mayr | Պարույր Սևակ

mayr tagged posts

ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ

January 22, 2013 Բանաստեղծություններ

.

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը՝
Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը՝ ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
Նո՜ւրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած-սնած,
Մեզ աշխարհում շահած-պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող – լվացք անող,
Անվերջ դատող – անվերջ բանող
Ա՛յս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը…

30.X.1955թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ

ՄԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ

January 22, 2013 Բանաստեղծություններ

Նստած հովում ընկուզենու, հագին շորեր հնատարազ՝
Ճախարակ է մայրս մանում: Իր իսկ ցողած լույս ափերով
Բամբասասեր առուն անվերջ քչփչում է, անցնում վռազ՝
Կասկածամիտ թփերի հետ բացատըրվել խուսափելով:

Ես դեռ մանուկ ու, մանկան պես, քաղցրավենու թունդ սիրահար,
Մեր թարեքից, ճարըս հատած, մի կոշտ շաքար եմ գողանում:
Իսկ շաքարը քի՜չ է այնքան – իմանում է մայրըս ահա
Եվ սպառնում հորըս հայտնել – հասկանո՞ւմ եք ինչ է անում…

Աղքատի բախտը բանում է յոթ տարին մեկ – սուտ չի ասված:
Մինչ քրքրված լաչակի տեղ մայրս նորն է գլխին գցում,
Ես մեր կալն եմ ոտքով չափում, որ կամենա եթե աստված՝
Թիվը եթե զույգ վերջանա, ես կին կառնեմ մեր դրացուն:

(Թեպետ և նա՝ մեր դրացին, նշանված է արդեն կարծես –
Հագին ունի ալ մինթանա՝ խշշան փարչա, նախշուն նոր չիթ,
Ու երբ բակ է ելնում հանկարծ և կամ բակից իջնում պարտեզ,
Թվում է, թե որտեղ որ է պիտի թռչի, պիտի կորչի):

Իսկ երբ որ նա՝ նույն դրացին, մայր է դառնում հանկարծակի
(Է՜հ, երևի կենտ վերջացան իմ քայլերը կալ ու արտում),
Ճերմակում է մայրս դանդաղ – նորից փոխում շորն իր հագի,
Իսկ ես՝ արդեն «ուսումնական»՝ սիրո մասին եմ գիրք կարդում…

Ու երբ վարժված «սատանեկան» այդ հրաշքին գիր ու տառի,
Ես կարդում եմ օր ու գիշեր՝ իր բերանով կիսաբացված,
Իր հայացքով զարմացական իմ անգրագետ մայրը բարի
Ինքն է թվում անգիր մի գիրք՝ կիսաբաց ու չկարդացված…

*
Մի կիսաբաց գրքի նման՝ միայն գրված ոչ տառերով,-
Ինձ այսպես է պատկերանում և՛ իմ, և՛ քո մայրը հիմա.
Մի գիրք խորո՛ւնկ, հարո՜ւստ այնքան, որ կարդում ենք մենք դարերով,
Բայց մինչև վերջ չենք հասկանում – լոկ մայր է պետք դրա համար:

X.1955թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ