Sevak | Պարույր Սևակ

Sevak tagged posts

ՊԱՐԱՊՈՒԹՅՈՒՆ

January 16, 2013 Բանաստեղծություններ

click here .

Չգիտեմ`ի՞նչ անեմ:
Պատեպատ եմ զարկվում:
Հազար բան եմ տնտղում` կույրի նման,
Ու հասկացած նրա ինչ-ինչոցը` կրկին
Պատեպատ եմ զարկվում:
Չգիտեմ` ի՞նչ անեմ:
Լավ է ելնեմ-գնամ, տամ փողոցին տուրքը.
Կամ հավաքեմ հարկըս նույն այդ փողոցներից:
Սակայն ինչի՞ գնամ, եթե կարիք չունեմ:
Ես իմ տասը մատով իմ զույգ աչքի համար
Բանտի ճաղերի պես ինչ-որ բան եմ սարքում`
Ճակատըս սեղմելով մտածում եմ,
Թե ի՞նչ անեմ հիմա: Եվ բանտային
Ճաղի արանքներից լուռ հածում է
Իմ հայացքը տարտամ: Ջղայնացած հազում,
Աչքերս ազատում եմ ճաղից տասնամատնյա.
Թո՛ղ որ ապրեն ազատ,
Ո՞ւմ են վնաս տվել:
Եվ աչքերս էլ իսկույն շան պես վազում,
Դեմ-դիմացիս պատ ու ցանկապատին
Փակցըված հայտերը և ազդերը բազում
Հոտոտում են, շան պես, որ ինձ օգնեն
Իմ երեկոն մի տեղ վաճառելու համար`
Մի թատրոնի
Կամ թե
Մի համերգի տոմսով…

«Երբ ժամանակ լինի» ասելով չէ՞ր,
Որ անցավ մեր կյանքը,
Մինչդեռ այս վայրկյանիս`
Ժամանակի վիժվա՜ծք և գործի սո՜վ…
Եվ իմ ներսի ձայնը
Խաղաղությամբ մի բո...

Կարդալ ամբողջությամբ

ԽԱՐՈՒՅԿ ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱ

January 15, 2013 Բանաստեղծություններ

Թողե՛ք,
Որ ձեզ էլ մասնակից դարձնեմ
Անմեկին հույսի ձեր չհամտեսած անուշությանը:
Եվ ճաշակեցեք ու թաթախվեցեք
Հավատացյալի երեխայական միամտությամբ,
Որովհետև մեր հարստությունը վշտե՛րը չեն լոկ,
Ու միայն տանջանք-տվայտա՛նքը չէ մեր պահուստը փակ.
Եվ որովհետև մտահոգությունն այլ բան չէ,
Քան թե ելքի փնտրտուք.
Եվ որովհետև կյանքն – ի՜նչ էլի լինի – ընդլայնում է մեզ,
Ինչպես լեռների կատարներն են միշտ հեռացնում կրկին
Ա՛յն հորիզոնը,
Որ փակ է թվում լեռան ոտքի տակ.
Եվ որովհետև ես սիրում եմ ձեզ,
Բոլորի՜դ սիրում,
Ու բոլորիցըդ ոմանք` նաև ի՛նձ…

Ուրեմըն թողե՛ք,
Թողե՛ք,
Որ ձեզ էլ դարձնեմ մասնակից
Ա՛յն նախածանոթ հույսի համտեսված անուշությանը,
Որ մեր երեկվա
Ու մեր այսօրվա անուժությանը
Ասում է. «Կա՛նգ առ»`
Ավշավորելով ո՜վ գիտի ի՛նչով,
Ու մեր մարմնական անարմատ ծառի
Անհասկանալի աշխատանքը մութ
Տալիս է իր պարզ պտուղը`
Ծիծա՛ղ,
Ժպի՛տ,
Գոհությո՛ւն
Եվ «փա՜ռք աստըծու» գոչելու կարիք…

Եվ փա՜ռք աստըծու,
Որ մեր աչքերը
Լոկ թխսավայր չեն բու-ագռավների,
Այլ նաև փեթակ` լցված շողերով,
Եվ ականջները`
Մարդաձև ծառի մեր փչակը զույգ,
Դամբարաններ չեն լոկ սրտնեղության,
Այլ նաև խոր բույն`
Լի՛ ամեն տեսակ տաք ձայնեղությամբ:

Եվ փա՜ռք աստըծու,
Որ մենք կարող ենք մեզ մաքրել այնպե՛ս,
Ինչպես օվկիանն է ինքն իրեն մաքրում:

Եվ փա՜ռք աստըծու,
Որ աղմուկների հասունացումից
Թագադրվում է ո՛չ թե գիշերը,
Այլ օ՜րն է ծնվում:

Եվ փա՜ռք աստըծու,
Որ մեր հոգու մեջ
Եթե կա ամիս տերևաթափի,
Ապա կան օրեր և աստղաթափի՛,
Եվ աստղաթափի՜…

Հազա՜ր բերան փառք:

28-29.X.1965թ. Չանախչի

Կարդալ ամբողջությամբ

ԱՆՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂԸ

January 11, 2013 Բանաստեղծություններ

Մոռացության օրենքները
Չե՞ն տարածվում ինձ վրա,
Որ ես կրկին, մանկան նման,
Քնին ասում եմ «մայրի՜կ»…

Ու փորձանուտ խավարի մեջ
Կաղակարկին քայլելով՝
Հողի վրա
Կրունկովըս ճակատագիր եմ դաջում:

Հողի վրա
Կրունկովըս ճակատագիր եմ դաջում,
Որ… կարելին չկատարվի՜
Եվ ապրելին չապրվի՜՝
Ի հեճուկըս… չգիտե՛մ ում,
Ի սփոփանք… գիտե՛մ ում.
Ի սփոփանք ի՛մ ու նրա՜,
Որ միշտ մոտս է – մոտըս չէ,
Ու ես անվերջ
Ինքս եմ խոսում իր փոխարեն և իմ տեղ՝
Ա՛յն մարդու պես,
Որ ինքն իր հետ, մենա՜կ, շախմատ է խաղում:
Բայց կուզեի
Եղունգո՜վըս խաղատախտակն այդ կտրել՝
Նրա ամեն քառակուսին
Մի-մի պիտակ դարձնելով
Մեզ բաժանող
Տարածությանն իբրև չափ ու չափանիշ:
Եվ կուզեի,
Որ նա ինքը ի՛ր փոխարեն, ի՛ր լեզվով
Խոսեր ի՛նձ հետ և ինձանի՛ց,
Ա՛յն ամենից, ինչ որ ես
Նույնիսկ ինքըս չեմ հասկանում.
Իմ վախերը թարգմաներ…
Վերծաներ իմ ուզածները՝
Իր թարթափի ակնարկով…
Եվ իր մատներն ուշանային
Իմ մարմնեղեն աշխարհի հենց ա՛յն տեղում,
Ուր ուշացած սերը ատամ է փոխում՝
Համատարած լինդ դարձնելով
Գլխից մինչև գարշապար…

Ո՞ւր է ծագը:
Ե՞րբ կբացվի գեթ առավոտն անսփոփ,
Որ արևը
Կրկին դառնա ծիծաղելի՝ մի պատկե՜ր,
Իսկ աշխարհը՝
Մի մանկական պատկերազարդ ամսագի՜ր,
Ես էլ՝ արդեն ո՛չ երեխա,
Որպեսզի գեթ միառժամ
Թնգթնգալով ինքս իմ ներսում՝
Քնին «մայրի՜կ» չկանչեմ…

28.VIII.1965թ. Չանախչի

Կարդալ ամբողջությամբ

ԱՍԱ «ԱՄԵՆ»

January 10, 2013 Բանաստեղծություններ

Կրկին՝ ձնհալ:
Վտակները ձմռան քարտե՞զն են ավարտում,
Թե՞ սկսում գարնան քարտեզն այսօր միայն՝
Նկարելով շատ փոքրացած տարբեր գետեր
Ոչ թե կապույտ, այլ գորշ գույնով:

Երկրաչափ է դարձել քամին.
Էլիպս է նա գծում անվերջ,
Գալարագիծ է նկարում,
Հետո, կարծես սխալվելով,
Տարուբերվող մերկ ծառերի
Ստվերներով ջնջում է լա՜վ,
Որ սկսի նորից գծել:

Մարդ երբեմըն վախենում է լուռ մտածել:
Ու ես ահա բարձրախոսն եմ գործի գցում:
Սրտագըրավ ինչ-որ մի ձայն աղջըկական
Իր անարվեստ ու պարզ երգով
Կոչ է անում ինքնամոռաց-անվիշտ սիրել,
Կոչ է անում հավատարիմ ու միշտ սիրել:
Իսկ ծաղրարար քամին դրսում,
Երկրաչափի իր պաշտոնից արդեն հոգնած,
Աղջըկան է իբըր կապկում՝ ծանակելով:

(Դու բանի տեղ մի՛ դիր, քույրի՜կ, ե՛րգըդ երգիր,
Հե՜րն անիծած այս ծաղրարար ու չար քամու):
Սակայն հիմա մեկ ուրիշն է երգում արդեն՝
Սիրո՛ւց կրկին:
Սա ուզում է,
Որ մեր սրտերն անվախ բացենք
Ցավի՛ առջև,
Տառապանքի՜:
Բացե՞նք: Բացե՛նք:
Բացե՛նք: Թող գա՜ն:
Թո՛ղ գան վարձկան զինվորների ախորժակով.
Մեկ է՝
Վերջում խնդումն ու սերն են հաղթելու,
Այսինքն՝ մենք:
Տառապանքը թող ինքն իրեն գլխել ջանա:
Իսկ երբ գլխվի՝
Մենք կվերցնենք ամանի պես ու կկործենք՝
Հետևելով,
Թե ինչպես է թունավորվում՝
Ինքն իր շնչով ապականված…

(Երգի՛ր, քույրի՜կ, ճիշտ ես երգում.
Խնդությունը միշտ է կարմիր,
Տառապանքը միշտ չէ բոսոր:
Երգիր…)

Սակայն համերգն արդեն ավարտվում է
Ես սկսվում մի պաղ զրույց՝
Ստիպելով,
Որ ես անմեղ բարձրախոսի հոգին առնեմ
Ու հայացքով դուրսը խառնեմ:

Դրսում՝ գարուն անկասելի:
Իսկ իմ ներսում՝ նորելուկ սեր:
Օր-ցերեկով նորած լուսին:
Անվիշտ կարոտ:
Արև:
Կեսօր:
Իսկ ծաղրարար ու չար քամին
Խռովել է միանգամից
(Արդյոք ինչի՞ց, արդյոք ինչո՞ւ)
Ու խաղում է պոչուկի հետ շան լակոտի,
Որ հաչում է ցերեկային լուսնի վրա
Ես սպառնում իր պոչուկով՝ ինչպես մատով…

Հե՜րն անիծած տխրողների:
Էլ բարև տալ – բարև առնել չկա՜ արդեն.
Տխրողներից խռովում եմ հավիտենից հավիտյանըս,
Իսկ դու, սե՛ր իմ, այս անգամ դո՛ւ «ամեն» ասա,
«Ամեն» ասա տատիկի՛դ պես՝
Հավատալո՜վ և ի սրտե՛…

19.III.1964թ. Դիլիջան

Կարդալ ամբողջությամբ

ԵՐԵԽԱՅԻ ԼԵԶՎՈՎ

January 8, 2013 Բանաստեղծություններ

Ասում են, որ մենք՝ տղամարդիկըս,
Անչափ նման ենք երեխաների,
Միայն թե, իբըր, մենք այդ չգիտենք:
Ես գիտե՛մ, գիտե՜մ,
Շա՛տ լավ էլ գիտեմ:
Բայց ես չգիտեմ, թե ո՞վ է ասել,
Որ եթե մայրը ծեծում է նույնիսկ,
Երեխան դարձյալ «մայրի՜կ» է կանչում:
Ես եմ, սիրելի՛ս, հենց այդ երեխան
Ու նրա լեզվով ահա վերստին
Քեզ եմ ձայն տալիս օգնության կանչով.
-Ցավում է, ցավո՜ւմ…

Ես քեզ իմ մասին ոչինչ չեմ պատմել
(Մեզ ժամանակը երես չի տալիս):
Այսքա՛նը գոնե իմացիր այսօր.
Մանուկ ժամանակ
Մանուկին էի ես մեջըս ատում
Ու նախանձելով ես սիրում էի մեծերին միայն:
Իսկ հիմա իմ մեջ մեծին եմ ատում
Ու սիրում իմ մեջ ապրող մանուկին,
Որ կծկվել է, բայց ամբողջացել:
Հիվանդանում է նա հիմա հաճախ,
Բայց վերստին է նա առողջանում,
Երբ ցավն ուզում է սնվել… արցունքով:

Ու երբ որ ցավն է արցունքով սնվում,
Ես էլ մանկան պես ու նրա լեզվով,
Ինչպես քեզ հիմա,
Ձայնում եմ կրկին,
Կանչով օգնության.
-Ցավում է, ցավո՜ւմ…

Իսկ դու ինձ ասա փաղաքո՛ւշ խոսքեր
(Ի՜նչ փույթ, թե նրանք չեն կատարվելու):
Հեքիաթնե՛ր պատմիր՝ իրար խառնելով
(Ես չեմ ջոկելու ճիշտը կեղծիքից):
Ու եթե ոչի՜նչ էլ չի մնացել,
Կրկնիր ա՛յն խոսքը, որ չի հնացել
Եվ որ իսկապես շա՜տ լավ է օգնում:
Չե՞ս հիշում:
Հիմա հիշեցնեմ:
Ասա,
Որ… կմեծանամ ու կմոռանամ:

Կրկնիր այդ խոսքը.
Նա շա՜տ է օգնում՝
Թալիսմանի՛ պես,
Հուռութքի՛ նման…

11.III.1964թ. Դիլիջան

 

Կարդալ ամբողջությամբ

ԱՆՊԱՇՏՈՆ ԳԻՇԵՐԱՊԱՀԸ

January 3, 2013 Բանաստեղծություններ

Եթե լինեի ես գիշերապահ,
Ո՛չ մի գողություն չէր էլ կատարվի:
Հանգիստ կքներ ամեն տուն ու բակ
Հին «նանիկ»-ի տակ նորամայր առվի:

Եվ խանութների ցուցափեղկերում
Բազում-բազմազան իր ու առարկա
Ի՛նձ ցույց կտային և հեռվից-հեռու
Աչքով կանեին մեկ-մեկու. «Եկա՜վ»:

Եվ գործ կածեինք մենք ամբողջ գիշեր
Խաղալիքների լեզուն անհոլով:
Մութը մոռացված բաներ կհուշեր,
Ու կկապեինք մենք հինը նորով:

Հարցեր կտային հազար մի տեսակ
Անհասկանալի մեր մարդկայինից՝
Ադամ-արբանյակ-ատոմ-կայենից,
Եվ նրանց «ինչո՞ւ»-ն, նրանց «մի՞թե սա»-ն
Խեղճիս կդներ ճիշտ այն վիճակում,
Ինչ լույսն է զգում ծակուռ-փչակում:

Բայց հետո քամին կգար օգնության,
Ու խոսք կբացվեր խոտից ու ծառից:
Եվ թավշե արջուկն առանց հոգնության
Կսկսեր պատմել թղթե անտառից:

Ու նապաստակներ ռետինակաշի՝
Օդանավերի թևերին պպզած,
Կխլշտեին ականջները ժիր
Ու կլսեին մանկորեն ապշած:

Հետո… կանացի լաչակներ պես-պես,
Զգեստներ գունեղ, նրբին կոշիկներ
Կսարքեին մի ճոխ պարահանդես,
Որից փակուղու մութն էլ կշիկներ:

Եվ մութն իսկապես մաշվում է-մաշվում,
Լույսը դառնում է խավարին դրկից…
…………………………………
Կիսամերկ մի կին հինգերորդ հարկից
Նկատում է ինձ ու ետ է քաշվում:

Իսկ նա կհիշի՞ անկողնում իր տաք
Այն տարօրինակ միայնակ մարդուն,
Որ ման է գալիս այս պատերի տակ
Եվ այս ուշ ժամին տակավին արթուն՝
Խաղալիքների լեզվով անհոլով
Հարցեր է լուծում համաշխարհային,
Կանանց անմարմին հագուստ ու շորով
Սարքում է շքեղ հանդես պարային՝
Այն ապակեպատ թղթե անտառում,
Որտեղ թավշամաշկ արջուկն է ճառում՝
Հետն էլ լիզելով թաթն իր անմեղըր…
…………………………………
Թե գողություն է կատարվել երեկ՝
Ի՛նձ ինչ. պահակ չեմ, ուրեմն՝ անմեղ եմ…

24.X.1962թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ

Լինում է – չի լինում,- ինչպես հեքիաթներում

January 1, 2013 Բանաստեղծություններ

Լինում է – չի լինում,- ինչպես հեքիաթներում,-
(Ա՜յն է, որ տատըս էր պատմում ամեն գիշեր),-
Լինում է – չի լինում՝ մեր տան մոտ ու հեռու
Մի գեղեցիկ աղջիկ՝ վարսերը սև:

Լինում է – չի լինում… Միակ որդին մեր տան
(Նման հեքիաթների կրտսեր որդուն)
Սիրո՜ւմ, շա՛տ է սիրում այդ թովիչ աղջըկան,
Սիրում է – չի սիրում աղջիկը թուխ…

Հետո, ամեն գիշեր, երբ մութն է թանձրանում,
Տղան թափառում է այգում ամա,
Ուր ծառերի միջից լուսինն է բարձրանում
Եվ թախծո՜ւմ նրա հետ, նրա՜ համար:
Լինում է – չի լինում… Խորհրդավոր լռում,
Վերջանում է սիրո հեքիաթն այստեղ…
-Եղել է – չի եղել,- ինչպես հեքիաթներում,-
Եղե՞լ է, չի՞ եղել,- ես չըգիտե՜մ…

14.V.1946թ. Երևան

 

Կարդալ ամբողջությամբ

TO BE OR NOT TO BE (ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ)

January 1, 2013 Բանաստեղծություններ

Հեռու ժխորից քաղաքի, ծխից հեղձուցիչ,
Հեռու շչակի խելագար բառաչից, կառքերի վազքից անկամ
Այս հեռավոր լեռներում, ուր ամպերն են արճիճ
Եվ հարափոփոխ երկինքը՝ սենտիմենտալ ու լալկան,-
Ես – հոգուս մրրկածուփ հորձանքի հանդեպ խլականջ,
Ես – շնչահեղձ, որպես հորձանքով ափ նետած ծովաձուկ,
Ես – անհունների մեջ նետած միտքս, որպես սովածին գայլականջ՝
Սպասելով անհունների արձագանքին՝ կարոտով անձուկ.
Ես – սրտիս մեջ Դարի Տառապանքը և հանճարի շունչը դարերի.
Ես – տրտմաթախիծ, ինչպես օրը արևից առաջ և խնդությամբ ցամաք,
Այս խավար գիշերին երկունքի նստած՝ հայացքս դեռ անհայտ արևին,
Երկունքից առաջ, բարեկամ, չափավորում եմ խռովքն իմ հոգու և հանգավորում որպես քեզ նամակ:
Արդ տրտում է անձն իմ գերազոր և բեկված է կամքն իմ անկոտրում
Եվ թաց են աչքերն իմ անարտոսր.
Սրտիս մեջ խռովք կա անեզր, հոգուս մեջ՝ տրտունջ, թևերիս՝ փետրում,
Հայացքիս դեմ՝ արյան փոսեր:
…Եվ կանգնած է իմ առաջ մարդկությունը՝ վիզը ծուռ և մերկանդամ,
Ամոթը թուխս դրած աչքերում,
Ձեռքերին կապանքի հետքեր, կապույտ վերքեր այնքա՜ն,
Սիրողի հույսով, կորցրածի դառնությամբ, վեհությամբ աստծո և հեզությամբ գերու…
Ե՛վ բզկտված է նա, բրածեծ և խղճուկ է նրա տեսքը,
Ինչպես ծաղիկ մի ջրում՝ ջրալիքով տարուբեր,
Ե՛վ անալիք է նա՝ մեղապարտ կատաղության փրփուրը սառած շրթներին,
Ե՛վ ծանր է նրա վիշտը, որպես դաժան տիրոջ մշակի բեռ,
Ե՛վ հոգնած, ինչպես մկանը վաստակած կռների…
Ի՞նչ է նա վերջապես, այդ խղճալին, որպես խըխունջ՝ անգետ, որպես խլուրդ՝ կույր –
Դարավոր մի խեղկատակ տիեզերական բեմերի,
Ուր հուշարար է Ժամանակը, Տարածությունը՝ վարագույր,
Բնությունը՝ կենդանի դեկոր և բազմերանգ ճառագայթները՝ գրիմ…
…Եվ ահա կանգնած է նա իմ առաջ՝ անօգնական ու թշվառ
Եվ վերքերից իր, որպես ավերված աչքերից, հանդա՜րտ
Ծորում է արյունը դեռ տաք, որպես ահեղ բողոք, որպես ծանր գանգատ…
Իսկ իմ մեջ խռովքն է փայլատակում,
Եվ վրեժը կարկառում է թաթերն իր դեպի հոգուս երկինքները յոթերորդ,
Իսկ իմ մեջ, որպես Աստծո մեջ, ծագում են երկու հակում –
Ինձ դեպի հակառակ բևեռներ մղելով:
-Արդյոք չըթքե՞լ այս թշվառ Մարդկության վերքերի վրա, որպես թույն մահացու
Եվ անհնարին ուժով չապտակե՞լ…
Նրան, որ դարերով իր բյուր որդիների
Ժանիքներն է իրար ակռայել,
Բայց ոչ երբեք նրանց բազուկները հուժկու…
Եվ ինչպե՞ս կարող էր նա այդ կռահել,
Նա, որ միայն ծեծվել է, բզկտվել, գերվել
Որպես Հիսուս մի բազմաչարչար,
Որ սիրտն իր, ուղեղն իր տերերին է տվել,
Նրանց, որոնք որպես վայրի արջառ
Փորփրել են հողը եղջյուրներով,
Սմբակներով ցրել երկինքն ի վեր
Եվ հետքերով իրենց գոռ ընթացման
Առատ շաղ են տվել դիե՜ր, դիե՜ր, դիե՜ր…
Երկրի երեսն ի վեր հորդեցրել
Վերջալույսի գույնի, կակաչների գույնի կարմիր ջրե՜ր, ջրե՜ր…

…Եվ չթողնե՞լ արդյոք անմխիթար
Նրան այնպես մենակ ու կարեվեր
Ես սիրտս առած որպես հավերժորեն գտած
Մի անկորուստ բաշխիչ, մի արևե,
Մի լուսավոր ցնորք, հավետ օտար
Հերյուրանքին…
Թռչել բա՜րձր, հեռո՜ւ…
____Որպես անմիտ կատակ
Էլ չըհիշել բախտը այս աշխարհի,
Էլ չըհիշել կանաչ, ճանաչ կանանց
Թովչությունները սին, երբ որ պիտի
Այդ ամենը արյան ումպով կուլ տալ,
Ոնց դառնահամ դեղը ջրով և կամ թեյով,
Երբ նախճիրով պիտի, մահով, պատերազմով, զենքերով հոխորտալ
Եվ գրկել կնոջը կտրված մի թևով,
Այն էլ եթե, եթե, բախտը եթե ժպտա…
Օ՜ ծանր է, անթափանց մղձավանջը այս սև
Ինչպես կուպր, ինչպես ծանրասև վարագույր…
Եվ ի՞նչ, և ի՞նչ, և ի՞նչ, ի՞նչ խոսքերով ասել
Նրա մասին, որ, արդ, իր կրակում
Հրկիզում է բոլո՜ր, բոլո՜ր նրանց,
Որ ապրում են այս խեղճ հողագնդի վրա…

Լավ չէ՞ արդյոք լռե՛լ, լռե՛լ հավետ
Եվ չըլինել այդպես մոտիկ ու մերձ
Ինչպես ծաղիկ մի վառ ու հոտավետ՝
Քթին դեռ երազուն մի աղջկա,-
Եվ չըլինել այդպես մոտիկ ու մերձ
Այս աշխարհի բախտին, այս մարդկության
Բյուր ցավերին անբուժ, գալիքին դառնապերճ
Այդպես ահա ըսկիզբն ունենալ վերջ,
Լռե՛լ, լռե՛լ անճար… անհուսության ցավի,
Անհայտության զազիր, սուր ճիրանների մեջ…

Բայց ի՞նչ… Լինել որդի՞ դըրժյալ և դավաճան
Ե՛վ անարժան որդի, և՛ անառակ,
Լինե՞լ աստծո դեմ ըմբոստացյալ տաճար,
Բուն խոսքի դեմ ցըցված անմիտ առած.
Անցած ուղիներին դավաճանող…
Համաձայնվե՞լ կամա, որ ի վերուստ
Տրված շնորհն այս, գուցե վիթխարի
Այս կրակը ներքին՝ ինձ տապակող –
Դարձնելով ինձ մոխիր, անդարձ մարի՞…
Եվ այդ ամենն այնպե՜ս… մի կատակո՞վ…
Բայց չէ՞ որ ես անբախտ նույն մարդկության,
Նույն կարեվեր սրտի այսքա՜ն ահեղ
Ծնունդն եմ ի վերջո և գուցե թանկ,
Ինչպես նույն մարդկության վաղընջական դարի
Իմ պապերի համար – մի նետ-աղեղ…

Եվ այսօր դառնաղի այս օրերում,
Այս օրերում անլույս և խիստ մըթար
Թռչե՞լ դեպի եթեր, թռչե՞լ հեռու,
Թողնե՞լ նրան այսպես անմըխիթար…
Չըփայփայե՞լ նրան հույսերով պերճ,
Վերքերը չամոքե՞լ վառ երգերով,
Դեռ ըսկիզբ չունեցած ունենալ վե՞րջ…
Եվ այդ այն ժամ, երբ որ բյուր վերքերով
Աշխարհն է կուչ եկել որպես ոզնի
Եվ հարկավոր է տալ նրան թևեր…
Երբ պարտեզն աշխարհի չոր է, ավեր
Եվ պետք է նրա մեջ առուն խոսի՝
Բողբոջները նրա որ չըգոսնեն
Եվ կանաչի ծառը հեգ մարդկության…
Իսկ դաշտերում անհերկ, մերկ ու ավեր
Դեռ որպես ժանգապատ, հուժկու գութան
Հերկե՜լ պիտի հողեր և ժանգը տալ
Հողի գոց արգանդին անվերադա՜րձ, հավե՜տ
Եվ մարդկության կրկին ծննդի հետ
Ահեղորեն կանգնել՝ մտքով հասուն,
Խորհով խրթին, լեզվով արևաներկ,
Շիտակիրան, որպես սեգ վերստասյուն…

…Օ՜, չեմ կարող երբեք, իմ բարեկամ,
Հեռու մնալ ցավից իմ այս դարի,
Մարդկության սին բախտից, եթե անգամ
Իմ լույսն իր խավարում անդարձ մարի…
Թեկուզ մնան հավե՜տ, հավե՜տ օտար
Իմ թափառող հոգուն և իմ սրտին,
Իմ թռիչքին մոլի, հրակատար
Իմ իղձերին, խոհին՝ խոր ու խրթին…
Եթե անգամ մարդկանց ժպիտը – թույն,
Քմծիծաղը՝ աղբյուր անհուն ցավի,
Արհամարհանքը սին և մշտարթուն
Առօրեկան, ճղճիմ, սրտացավի
Տեղիք տվող հազար արարքները նրանց,
Ջանքերը՝ կտրելու թևերս արծվի,
Հերյուրանքը ստոր, եթե հոգուս վրա,
Որպես մահվան ստվեր մեղմորե՜ն տարածվի,-
Նորից ես չեմ կարող լինել դաժան,
Լինել դրժյալ որդի և հեռանալ
Դեպի կապույտ հեռուն, որտեղ հազար
Հորիզոններ գուցե իմ դեմ բանան…
…………………………………

Ռուբիկոնը անցած ոչ շատ թեթև
«Լինել չըլինելու» խնդիրն ահա
Այսպես լուծած և լուռ թողած հետև
Անկումներն իմ, որպես կանգուն պահակ
Իմ փոթորկոտ կյանքի անցյալ օրվա,
Այսօր ահա, որպես վաղվա
Գալիք փորձանքների անմահ գուշակ
Ես նետվում եմ առաջ որպես բուժակ
Տիեզերքի անհուն, խոր վերքերի…
…………………………………

10.VIII.1942թ. Չանախչի-Նավչալու

Կարդալ ամբողջությամբ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ

January 1, 2013 Բանաստեղծություններ

Սիրելի իմ, հարազատ իմ, ընկեր իմ,
Որ հանգչում ես այժմ անհայտ մի խորշում,
Ջահել սրտով, անկնճիռ ու անխորշոմ,
Դու իղձերիս, ապրումներիս մտերիմ:

Ես – եղբայրդ՝ տվայտանքով քո հոգու,
Ես – ընկերդ՝ սրտիդ զարկով բաբախող,
Հարազատըդ փարված կրծքիդ սրախող,
Մի վառ հույսով խոր վերքերդ եմ ամոքում:

Գուցե վաղը ես էլ թաղվեմ մի խորշում
Կույր ու դաժան մի գնդակով՝ բութ արճիճ,
Թաղեմ ճակատն իմ անկնճիռ, անխորշոմ:

Ու թող մեռնենք, եղբայր, սիրով ու անճիչ,
Վառ հավատով, որ սերունդները անցավ,-
Կկերտեն մեզ փառքի անմահ հուշարձան…

[1942թ.]

Կարդալ ամբողջությամբ

ԶՂՋՈՒՄ

January 1, 2013 Բանաստեղծություններ

Ճաշակած մայրական գգվանքի հետ կարոտիդ լեղին,
Մարմնական հանգստի հետ՝ հոգու խռովք,
Թույլ տուր այսօր, քույր իմ, դարձնել քեզ արնոտ կառափնատեղի,
Եվ ինձ մորթել այնտեղ մեղանչման ու զղջման անագորույն սրով…

Քանզի դու էիր միայն՝ հասկացար ապրումներս խելագար,
Անկումներս՝ թռիչքից առաջ, դժգոհ հայացքս՝ թռիչքից հետո.
Տեսար միտքս – գայլի պես անկուշտ, գայլի պես ագահ,
Լսեցիր տիրական ճախրանքը ոգուս, որ զարկվում է լոկ հանճարի նետով:

Քանզի դու էիր՝ անսարսուռ իջար հոգուս վիհերն ի վար,
Հոգուս անհունները – մռայլ, ահալի, անհատակ,
Ուր լպրծուն են ծերպերը, քարանձավներն – ամայի, քարափները – խավար,
Ուր պատահմամբ ընկածին կյանքս թվում էր անմիտ և երգս՝ անախորժ կատակ:

…Սակայն դու անհատակ վիհերից այդ ելնելով անելարան,
Երջանիկ և գոհ ժպիտով մի, որ հատուկ է գանձեր պեղող մարդուն,
Հասկացար, որ հրաշք էր կյանքս – անհունորեն հարուստ և գերառատ…
Տեսար այնտեղ արարիչներ – երկնող, արքաներ – անթագակիր և դևեր – մշտարթուն:

Ըմբոշխնեցիր ցավով՝ անդառնալի հաճույքի հետ միասին,
Քաղցր ու դառն շիճուկներն իմ՝ սրբագործված արյունիս մեջ,
Սերս հավերժորեն խոստումնալից և վայրկենապես խաբուսիկ,
Հոգիս, որպես հավերժ մատյան և մարմինս՝ նրան գրքակալ…

Չխնդացիր, երբ հիվանդ էի հոգով՝ առանց պատճառի և անցավ,
Չլքեցիր, երբ լքեցի քեզ – անգետ քո հոգուն, քո լույսին կույր,
Եվ խոստումի ու սիրո, և դրժման ու լքման մեջ ինձ հասկացար,
Կեղտով ապական հոգիս դիտելով՝ անբիծ ու մաքուր…

Եվ հիմա ես, անցած անվերադարձ ճանապարհի կեսից
Ետ նայելով, քույր իմ, ի՞նչ խոսքերով արդյոք արդարացում հայցեմ,
Ինչպե՞ս հասցընեմ քեզ զղջման երգն այս իմ,
Երբ սերըս – սուրհանդակ՝ անհանգրվան անցել
Եվ իր հետ տարել է սրտիդ մերձենալու անկրկնելի հասցեն…

1942թ.

 

Կարդալ ամբողջությամբ