հանելուկ | Պարույր Սևակ

հանելուկ tagged posts

ՍԵՐԸ՝ ՀԱՆԵԼՈՒԿ

January 13, 2013 Բանաստեղծություններ

.

Ե՞րբ և ինչպե՞ս է,
Որ մենք մեր գլխով
Կարծես դիպչում ենք արևի գլխին
Ու մեր ոտքերի տեղն ենք մոռանում,
Քանի որ սրանք
Խրված են լինում
Օվկիանի խորունկ հատակում կարծես…

Ե՞րբ և ինչպե՞ս է,
Որ մեր աչքերը
Խոշորանալով ու լայնանալով
Բռնում են կարծես ամբողջ դեմքը մեր,
Ու մոռանում ենք տեղը մեր սրտի,
Որ տրոփում է արդեն… ամենո՜ւր՝
Մեր կրծքի նաև ա՛ջ կողմում,
Նաև
Մեր ծնկների՛ մեջ,
Մեր կրունկների
Ու մինչև անգամ… ատամների՛ տակ…
Եվ տնավորված մեր սիրտը
Դարձյա՜լ
Տնավեր դարձած
Ու թափառական դարձած վերստին,
Ճամփա է ընկնում
Մաշված հետքերով անքուն կարոտի՝
Ինքն իրեն նորից դառնալու հույսով…

Վերջապես, ասա՛, ե՞րբ և ինչո՞վ է,
Որ ցավի հումը
Եփվել-եռալով դառնում է տանջանք…
Եվ մի այնպիսի՜-այնպիսի՜ տանջանք,
Որ մեզ դարձնում է… կենտրոն աշխարհի:

13.III.1967թ. Արզնի

Կարդալ ամբողջությամբ

ՀԱՆԵԼՈՒԿ ԵՐԿՐՈՐԴ

January 13, 2013 Բանաստեղծություններ

-Այդ ո՞ր կենդանին է, որ չգիտի լողալ,
Իսկ թե փորձեց՝
Սուզվում-խեղդըվում է:

Շա՜տ-շատերը իրենց չարչարեցին
Իզո՛ւր,
Մտածեցի՜ն երկար, միտք արեցին
Իզո՛ւր,
Մեծը փոքրին նայեց,
Սա՝ տարեցին
Իզո՜ւր,
Մինչև որ պատահած կենդանաբանն ասաց.
-Այդ կենդանին ուղտն է:
Իսկ ես գոռացի.
-Ո՜չ,
Այդ կենդանին… ե՛ս եմ,
Որ չգիտեմ կյանքի սահանքներում լողալ,
Հետն էլ նաև… սողալ…

02.III.1967թ. Արզնի

Կարդալ ամբողջությամբ

ՀԱՆԵԼՈՒԿ ԱՌԱՋԻՆ

January 13, 2013 Բանաստեղծություններ

-Իսկ այդ ի՞նչն է,
Որ երբ հասավ՝
Փախցընում է մեր քունն աչքից:

Պապիկն իսկույն հազն իր հազաց
Ու երբ պրծավ բարեհաջող,
Իսկույն ասաց.
-Ծերությո՛ւնը:

Պատերազմի երես տեսած
Հայրիկն ասաց.
-Գերությո՛ւնը:

Մայրիկն ասաց.
-Մերությո՛ւնը:
Ու կրկնեց.
-Մերությո՜ւնը:

Փոքրիկ տղան
Փոքրիկ ափը զարկեց ափին
Ու ձայնիկն իր միացնելով
Զնգուն ծափին՝
Չասա՜ց… գոռա՛ց.
-Ձմեռ Պապի՜ն:

Իսկ աղջիկը արբունքահաս՝
Վառված ձեռով
Հարդարելով իր վարսերը՝
Ոչի՛նչ չասաց.
Բայց մտածեց.
-Պա՞րզ չէ, սե՜րը…

01.III.1967թ. Արզնի

Կարդալ ամբողջությամբ