահել.
Դու՝ խաղողի խչմարված վազ,
Վշտերըդ՝ ջուր, ինքըդ ավազ.
Դու՝ բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռված փշատ.
Դու՝ կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.
Դու՝ Զվարթնոց – ավեր տաճար,
Կոմիտասյան Ծիրանի ծառ.
Դու՝ ջրաղաց խորունկ ձորում,
Դու՝ հորովել անուշ ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի.
Դու՝ նե՛տ, նիզա՛կ, մկո՛ւնդ կոպիտ,
Դու՝ հայրենի ծխանի ծուխ,
Դու՝ անգի՛ր վեպ, դու՝ Սասնա ծո՜ւռ…

Իմ փառապա՛նծ
Իմ տառապա՛ծ,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ քաղցրանո՜ւն:
Դու՝ մրգերի շտեմարան,
Ոսկեվազյան գինու մառան.
Դու՝ թավշե դեղձ, դու՝ փրփուր հաց,
Արտաշատյան խաղող սևաչ.
Դու՝ Սևանի վառվող կոհակ,
Երևանի սյուն ու խոյակ.
Դու՝ հանգրվան, կանչող փարոս,
Դու՝ հայկական գերբ ու դրոշ.
Խոսուն վկա կոտորածի
Ու վճիտ աչք ցամքած լացի,
Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան –
Միշտ հի՛ն ու նո՛ր իմ Հայաստան:

11.XI.1950թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ