շալակել աշխարհը | Պարույր Սևակ

շալակել աշխարհը tagged posts

ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ

January 24, 2013 Բանաստեղծություններ

.

Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում…

Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր…
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս…
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես,
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես…
Ահա թե ինչու դու այսքան տարի,
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,
Քայլում ես այնպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում…

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի…

Նա, որ ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի, թե ո՛ւմ հետ և ո՛ւր է գնում.
Ո՛ւմ մեռելին է անարցունք լալիս,
Ո՛ւմ խոսքի վրա ստից ծիծաղում,
Ո՛ւմ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս…
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջըկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում, ու շողոքորթում…
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից ու որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում…

Սո՛ւտ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում…

Սո՛ւտ է: Նա դարի ավարն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում…

Սո՛ւտ է: Նա միայն իր փորն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
Գաղափարական իր հորն է սիրում…

Սո՛ւտ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում,
Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
Սիրում է կյանքում նա իր… աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես և… տարեց-տարի
Ելնում է այսպես… շալակն աշխարհի:

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի…

25.X.1955թ. 03.XI.1955թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ