Մինսկ | Պարույր Սևակ

Մինսկ tagged posts

ՄԵՐ ԼՈՒՅՍԵՐԸ

January 29, 2013 Բանաստեղծություններ

.

Ես չեմ տեսել Մինսկը քո, ինչպես դու՝ իմ Երևանը,
Բայց մեզ նման՝ նրանք նույնպես մերձ ու մոտիկ հարևան են:

Ես չգիտեմ՝ իմ հայկական տուֆ քարից չէ՞ քո տունն արդյոք,
Բայց իմ տունը կառուցված է բելոռուսյան շինափայտով:

Մեր գինին չէ՞ ձեզ խինդ բերում իրիկնային գինարբուքում,
Մեզ քո երկրի դուստրը չքնաղ, հաճախ նա՛ է մատըռվակում:

Նո՛ւյն երազը մարմնավորվող, նո՛ւյն առօրյան, ավյունը նո՛ւյն,
Նո՛ւյն անբաժան ճանապարհն է մեզ դեպի լույս հեռուն տանում:

Իսկ լույսե՜րը… Ինչ փույթ՝ մեկը իր ծնունդը գետից առել,
Իսկ մյուսը՝ մեր Սևանի պաղ կոհակն է կրակ դառել:

Մեր լույսե՜րը, կրակնե՜րը… Ամբողջ գիշեր նրանք անքուն
Հեռվից իրար ձայն են տալիս, իրար անխոս արձագանքում:

Իսկ մեր երգը նույն լույսը չէ՞, որ խոսքեր է միայն հագել…
Ու ես երգով, լույսերի պես, ուզում եմ քեզ արձագանքել:

Լույսերի պես թող մեր երգն էլ ապրի այն լուրթ հեռաստանում,
Ուր այս ահեղ ու մեծ դարի ճանապարհներն են մեզ տանում:

Այնտեղ արդեն ո՛չ միայն մենք, մեր Մինսկն ու Երևանը,
Այնտեղ արդեն ո՜ղջ աշխարհը ո՜ղջ աշխարհի հարևանն է:

[1951թ.]

Կարդալ ամբողջությամբ