սևակ | Պարույր Սևակ

սևակ tagged posts

ՔՈ ՊԱՏՃԱՌՈՎ

February 22, 2013 Բանաստեղծություններ

ダウンロード壁紙 .

Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում:

Քո մատների՛, քո մատների՛, քո մատների՛ պատճառով
Իմ մատները, իմ մատները լո՜ւյս են ուզում խմորել:

Քո թևերի՛, բա՛ց թևերի, մե՛րկ թևերի պատճառով
Իմ աչքերին, իմ աչքերին ջրվեժնե՜ր են երևում:

Քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել:

Քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛ պատճառով
Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՜հ եմ դարձել:

Քեզ այս ձևով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս` հպարտությո՜ւնս հաղթողի…

23.III.1959թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՆԱՄԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ

January 16, 2013 Բանաստեղծություններ

Դու ի՞նչ ես ուզում:
Դու շա՜տ բան կուզես,
Բայց ես որտեղի՞ց քո ուզածը տամ:

Չե՛ս ուզում արև մի քառակուսի
Ու եռանկյունի մի լուսին, գիտե՛մ:

Դու ապառնիից մահու չափ հոգնել
Եվ ապառիկ ես ընդամենն ուզում
(Պատմություն կոչված անբերրությունի՞ց):
Իսկ ես քեզ ինչպե՞ս ապառիկն այդ տամ,
Երբ ի՛նքս եմ ուզում ապառիկ ուզել
(Իմ մեծահարուստ… համբերությունի՜ց):
Բայց դու մի՛ նայիր ինձ այդպես` ցաված.
Ես չեմ մերժում քեզ,
Ես նա եմ, հենց նա՛,
Ով մարդկանց մերժել չի՜ կարողանում…

Տե՛ս, գունափոխված ծառերը բոլոր
Իրենց սաղարթի ձուլածո ոսկին
Առանց զնգոցի մանրում են անվերջ,
Վերածում էժան թղթադըրամի`
Գնելով իրենց հանգիստ քնելու իրավունքը թանկ:
Ես թոռն եմ աշնան ու կտակառուն,
Ու թույլ եմ տալիս, որ դու տեր դառնաս
Մի ամբո՜ղջ խտիտ թղթադրամի.
Բարո՛վ վայելես:

Կտրուկ քարափով վերջացող լանջը
Իր հնադարյան խզարով քարե,
Տե՛ս,
Համառում է կտրել երկնքի կապտաջիղ կողը:
Ու ես էլ ահա
Մեկնած մատների իմ աղեղնաձև-անմաշ սղոցով
Ջանում եմ կտրել մի պատառ աշուն.
Ա՛ռ, որ ձմռանը ցրտում չտխրես:

Կարդալ ամբողջությամբ

ԱՄՊՈՏ ԵՂԱՆԱԿ

January 15, 2013 Բանաստեղծություններ

Խելքըս հալվում է ոսկորներիս մեջ,
Հալվում ու հոսում արյան պես անգույն`
Իմ ոսկորները դարձնելով ասես սպիտակ երակ:
Ու ես դառնում եմ… համատարած սիրտ.
Շարժումներս ամեն` սրտի բաբախում,
Բոլոր ձևերըս` շարժումներ սրտի…

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Իսկ դրսում ցուրտ է,
Դրսում` ամպ ու զամպ,
Իսկ դրսում հիմա տարանցիկ քամին
Տոմսակ է փոխում ա՛յն կայարանում,
Որ ո՜չ մի տեսակ ցուցանակ չունի:
Եվ խշտրուքը անօգ ծառերի`
Շնչառությա՛ն պես,
Հևոցի՜ նման`
Խուժում է սրտիս համատարածը,
Խուժում, գրավում ու նստում ծանըր`
Չինգիզ խանի՛ պես,
Լենկ Թեմուրի՛ պես
Ու թուրքի՛ նման:

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Անվավեր սիրո հորձանուտի մեջ
Գլուխս եմ հանում ես` լոտոսի պես.
Մինչև կզակըս արդեն ջրասույզ`
Չեմ խեղդվում դարձյալ:
Իսկ հետամնաց արփին, վերջապես,
Ծագում է դրսում,
Ծագում կեսօրին,
Աշխարհը ներկում ծաղր ու ծանակով:
Տարանցիկ քամին մեկնում է հեռու,
Ամպերը մատնում-դավում են իրար,
Ու խշրտուքը մրսող ծառերի
Հրդեհում է ինձ, կրակի մատնում`
Չինգիզ խանի՛ պես,
Լենկ Թեմուրի՛ պես,
Ու թուրքի՜ նման:

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Իգությունն օդի սիրտս է խռովում,
Սիրտըս, որի մեջ, արյան հետ մեկտեղ,
Հոսում է նաև իմ խելքը հալված:
Ու վերջանում է ահեղ անձրևով
Ինքնամատնությունն անարգ ամպերի:
Սևերես երկինքն ինքնաբավորեն
Դառնում է իսկույն պարզերես կրկին
Ու մթնոլորտը` արդեն լուսոլորտ:
Եվ ժամանակն է կախվում օդի մեջ`
Նո՛ւյն Չինգիզ խանի հորդայի նման,
Նո՛ւյն Լենկ Թեմուրի բանակի հանգույն
Ու մորեխի պես միևնույն թուրքի՛:

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Սառչում են դանդաղ
Երակներս ամեն ու ոսկորներըս.
Ո՛չ հալած խելքի,
Եվ ո՛չ էլ արյան հոսք ու ընթացում:
Ու վավերացված սիրո ճանկերից
Մնում է միայն մի սիրտ բզկտված`
Արդեն ավերվա՛ծ,
Ավարվա՜ծ արդեն,
Որպես երբեմնի մի քաղաքամայր,
Որով անցել է տարանցիկ քամին`
Նո՛ւյն Չինգիզ խանը,
Նո՛ւյն Լենկ Թեմուրը,
Միևնույն թո՜ւրքը:

Տե՜ր աստված, փառքըդ շա՛տ լինի…

08,19.XII.1962թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ

ԽԱՐՈՒՅԿ ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱ

January 15, 2013 Բանաստեղծություններ

Թողե՛ք,
Որ ձեզ էլ մասնակից դարձնեմ
Անմեկին հույսի ձեր չհամտեսած անուշությանը:
Եվ ճաշակեցեք ու թաթախվեցեք
Հավատացյալի երեխայական միամտությամբ,
Որովհետև մեր հարստությունը վշտե՛րը չեն լոկ,
Ու միայն տանջանք-տվայտա՛նքը չէ մեր պահուստը փակ.
Եվ որովհետև մտահոգությունն այլ բան չէ,
Քան թե ելքի փնտրտուք.
Եվ որովհետև կյանքն – ի՜նչ էլի լինի – ընդլայնում է մեզ,
Ինչպես լեռների կատարներն են միշտ հեռացնում կրկին
Ա՛յն հորիզոնը,
Որ փակ է թվում լեռան ոտքի տակ.
Եվ որովհետև ես սիրում եմ ձեզ,
Բոլորի՜դ սիրում,
Ու բոլորիցըդ ոմանք` նաև ի՛նձ…

Ուրեմըն թողե՛ք,
Թողե՛ք,
Որ ձեզ էլ դարձնեմ մասնակից
Ա՛յն նախածանոթ հույսի համտեսված անուշությանը,
Որ մեր երեկվա
Ու մեր այսօրվա անուժությանը
Ասում է. «Կա՛նգ առ»`
Ավշավորելով ո՜վ գիտի ի՛նչով,
Ու մեր մարմնական անարմատ ծառի
Անհասկանալի աշխատանքը մութ
Տալիս է իր պարզ պտուղը`
Ծիծա՛ղ,
Ժպի՛տ,
Գոհությո՛ւն
Եվ «փա՜ռք աստըծու» գոչելու կարիք…

Եվ փա՜ռք աստըծու,
Որ մեր աչքերը
Լոկ թխսավայր չեն բու-ագռավների,
Այլ նաև փեթակ` լցված շողերով,
Եվ ականջները`
Մարդաձև ծառի մեր փչակը զույգ,
Դամբարաններ չեն լոկ սրտնեղության,
Այլ նաև խոր բույն`
Լի՛ ամեն տեսակ տաք ձայնեղությամբ:

Եվ փա՜ռք աստըծու,
Որ մենք կարող ենք մեզ մաքրել այնպե՛ս,
Ինչպես օվկիանն է ինքն իրեն մաքրում:

Եվ փա՜ռք աստըծու,
Որ աղմուկների հասունացումից
Թագադրվում է ո՛չ թե գիշերը,
Այլ օ՜րն է ծնվում:

Եվ փա՜ռք աստըծու,
Որ մեր հոգու մեջ
Եթե կա ամիս տերևաթափի,
Ապա կան օրեր և աստղաթափի՛,
Եվ աստղաթափի՜…

Հազա՜ր բերան փառք:

28-29.X.1965թ. Չանախչի

Կարդալ ամբողջությամբ

ԱՍԱ «ԱՄԵՆ»

January 10, 2013 Բանաստեղծություններ

Կրկին՝ ձնհալ:
Վտակները ձմռան քարտե՞զն են ավարտում,
Թե՞ սկսում գարնան քարտեզն այսօր միայն՝
Նկարելով շատ փոքրացած տարբեր գետեր
Ոչ թե կապույտ, այլ գորշ գույնով:

Երկրաչափ է դարձել քամին.
Էլիպս է նա գծում անվերջ,
Գալարագիծ է նկարում,
Հետո, կարծես սխալվելով,
Տարուբերվող մերկ ծառերի
Ստվերներով ջնջում է լա՜վ,
Որ սկսի նորից գծել:

Մարդ երբեմըն վախենում է լուռ մտածել:
Ու ես ահա բարձրախոսն եմ գործի գցում:
Սրտագըրավ ինչ-որ մի ձայն աղջըկական
Իր անարվեստ ու պարզ երգով
Կոչ է անում ինքնամոռաց-անվիշտ սիրել,
Կոչ է անում հավատարիմ ու միշտ սիրել:
Իսկ ծաղրարար քամին դրսում,
Երկրաչափի իր պաշտոնից արդեն հոգնած,
Աղջըկան է իբըր կապկում՝ ծանակելով:

(Դու բանի տեղ մի՛ դիր, քույրի՜կ, ե՛րգըդ երգիր,
Հե՜րն անիծած այս ծաղրարար ու չար քամու):
Սակայն հիմա մեկ ուրիշն է երգում արդեն՝
Սիրո՛ւց կրկին:
Սա ուզում է,
Որ մեր սրտերն անվախ բացենք
Ցավի՛ առջև,
Տառապանքի՜:
Բացե՞նք: Բացե՛նք:
Բացե՛նք: Թող գա՜ն:
Թո՛ղ գան վարձկան զինվորների ախորժակով.
Մեկ է՝
Վերջում խնդումն ու սերն են հաղթելու,
Այսինքն՝ մենք:
Տառապանքը թող ինքն իրեն գլխել ջանա:
Իսկ երբ գլխվի՝
Մենք կվերցնենք ամանի պես ու կկործենք՝
Հետևելով,
Թե ինչպես է թունավորվում՝
Ինքն իր շնչով ապականված…

(Երգի՛ր, քույրի՜կ, ճիշտ ես երգում.
Խնդությունը միշտ է կարմիր,
Տառապանքը միշտ չէ բոսոր:
Երգիր…)

Սակայն համերգն արդեն ավարտվում է
Ես սկսվում մի պաղ զրույց՝
Ստիպելով,
Որ ես անմեղ բարձրախոսի հոգին առնեմ
Ու հայացքով դուրսը խառնեմ:

Դրսում՝ գարուն անկասելի:
Իսկ իմ ներսում՝ նորելուկ սեր:
Օր-ցերեկով նորած լուսին:
Անվիշտ կարոտ:
Արև:
Կեսօր:
Իսկ ծաղրարար ու չար քամին
Խռովել է միանգամից
(Արդյոք ինչի՞ց, արդյոք ինչո՞ւ)
Ու խաղում է պոչուկի հետ շան լակոտի,
Որ հաչում է ցերեկային լուսնի վրա
Ես սպառնում իր պոչուկով՝ ինչպես մատով…

Հե՜րն անիծած տխրողների:
Էլ բարև տալ – բարև առնել չկա՜ արդեն.
Տխրողներից խռովում եմ հավիտենից հավիտյանըս,
Իսկ դու, սե՛ր իմ, այս անգամ դո՛ւ «ամեն» ասա,
«Ամեն» ասա տատիկի՛դ պես՝
Հավատալո՜վ և ի սրտե՛…

19.III.1964թ. Դիլիջան

Կարդալ ամբողջությամբ

ԵՐԵԽԱՅԻ ԼԵԶՎՈՎ

January 8, 2013 Բանաստեղծություններ

Ասում են, որ մենք՝ տղամարդիկըս,
Անչափ նման ենք երեխաների,
Միայն թե, իբըր, մենք այդ չգիտենք:
Ես գիտե՛մ, գիտե՜մ,
Շա՛տ լավ էլ գիտեմ:
Բայց ես չգիտեմ, թե ո՞վ է ասել,
Որ եթե մայրը ծեծում է նույնիսկ,
Երեխան դարձյալ «մայրի՜կ» է կանչում:
Ես եմ, սիրելի՛ս, հենց այդ երեխան
Ու նրա լեզվով ահա վերստին
Քեզ եմ ձայն տալիս օգնության կանչով.
-Ցավում է, ցավո՜ւմ…

Ես քեզ իմ մասին ոչինչ չեմ պատմել
(Մեզ ժամանակը երես չի տալիս):
Այսքա՛նը գոնե իմացիր այսօր.
Մանուկ ժամանակ
Մանուկին էի ես մեջըս ատում
Ու նախանձելով ես սիրում էի մեծերին միայն:
Իսկ հիմա իմ մեջ մեծին եմ ատում
Ու սիրում իմ մեջ ապրող մանուկին,
Որ կծկվել է, բայց ամբողջացել:
Հիվանդանում է նա հիմա հաճախ,
Բայց վերստին է նա առողջանում,
Երբ ցավն ուզում է սնվել… արցունքով:

Ու երբ որ ցավն է արցունքով սնվում,
Ես էլ մանկան պես ու նրա լեզվով,
Ինչպես քեզ հիմա,
Ձայնում եմ կրկին,
Կանչով օգնության.
-Ցավում է, ցավո՜ւմ…

Իսկ դու ինձ ասա փաղաքո՛ւշ խոսքեր
(Ի՜նչ փույթ, թե նրանք չեն կատարվելու):
Հեքիաթնե՛ր պատմիր՝ իրար խառնելով
(Ես չեմ ջոկելու ճիշտը կեղծիքից):
Ու եթե ոչի՜նչ էլ չի մնացել,
Կրկնիր ա՛յն խոսքը, որ չի հնացել
Եվ որ իսկապես շա՜տ լավ է օգնում:
Չե՞ս հիշում:
Հիմա հիշեցնեմ:
Ասա,
Որ… կմեծանամ ու կմոռանամ:

Կրկնիր այդ խոսքը.
Նա շա՜տ է օգնում՝
Թալիսմանի՛ պես,
Հուռութքի՛ նման…

11.III.1964թ. Դիլիջան

 

Կարդալ ամբողջությամբ

ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԿՈՒ ԿԱՏԱԿԵՐԳ ԵՐԵՔ ԱՂՋԿԱ ՎՐԱ

January 3, 2013 Բանաստեղծություններ

Երեք աղջիկ քայլ են քայլում փողոցով:
Երեք աղջիկ փայլ են փայլում փողոցով:
Քայլո՜ւմ-փայլո՜ւմ, չե՛ն էլ նայում ոչ մեկին,
Բայց և այնպես տեսնում են պարզ ու մեկին,
Որ բոլո՜րն են իրենց նայում դողոցով:

Երեք աղջիկ ծիծաղում են անառիթ
Ու թվում են… ու թվում են անառիկ:
Տեսնես՝ ո՞վ է նրանց անուն հորինել:
Երկուսինը՝ ի՜նչ ուզում էր թող լիներ,
Միայն մեկին… մեկին լիներ Քնարի՛կ:

Երեք աղջիկ դաս են սերտում մեկուսի:
Տեսնես՝ ո՞վ է փարվում նրանց մերկ ուսին:
Մեկին ինչ-որ մեկը սիրեր, մինչդեռ ես,
Ես սիրեի գոնե… գոնե երկուսին:

Երեք աղջիկ գուցե ասեն ինձ «քեռի»՝
Նայելով իմ ճերմակացող քունքերին:
Իսկ ես ինչպե՞ս իմ հայացքով չգրեմ
Բիբերի մեջ նրանց ծիծղուն աչքերի.
«Մեկիդ մերժման ցավը մի կերպ կկրեմ,
Իսկ երկուսի՛դ, գեթ երկուսի՛դ… կսիրե՜մ»:

____________________2
Նրանք՝ դալա՜ր, իսկ ես՝ահա ա՛յս տարիքին:
Երեք աղջիկ ինձ են սիրում, ես՝ երեքին.
Մեկին՝ ի՛մ պես,
Մյուսին՝ ի՛նձ պես,
Իսկ երրորդին էլ՝ ինձ նմա՛ն:

Երեք աղջիկ իրար բնա՜վ չեն ճանաչում,
Ես դրանից, անկեղծ ասած, չե՛մ ամաչում,
Որովհետև ես չեմ խաբում և ո՛չ մեկին.
Ինձ՝ երեքը, իսկ ես սիրում եմ երեքին՝
Մեկին՝ ի՛մ պես,
Մյուսին՝ ինձ պես,
Իսկ երրորդին էլ՝ ինձ նմա՛ն:

Երեք աղջիկ երջանիկ են, ես՝ առավե՜լ:
Ո՛չ մի անգամ ո՛չ մեկն ինձնից չի՛ խռովել,
Տառապանքից չի՛ պառավել
Ու կարոտից չի՛ խորովվել,
Որովհետև նույնիսկ հիմա՝ այս տարիքին,
Երեք աղջիկ ինձ են սիուրմ, ես՝ երեքին.
Մեկին՝ իմ պես,
Մյուսին՝ ինձ պես,
Ու երրորդին էլ՝ ինձ նման:

Երեք աղջիկ թե հանդիպեն մի օր իրար,
Պիտի խոսե՜ն-խոսե՜ն իրենց սիրուց իրավ,
Ու չիմանան, որ սիրում են մեկին՝
Նրա՛ն,
Ով սիրել է իրենց մեկտեղ.
Մեկին՝ իմ պես,
Մեկին՝ ինձ պես,
Իսկ երրորդին էլ՝ ինձ նման…

03.XI.1963թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ

ԽԵՂՃ ՈՒ ԽՂՃՈՎ

January 3, 2013 Բանաստեղծություններ

Խե՛ղճ ու անխի՜ղճ իմ սիրելի,
Այսուհետև միշտ թփրտա
Հզոր ձեռքում ամենասուրբ այն զորության,
Որ բառերի ցուցակի մեջ կոչվում է «խիղճ»:
Եվ թփրտա երջանկորեն՝
Քեզ զգալով երանելի:

Ես՝ ի ծնե երանելիս,
Երանի եմ տալիս և քե՛զ,
Եթե պիտի այսօրվանից գերի ընկնես
Ու չազատվես,
Ու չուզենաս գեթ մի վայրկյան
Ազատվել այդ սակավադեպ գերությունից:
Այնժամ միայն կհասկանաս քո ջղերով,
Թե կա մի տեղ, ուր խրատը ձանձրալի չէ,
Եվ քարոզն էլ չի սպանում երգ ու տաղին:
Այնժամ միայն դու դիտապաստ քո մազերով կհասկանաս
Ճառագայթի շիտակությունն ավանդական,
Նաև նրա նմանությունն ասեղի հետ:
Եվ քանի որ թելն է մտնում ասեղի մեջ,
Ոչ թե ասեղը թելի մեջ.
Եվ քանի որ գալարվողը թելն է միայն,
Ոչ ասեղը.
Եվ քանի որ, եթե պետք է,
Ասեղով են ծակում, ոչ թե նրա թելով,-
Ուրեմն այսօր և հավիտյան թող ասեղը կոչվի և խիղճ,
Իսկ սիրելի՛ս, խե՜ղճ սիրելիս,
Դու մի՛ հոգա թելի համար.
Թելը կգա, քեզ կգտնի,
Ինչպես մեղքն է մարդուն գտնում…
Եվ դրանով դու չես դառնա
Ու չես կոչվի երբեք Դերձակ:
Դու կդառնաս ու կկոչվես Արվեստագետ,
Որ մի հոգնած-ազնիվ պահի
Կարող է և իջնել… խրատ տալու ցածրությանը,
Որովհետև այդ ցածրության լայնածավալ արոտներում
Եթե անգամ ծիլ է տալիս,
Ավա՜ղ, արմատ չի հաստացնում խիղճ ասվածը:
Թե քո ջղերն այդ արմատի մազանոթներն են տարածուն,
Ու երբևէ չեն քաղհանվի,
Ու չեն լինի արմատախիլ,
Ուրեմըն այժմ և հավիտյան երանի՜ քեզ,
Իմ խղճով ու խեղճ սիրելի…

07.VII.1963թ. Երևան

 

Կարդալ ամբողջությամբ

ԱՄԵՆՔԸ ԻՐԵՆՑ ԲԱԽՏԻՑ ԵՆ ԴԺԳՈՀ

January 1, 2013 Բանաստեղծություններ

Ամենքը իրենց
Բախտից են դժգոհ
Եվ ոչ թե խելքից:

Իսկ ես, տե՜ր աստված,
Կրակն եմ ընկել
Իմ խելքի ձեռքից:

Խելք ունենայի՝
Վաղուց էի ես
Կարգին մարդ դարձել –

Ես կարող էի
Սենյակ տալ վարձով,
Եվ ոչ թե վարձել:

Խելք ունենայի՝
Ինչ հարկավոր է,
Ես այն կանեի.

Եթե հաստ է պետք՝
Բարակըս որն է,
Հաստ կմանեի:

Խելք ունենայի՝
Ինչ հարկավոր է,
Ես այն կերգեի,

Տեղն ընկած տեղը
Տեղի կտայի,
Ինձ կըհերքեի.

Ու կլինեի
Ոչ դեմ, ոչ էլ թեր,
Այլ ոսկե միջին:

Գլուխը քարը.
Թող էժան լիներ,
Միայն… շատերին
Գեղեցիկ թվար:

Հերն էլ անիծած.
Թող ներկված լինի,
Միայն թե դուր գա,
Խաբվեն-հավանեն:

Գրողի ծոցը.
Թող որ սուտ լինի,
Միայն թե կույր-կույր
Պաշտեն-դավանեն…

…Ում էլ հարցընես՝
Խելքից չէ դժգոհ,
Այլ միայն բախտից:

Անաստված աստված,
Ինչու ես տվել
Անխելքի բախտ ինձ…

08.V.1958թ. Մոսկվա

 

Կարդալ ամբողջությամբ

ԿԱՍ ՈՒ ՉԿԱՍ – ԱՍՏԾՈՒ ՊԵՍ

January 1, 2013 Բանաստեղծություններ

Երբ քեզ մենակ ես զգում,
Դու զգում ես քեզ աստված՝
Ո՛չ մի բանով չհաստված,
Եվ ոչնչո՛վ չսաստված:
Բայց երբ մենակ ես զգում,
Մենա՜կ-մենա՜կ ես զգում՝
Արարչական արյունըդ
Սառչում է քո տաք բազկում.
Քեզ զգում ես խեղճ ու թույլ,
Քեզ զգում ես անկարող,
Քո մեծ բախտով՝ հար դժբախտ,
Եվ անտաղանդ քանքարով…

Դու քեզ մենա՜կ ես զգում,
Եվ ի՞նչ ես դու վերջապես.
Աստծու նման դու և կա՛ս,
Եվ դու չկա՜ս՝ աստծու պես…

25.X.1955թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ