հայուհի | Պարույր Սևակ

հայուհի tagged posts

ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ

January 3, 2013 Բանաստեղծություններ

.

Լոկ իրե՛նց հատուկ բյուր անուններից
Գալիս է բույրը հին-հին դարերի,
Անգին քարերի,
Պարտեզի, շոգի ու խոնավության,
Երկնքի, հողի ու խոնարհության,
Մինչդեռ փեշերից՝
Բույրը թարմ հացի,
Հոտը խնձորի կամ սերկեվիլի,
Որ քուն են առնում նրանց փոթերի ու դարսերի մեջ՝
Հայրական տնից բերած սնդուկում…

Ու մեր ճաշերը նախ նրանց տաքուկ շնչով են եփվում:
Իսկ եթե նրանց գլխաշորերից դեղ-դարման սարքվեր՝
Անպարկեշտություն կոչված ախտը հին կբուժվեր իսպառ…

Բարեխառն գոտուց հեռու ապրելով՝
Մենք միշտ բարեխառն օդ ենք ներշնչում մեր տների մեջ՝
Շնորհիվ… նրանց հավատարմության:
Եվ ամեն անգամ նրանք մտնում են անկողինն իրենց,
Ինչպես մտնում են սրբացած տաճար,
Իսկ եթե նրանց այդ նույն բանն ասես,
Կխաչակնքեն երկյուղածորեն՝
Այդ համարելով սրբապղծություն…

Ու երիտասարդ նրանց ձեռքերը նուրբ են առավել,
Քան իրենց սրտի թաղանթը նույնիսկ,
Մինչդեռ մայրական ու մամիկական ձեռքերը նրանց
Գնալով անվերջ փոխվում են-փոխվո՜ւմ
Ու նմանվում են… երկրի կեղևի՛ն.
Սարե՜ր կան այնտեղ, ձորե՜ր, անդունդնե՜ր՝
Կոշտուկի՛ տեսքով,
Կնճիռի՛ տեսքով,
Տեսքով խորշոմի՜…

Խորանի նման լեցուն են նրանք տաք մասունքներով,
Որ միշտ կարող են գավիթ դուրս բերվել ինն ամիսը մեկ
Ու կոչվել «զավակ» կամ «խաչ», ինչ նրանք
Սիրով են կրում բովանդակ կյանքում…

Անցնելով փշոտ ճանապարհները առի և փախի՝
Բոբիկ ոտքերին կծկել են նրանք
Իրենց հայրենի գետակն ու առուն,
Ցավից մշուշված իրենց աչքերում
Տարել են իրենց ծուխը ծխանի
Եվ իրենց հոգնած շալակին առել
Ոչ միայն մանչին կամ մի մագաղաթ,
Այլ մի բովանդակ… բնիկ հայրենի՛ք,
Մի ծա՜նըր, ծանը՜ր, ծանը՜ր հայրենիք՝
Իրենց կանացի թիկունքին կպած
Ա՛յն կուզի նման կամ ա՛յն սապատի,
Որ շտկըվում է լոկ գերեզմանո՜ւմ…

Ինչե՜ր չեն տեսել նրանք այս վերջին հազարամյակում…

Հաճախ են նրանք իրենց պաշտպանել
Տաք խաչերկաթով
Կամ եռման կաթով:
Նրանց հայրենի անխիղճ ու բարի քարափներն անտակ
Ու կամուրջները չար ու ողորմած
Մեկ անգամ չէ, որ նրանց փրկել են անպատվությունից,
Որպեսզի ապրած դժոխքից հետո
Մարտիրոսացած մտնեն դռներից ա՛յն Արքայության,
Որ եթե չկա ու չի էլ եղել,
Ապա անպատճառ ստեղծվեր պիտի
Հենց սրա՜նց համար:

Իսկ եթե մահը եղել է անգութ
Ու ժամանակին չի տարել նրանց,
Ու եթե նրանք ընկել են հարեմ՝
Առևանգիչի, լլկողի համար ծնել են նրանք
Միայն… ապուշնե՜ր և կամ… դահիճնե՜ր…

28.XII.1962թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ