հանդիպում | Պարույր Սևակ

հանդիպում tagged posts

ՀԱՆԴԻՊՈՒՄ

January 22, 2013 Բանաստեղծություններ

.

Իմ քաղաքում հիմա գարնան իրիկունն է իջնում շքեղ:
Հանդիպակաց բոլոր տանիքների վրա
Մի վիթխարի, բայց անվտանգ հրդեհ են բորբոքել
Մարող վերջալույսի ճառագայթները հուրհըրան:

Փողոցներում հիմա հանկարծ զարթնած քամին խաղում է խենթացած
Կանաչ սաղարթների, կանանց զգեստների մետաքսի հետ:
Զբոսանքի ելած աղջիկների ծիծաղն արծաթաձայն,
Ճիչը մանուկների, պուրակների շունչը բուրումնավետ.

Բաց պատուհաններից ներխուժում են իմ սիրտն ու իմ տունը
Եվ լցնում են հոգիս մի բանաստեղծությամբ, երգով մի վես,
Որի համար չափ է երջանկությամբ լեցուն սրտի տրոփյունը
Եվ որը հանգ ունի – ծիծաղի պես:

…Եվ մտածել, որ դո՜ւ, դո՛ւ, որ բանաստեղծ ես և սիրահար լույսի,
Բանտի նկուղներում լույսը մթից հիմա չես տարբերում,
Որ արյան մեջ ներկված յաթաղանի նման մի կեռ կիսալուսին
Երկրիդ և քեզ վրա, Նազի՛մ, իր պաղ լույսն է արևի տեղ փռում.

Որ դու լոկ մտքով ես զբոսանքի ելնում գերված Ստամբուլում,
Ուր քո մայրն է շրջում՝ սպիտակած վշտից, կորված՝ տանջանքի տակ,
Որ քո սիրած մարդկանց միայն քնի մեջ ես դու համբուրում
Եվ արյա՜մբ ես գրում բանտիդ «Նամակները»՝ արյա՛մբ քո տաք…

Իմ տան պատուհանից երևում են ահա մթնում իրիկնային
Գերված Մասիսները, որոնք մի ժամանակ կոչվում էին «Ազատ»:
Նրանք իմաստալից ինձ աչքով են անում: Անցնո՜ւմ եմ սահմանից.
Բանաստեղծի համար սահմանը միշտ բաց է – երգն է նրա վիզա՛ն:

Իսկ ես բանաստեղծ եմ: Հայոց երկնի տակ եմ իմ կյանքն անցկացըրել…
Նույն աստղերի լույսն է ներս թափանցել ձեր ու մեր երդիկից,
Մեր Տիգրիսի ջուրը մեր այգիների հետ ձեր մարգերն է ջրել…
Մենք լոկ գրչակիցներ, պոետներ չենք միայն, այլև հայրենակի՛ց:

Ստամբուլը որքան քո քաղաքն է, նույնքան իմն է նաև.
Դեռ հին Բյուզանդիոնից այնտեղ փայլն է մնում մեր հանճարի…
Այնտեղ Պարոնյանն է Պոլսո թաղերի մեջ մի օր պտույտ արել՝...

Կարդալ ամբողջությամբ

ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ

January 7, 2013 Բանաստեղծություններ

Հանդիպումը բաժանումի սկիզբն է հենց…

Հանդիպեցինք այդ ե՞րբ արդյոք,
Որ գնում ես, գնում արդեն:

Իմ գտնըվա՛ծ – միա՜կ մակդիր,
Ամենաճի՛շտ բաղդատություն.
Դեռ նո՛ր գտած՝ թռչո՞ւմ ես դու մտքիցս արդեն:

Համ չեն զգում միայն բերնով:
Համ զգում են հոգո՛վ նաև:
Եվ գնո՞ւմ ես, գնո՞ւմ արդեն,
Որ հռչակի անհամությունն իրեն արքա
Ու դարձնելով հոգիս ոստան ու տնքացո՜ղ աթոռանիստ,
Իշխի նաև իմ կեղեքվող ծայրամասո՞ւմ…

Եվ համբուրված իմ շուրթերին դողդողում են սիրո խոսքեր,
Ինչպես ցողի կաթիլները ա՛յն թփերին,
Որոնց վրա անհոգ քամին դասն է սերտում իր գժտության:
Ու ես անվերջ փորձ եմ անում
Իմ թափանցիկ լռության տակ պահվել մի կերպ:

Քո փեշերը փաթաթվում են գիրգ ծնկներիդ.
Խանգարել են ուզում կարծես, որ չգնաս:
Ծխախոտն է մեջըս հազում:
Ստվերները հոտոտում են հողը կրկին.
Կամենում են կարծես զգալ
Անցած տեղիդ բուրմունքն անանց:
Քաղաքային փողոցների լույսերն աղոտ
Փոշոտ քամուց իրենց աչքերն են շուտ թարթում,
Ինչպես մարդը, երբ ուզում է լաց չլինել…

Պիտի գնա՜ս…

Պիտի գնա՜ս,
Որ քանի դեռ չենք հանդիպել՝
Փողոցն այնպե՛ս ինձ կարոտի,
Ինչպես ես քե՜զ:

Պիտի գնա՛ս,
Որ ածխացած սպասումը
Բոլորագիծ քաշի իմ շուրջ՝
Ինձ դարձնելով սուր շառավիղ,
Սիրտըս՝ կենտրոն,
Որ ամեն ոստ իր ստվերով
Ցույց տա ժամը՝ սլաքի պես,
Ու շրշյունով զրընգացնի նույն ժամն էլի.
Որ ես զգամ, ուշացումով,
Թե ինչպես է սահում-անցնում
Կյանքն իմ կողքով,
Ես էլ՝ կյանքի,
Չդիպչելով երբեք իրար:

Պիտի գնա՛ս,
Որ ես անվերջ իմ մտքի մեջ,
(Թութակի պես կամ անվտանգ խելագարի)
Նո՛ւյնը կրկնեմ.
«Շատը… գը-նաց, քի-չը մը-նաց»…

Եվ քանի որ պիտի՛ գնաս՝
Դե, շո՛ւտ գնա, որ շուտ էլ գա՜ս, շատ չմնա՛ս:
Տե՛ս,
Օրորվող այս լապտերից
Ես մի շող եմ քաշում-պոկում.
Ա՛ռ,
Փաթաթիր ցուցամատիդ՝
Իբրև գունեղ մի հուշաթել,
Որ… վայրկյա՛ն իսկ չմոռանաս
Ու… շո՜ւտ դառնաս:
Իսկ քո երգուն քայլքի թելն էլ թող փաթաթվի
Մայթի՛ն այս գորշ, այս տա՛նը գորշ և իմ հոգո՜ւն,
Որ… բոլորս էլ (մա՛յթ, տո՛ւն, հոգի՜)
Մեկ վայրկյան իսկ չմոռանանք
Եվ սպասենք քեզ անհամբեր.
Իսկ ոլորուն-կպչուն ձայնը մեր համբույրի
Թող համերգվի այս վիրավոր լռության մեջ
Ու որբացած մեր սեփական ականջներում,
Իսկ հեռվահաս ժպիտները մեր փոխանցիկ
Թող դրոշմեն իրենց վրա ապակիներն այս լուսադող՝
Սպասումի կնիքի պես…

-Ցտեսությո՛ւն:
Ի տեսությո՜ւն…

20.II.1964թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ