վերքերը լավանում են | Պարույր Սևակ

վերքերը լավանում են tagged posts

ԱՐՇԱԼՈՒՅՍԻՑ ԱՌԱՋ

February 20, 2013 Բանաստեղծություններ

.

Արշալույսից առաջ քունն ավելի խորն է:

Նահանջած են լինում մղձավանջներն արդեն:
Օդը երազներ է տեղափոխում,
Դեռ ձև ու կերպ չառած նոր երազներ պես-պես՝
Ծնված տըրամվայի զրընգոցից մրսկան,
Ողջույնի տեղ հնչող երեխայի լացից,
Թարմ բուրմունքից հացի,
Որ լուռ թևավորվում
Եվ փակ մեքենայում էլ չի՜ տեղավորվում:

Հիմա հավատում են երազներին
Շատ քչերը կյանքում:
Ես նրանց մեջ չկամ:
Եվ քանի որ չկամ՝
Ինձ խղճում եմ
(Նախանձելի բան չէ խելքի գալը)…

…Արշալույսից առաջ քունն ավելի խորն է,
Բայց մոտիկ է նաև արթնացումը:
-Կբացվի նոր մի օր՝
Ինչպես աչքակապը
(Մանուկ հասակում են պահմտոցի խաղում):
Կբացվի նոր մի օր՝
Ինչպես վիրակապը
(Երեկվա խոր վերքն է սպիացել արդեն):
Ու եթե խոր վերքն է սպիացել արդեն,
Արժի՞ արդյոք հիմա,
Արժի՞ ասել արդյոք,
Որ վերքերը, ճիշտ է, լավանում են,
Բայց դրանցից միշտ էլ կրճատվում է մաշկը…

13.XI.1961թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ