մայր | Պարույր Սևակ

մայր tagged posts

ՄԵՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

January 24, 2013 Բանաստեղծություններ

.

Մենք շապիկով չծնվեցինք: Եվ մեզ համար
Ուրիշ տեսք է երջանկությունը միշտ կրել:
Մեզ ծնել է, աշխարհ բերել համեստ մի մայր,
Բայց մեզ ինքը պատմությունն է որդեգըրել:

Մի աղջիկ է կյանքում սիրել ու մեզ փնտրել,
Մի խե՜նթ աղջիկ՝ երազների հետքով տարված:
Բայց գիտեինք, որ ապագան է մեզ ընտրել,
Որ ինչպես մենք՝ նա էլ մեզ է սիրահարված:

Համե՜ստ մի տուն,- բայց գիտեինք, որ հայրաբար
Լայն աշխարհն է իր դռները մեր դեմ բանում:
Աշխատանքի, ծառայության տանող ճամփա,-
Բայց գիտեինք, որ գալիք է նա մեզ տանում:

Առօրյական մեր հոգսերում ու մեր գործում
Կար մի իմաստ, կար մի խորհուրդ անբռնելի,
Որ գինու պես ուշացումով է ներգործում
Եվ որ միայն մեզ համար է ըմբռնելի:

Մեր խոսքերում կար մի շշուկ, կար մի հնչյուն,
Ամեն ինչում մի երազ էր վեր խոյանում,
Որով անգամ թշնամուց ենք մենք ճանաչվում,
Բարեկամին առանց թարգման ներկայանում:

Անգամ մահը… Նա մեզ համար վախճան չէր, ո՛չ:
Նա մեզ համար գործի կես էր, շարունակում.
Այդպես երեկ մարմիններով իրենց առողջ
Գնդացրի երախն էին մերոնք փակում:

Իսկ կյա՜նքը մեր… Մենք շապիկով չծնվեցինք.
Երջանկության այլ չափանիշ է մեզ տրված…
Մեզ նա՛ միայն կհասկանա, ով գեղեցիկ,
Բայց հեռավոր մի կնոջ է սիրահարված…

01.VII.1951թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ

January 24, 2013 Բանաստեղծություններ

Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում…

Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր…
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս…
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես,
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես…
Ահա թե ինչու դու այսքան տարի,
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,
Քայլում ես այնպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում…

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի…

Նա, որ ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի, թե ո՛ւմ հետ և ո՛ւր է գնում.
Ո՛ւմ մեռելին է անարցունք լալիս,
Ո՛ւմ խոսքի վրա ստից ծիծաղում,
Ո՛ւմ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս…
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջըկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում, ու շողոքորթում…
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից ու որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում…

Սո՛ւտ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում…

Սո՛ւտ է: Նա դարի ավարն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում…

Սո՛ւտ է: Նա միայն իր փորն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
Գաղափարական իր հորն է սիրում…

Սո՛ւտ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում,
Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
Սիրում է կյանքում նա իր… աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես և… տարեց-տարի
Ելնում է այսպես… շալակն աշխարհի:

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի…

25.X.1955թ. 03.XI.1955թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ

January 22, 2013 Բանաստեղծություններ

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը՝
Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը՝ ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
Նո՜ւրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած-սնած,
Մեզ աշխարհում շահած-պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող – լվացք անող,
Անվերջ դատող – անվերջ բանող
Ա՛յս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը…

30.X.1955թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՄԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ

January 22, 2013 Բանաստեղծություններ

Նստած հովում ընկուզենու, հագին շորեր հնատարազ՝
Ճախարակ է մայրս մանում: Իր իսկ ցողած լույս ափերով
Բամբասասեր առուն անվերջ քչփչում է, անցնում վռազ՝
Կասկածամիտ թփերի հետ բացատըրվել խուսափելով:

Ես դեռ մանուկ ու, մանկան պես, քաղցրավենու թունդ սիրահար,
Մեր թարեքից, ճարըս հատած, մի կոշտ շաքար եմ գողանում:
Իսկ շաքարը քի՜չ է այնքան – իմանում է մայրըս ահա
Եվ սպառնում հորըս հայտնել – հասկանո՞ւմ եք ինչ է անում…

Աղքատի բախտը բանում է յոթ տարին մեկ – սուտ չի ասված:
Մինչ քրքրված լաչակի տեղ մայրս նորն է գլխին գցում,
Ես մեր կալն եմ ոտքով չափում, որ կամենա եթե աստված՝
Թիվը եթե զույգ վերջանա, ես կին կառնեմ մեր դրացուն:

(Թեպետ և նա՝ մեր դրացին, նշանված է արդեն կարծես –
Հագին ունի ալ մինթանա՝ խշշան փարչա, նախշուն նոր չիթ,
Ու երբ բակ է ելնում հանկարծ և կամ բակից իջնում պարտեզ,
Թվում է, թե որտեղ որ է պիտի թռչի, պիտի կորչի):

Իսկ երբ որ նա՝ նույն դրացին, մայր է դառնում հանկարծակի
(Է՜հ, երևի կենտ վերջացան իմ քայլերը կալ ու արտում),
Ճերմակում է մայրս դանդաղ – նորից փոխում շորն իր հագի,
Իսկ ես՝ արդեն «ուսումնական»՝ սիրո մասին եմ գիրք կարդում…

Ու երբ վարժված «սատանեկան» այդ հրաշքին գիր ու տառի,
Ես կարդում եմ օր ու գիշեր՝ իր բերանով կիսաբացված,
Իր հայացքով զարմացական իմ անգրագետ մայրը բարի
Ինքն է թվում անգիր մի գիրք՝ կիսաբաց ու չկարդացված…

*
Մի կիսաբաց գրքի նման՝ միայն գրված ոչ տառերով,-
Ինձ այսպես է պատկերանում և՛ իմ, և՛ քո մայրը հիմա.
Մի գիրք խորո՛ւնկ, հարո՜ւստ այնքան, որ կարդում ենք մենք դարերով,
Բայց մինչև վերջ չենք հասկանում – լոկ մայր է պետք դրա համար:

X.1955թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ